Երբ մենք ծնվում ենք, մենք ազատ ենք: Մեզ ոչ ոք ու ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար: Երեխան ինքն իր հետ շատ լավ է զգում իրեն: Բայց հետո մենք սկսում ենք մեծանալ: Մանկությունը մարդու կյանքի ամենանշանակալից շրջանն է: Մեզ հետ այդ շրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններն իրենց դրոշմն են դնում մեր հետագա ողջ կյանքի վրա:
Երեխան փոքր է, և նրան պարզապես պաշտպանություն ու նեցուկ է պետք, և այդ պատճառով էլ նա ամբողջությամբ վստահում է իր ծնողներին: Չէ՞ որ նա այնքա՛ն փոքր է, իսկ նրանք՝ մեծ: Եվ եթե ծնողները վիճում են կամ գոռում, երեխան պարզապես չի կարող մտածել, որ ծնողները սխալ են, կամ նրանք բարկանում են, քանի որ ի վիճակի չեն գլուխ հանել այն անհաջողություններից, որոնք կյանքը լցնում է իրենց վրա: Նկատել, որ ծնողները կատարյալ չեն, նշանակում է՝ հայտնվել մեծ վտանգի մեջ: Եվ այդ պատճառով երեխան եզրակացնում է, որ այն ամենում, ինչ տեղի է ունենում իր ծնողների հետ, ինքն է մեղավոր: Եթե նրանք գոռում են կամ վիճում, ուրեմն ինքը վատն է և արժանի չէ սիրո:
Մեծերը կատարյալ չեն, և հաճախ նրանք մոլորության մեջ ընկնելով՝ սխալ բաներ են ասում, բայց ծնողների կողմից ասված բոլոր բաները, գիտակցաբար թե ոչ, մեկընդմիշտ մնում են հոգու խորքերում: Եվ արդյունքում՝ որոշ ժամանակ անց երեխան դադարում է վստահել ինքն իրեն, իսկ ներքին ազատությունն ու երջանկությունը փոշիանում են, ու մեր ողջ կյանքը վերածվում է մի մեծ ցանկության՝ ապացուցել, որ դու լավն ես ու քեզնից ինչ-որ բան ներկայացնում ես:
Մենք սկսում ենք կախվածություն ունենալ գովեստից ու ուրիշ մարդկանց հավանություններից, փողից ու բարեկեցությունից: Մեր սեփական անձի հանդեպ ներքին սիրո կորուստը հանգեցնում է նրան, որ մենք սկսում ենք մեր սերը փնտրել այլ մարդու մարմնում և գտնելով այն՝ մենք վախենում ենք այն կորցնել, քանի որ մեզ թվում է, որ, եթե այդ մարդը հեռանա, մեր կյանքից հավիտյան կհեռանան սերը, քնքշանքը, խնամքը և շատ այլ բաներ: Եվ մենք պահում ենք այդ հարաբերությունները՝ չնայած այն բանին, որ արդեն վաղուց չենք ստանում ոչ նրանց սերը, ոչ քնքշանքն ու հոգատարությունը, ոչ էլ մնացած բաները:
Կապվածությունները միշտ էլ վախ են առաջացնում: Վախը մարդուն ծանրացնում է, դարձնում անհետաքրքիր, արագ փոփոխություններ կատարելու ոչ ունակ, զրկում ճկունությունից: Վախն ու կապվածությունը քայքայում են մարդուն, զրկում նրան ֆիզիկական և հոգեկան ուժերից: Հաճախ, ինչ-որ բանից երջանկություն զգալով, մենք ուզում ենք կրկին ու կրկին ունենալ այդ ապրումները, և դա դառնում է վերջի սկիզբը:
Հենց որ մենք կապվում ենք մարդուն, հենց ինչ-որ մեկի հետ հարաբերությունները մեզ համար դառնում են երջանկության չափանիշ, մենք կորցնում ենք մեր թեթևությունն ու ազատությունը, և դրա հետ մեկտեղ՝ մենք սկսում ենք հավակնել այլ մարդու ազատությանը, մեզ պետք են երաշխիքներ, որ նա միշտ մեր կողքին կլինի և երբեք չի հեռանա: Այլապես, դրա հետ միասին, կհեռանա նաև երջանկությունը. Մենք հավատում ենք դրան, մենք անկեղծորեն այդպես ենք մտածում և զգում: Մենք պատրաստ ենք մեզնով լցնել մեր շրջապատի ողջ դատարկությունը, անել ամեն ինչ, միայն թե նա միշտ մեր կողքին լինի: Բայց ոչ ոք չի ուզում տալ իր ազատությունը, ոչ ոք չի ուզում բանտում հայտնվել, անգամ այն բանտում, որն ամբողջությամբ կառուցված է հարատև հոգատարությունից: Սերն ու կապվածությունը երկու հակադիր հասկացություններ են:
Սիրել՝ նշանակում է՝ պարզապես մարդուն երջանկություն մաղթել, անել ամեն ինչ, որպեսզի նա երջանիկ լինի: Կապվածությունն այն ցանկությունն է, երբ ուզում ես, որ մարդը երջանիկ լինի հենց քեզ հետ: Արդյունքում՝ սեփական անձի անլիարժեքության զգացումը և երջանիկ լինելու անզուսպ ցանկությունը մեզ վերածում են ամենավերջին եսասերների: Դա կախվածության նշանն է: Ինքնաբավ մարդը թույլ է տալիս մեկ այլ մարդու՝ իր կողքին լինել այնպիսին, ինչպիսին որ ինքը կա:
