Հրանուշ Խառատյանի հրապարակումը.
Ես զարմանում եմ զարմացողների զարմանալու վրա
Ինձ տարօրինակ է թվում այն շոկը, որ մարդիկ ապրում են Համահայկական հիմնադրամի միջոցների յուրացումների հետ կապված: Իսկապե՞ս անակնկալ կա, ա՞յլ սպասելիքներ կային: Հապա էլ ինչու՞ եք օգտագործում «համակարգ» բառը,-համակարգը դա ամբողջի միասնություն է, տվյալ դեպքում՝ իշխանության ամբողջի, բոլորի, ով/ովքեր ֆինանսական հոսքերի ուղղակի տնօրինման իրավունք կամ հնարավորություն են ունեցել:
Այստեղ նույնիսկ պատասխանատվությունը չի անձային, խմբային-համակարգային է՝ ինչ որ մեկը ստուգել է և դրական եզրկացություն է տվել, ուրեմն մասնակից է, բանկը ինքը մասնակից է, հաստատ տեղյակ է եղել, ի վերջո ով է համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ ի պաշտոնե երկրի նախագահն է:
Ո՞վ է բրգաձև համակարգի գագաթը՝ այո, իրավացի եք, երկրի նախագահն է: Համակարգը հենց այս է՝ բոլորը մի են, բոլորը երկրի համակարգի նախագահն են, կամ երկրի նախագահը համակարգի բոլորն է:
Տեսական համակարգ չի լինում, համակարգը միանգամայն կենդանի ֆիզիկական, միս ու արյունով մարդիկ են, դրանք ա՛յն մարդիկ են, ովքեր թղթեր են ստորագրում, կառավարության որոշումներ են ընդունում, ճառեր են ասում, տոներ են շնորհավորում, տնտեսական աճի թվեր են ասում, ավանդատուների թվեր են ասում, ասֆալտապատման կիլոմետրեր են ասում, բյուջեի շինարարական տենդերներ են հայտարարում և հենց իրենք էլ շահում, մարդկանց ունեցվածքն են խլում ՛՛պետական կարիքների համար՛՛, ոռգման ջրավազանի ջրերն են յուրացնում, Արարատյան դաշտի ջրերով ձկնարդյունաբերական ավազաններ են սարքում ու դաշտն անապատացնում, անտառներեն են կտրտում, հարսնաքարերում ծեծելով մարդ են սպանում, հանքերը բաժանում են միմյանց մեջ, խոսում են թաշակառուներին ծանր վիճակից հանելու մասին և երեկոները պոկեր են խաղում կամ հարսանիքներին միասին պարում. Համակարգը վստահ է, որ արևը իրենց համար է դուրս գալիս, և արևի անվերահսկելի, իրենց վրա չընկնող ամեն մի շող իրենցից թալան են համարում:
Անկեղծորեն: Ազնվորեն: Համահայկական ամեն ինչ, այդ թվում համահայկական հայրենիքը համակարգի պահեստն է: Եվ այնպես չէ, որ մենք դա չգիտեինք, հիմա իմացանք և զարմանում ենք: