Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ։
«Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»,- գրել է Փաշինյանը:
Աճեմօղլուն առաջ է տանում և ապացուցում այն տեսությունը, որ պետությունների զարգացման համար կարևոր են ոչ թե աշխարհագրությունն ու բնական հարստությունները, այլ քաղաքական ինստիտուտները։ Իր տեսությունը նա ապացուցում է տարբեր երկրների պատմական բազմաթիվ օրինակներով։
2017-ի ապրիլին ՍիվիլՆեթի Սալբի Ղազարյանի հետ հարցազրույցում Տարոն Աճեմօղլուն, պնդելով, որ զարգացման միակ ճանապարհը ներքևից վերև է, ասել էր․
«Ես գիտեմ, որ Հայաստանը շատ բարդ աշխարհագրական միջավայրում է։ Հարևանները, որ մենք ունենք՝ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, նրանցից և ոչ մեկը չի նպաստում Հայաստանի տնտեսական և քաղաքական վերելքին։ Սակայն ես նաև կարծում եմ, որ աշխարհագրությունը որևէ կերպ բախտորոշ չէ։ Իհարկե, հանգամանքը, որ Հայաստանը բարդ աշխարհագրություն ունի՝ տրանսպորտային ուղիներին կապվելու լեռնային տեղանք և բարդ մատչում ծովին, անբարենպաստ է, սակայն այս խոչընդոտներն անհաղթահարելի չեն»,- ասել էր Աճեմօղլուն և բերել երկու երկրների օրինակ՝ Շվեյցարիայի և Իսրայելի։ Նրա խոսքով՝ Շվեյցարիան Հայաստանի եվրոպական տարբերակն է, և շատ հաջողված է»։
2016-ի մարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, ելույթ ունեցել Հայաստանի զարգացման թեմայով, մեջբերել Աճեմօղլուին, սակայն ինքը՝ Աճեմօղլուն, չէր եկել այդ հանդիպմանը։
Մեկ այլ առիթով Աճեմօղլուն ասել էր, որ Սփյուռքը պեռք է հասկանա իր դերը, երբ Հայաստանի ռեժիմին լեգիտիմություն է հաղորդում։
Ծագումով պոլսեցի, հայազգի Տարոն Աճեմօղլուն աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկն է, Մանաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր։ Foreign Policy հանդեսը նրան դասել է աշխարհի ամենաազդեցիկ մտածողների շարքում։ Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) գիրքը աշխարհում ամենաշատ վաճառված տնտեսագիտական աշխատություններից մեկն է։