Ինչպե՞ս թողնել մարդուն, ինչպե՞ս ազատ լինել: Պարզապես պետք է նրան ընդունել ոչ թե՝ բառերի մակարդակում, այլ՝ զգացմունքների: Սակայն դա ձանձրույթի ու տխրության առիթ չպետք է լինի, այլ սեփական կյանքին առավելագույնս սթափ նայելու հնարավորություն:
Ինչքան ու ինչ էլ որ դու սիրես, որքան էլ քո սիրտը կապված լինի ինչ-որ բանի կամ մեկին, այդ ամենը, միևնույն է, մնում է մահվան շեմին: Հետդ ոչինչ տանել չես կարող, ոչինչ հավերժ չի ձգվում: Այդ իսկ պատճառով էլ՝ այն ամենը, ինչ դու ունես, հնարավորություն է՝ ԿՅԱՆՔ անունով զարմանալի ճանապարհորդության համար ուրախանալու, պարզապես ուրախանալու այն ամենի համար, ինչ քեզ շրջապատում է, այն բոլոր մարդկանց համար, ովքեր համաձայնեցին քեզ հետ կիսել քո ճամփորդության օրերը, և շնորհակալ լինել աշխարհին նրա համար, որ նա քեզ նվիրել է այդ երջանկությունը: Պետք է յուրաքանչյուր վայրկյանն ապրել այն գիտակցությամբ, որ հնարավոր է՝ դա քո կյանքի վերջին վայրկյանն է, դու այլևս երբեք չես տեսնելու նրանց, ովքեր այժմ քո կողքին են, որ բոլոր այն որոշումները, որ դու հիմա ես ընդունում, միգուցե կյանքիդ վերջին որոշումներն են: Սա մտածելու առիթ է, թե ինչ ես դու իսկապես ուզում, ինչպիսին են քո իրական ցանկությունները:
Աշխարհում ոչինչ ձեզ համար երջանկություն չի երաշխավորում: Երջանկությունը գործընթաց է, ներքին վիճակ, և, եթե այն ներսում չկա, անիմաստ է այն փնտրել այլ մարդու մարմնում, և հատկապես՝ անշունչ առարկաների մեջ: Դա սոսկ փորձ է քո ներսում եղած դատարկությունը լցնելու: Այդ պատճառով էլ՝ ապրեք այն գիտակցությամբ, որ հնարավոր է՝ ապրում եք ձեր կյանքի վերջին օրը, վայելեք այն, ինչ արդեն ունեք, ընտրեք միայն այն զգացմունքները, որոնք ուզում եք զգալ իրականում, և ամենակարևորը՝ մի կառչեք ոչ մի բանից:
Ձեր շուրջը նայեք լայն բացված աչքերով: Այս աշխարհում ոչինչ ձեզ չի պատկանում, ներառյալ՝ ձեր կյանքը: Կյանքն ինքնին շռայլ նվեր է, որի համար շնորհակալ պետք է լինեք ու գիտակցեք, որ երբևէ ստիպված եք լինելու այն վերադարձնել:
Մենք կապվածություն ենք զգում ամենապարզ բաների նկատմամբ՝ սիրելի բաժակի, վայրի, բնակարանի տվյալ հատվածի նկատմամբ, մեզ դուր է գալիս հեռուստացույց նայել խիստ որոշակի ձևով, ունենք մեր սիրած տեղը խոհանոցում, սիրելի բաճկոնը կամ գուլպաները: Մենք մեզ շրջապատում ենք սիրելի, սովոր առարկաներով, և դա կայունության զգացողություն է տալիս, որ ամեն բան լավ է, պաշտպանված լինելու համոզմունք: Կայունությունն այն է, ինչին ձգտում է մարդն իր ողջ կյանքի ընթացքում, և դա ամենամեծ պատրանքն է. կայունություն գոյություն չունի: Քանի դեռ մարդը մահկանացու է, կայունություն պարզապես չի կարող լինել: Մենք տարիներով կարող ենք կատարել չսիրած աշխատանքը, ապրել մարդու հետ, ում նկատմամբ վաղուց արդեն ոչ մի զգացմունք չունենք, անել մի բան, որ վաղուց չենք ուզում անել, և մենք, միևնույն է, վախենում ենք փոփոխություններից: Մենք վախենում ենք մեր կյանքում ինչ-որ բան կտրուկ ու ամբողջովին փոխելուց, քանի որ մեզ վախեցնում են անհայտությունն ու անորոշությունը, մենք վախենում ենք կորցնել իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը:
Արդյունքում՝ վառ երազանքներն ու ցանկությունները մենք փոխում ենք գորշ, բայց սովորական, կանխատեսելի առօրյայով, որովհետև այդպես հուսալի է ու հանգիստ: Անմտություն է վախենալը, քանի որ ամենասարսափելին, որ մեզ հետ կարող է պատահել, մահն է, իսկ քանի որ այն անխուսափելի է, պետք չէ վախենալ ոչ մի բանից: Ավելի սարսափելի է՝ բաց թողնել այս կյանքն ուզածիդ պես, մանկության տարիներին երազածիդ պես ապրելու հնարավորությունը: Եթե վերցնես քո մանկական լուսանկարն ու նայես նրա միջի երեխայի աչքերին, հարցնես, թե ինչպե՞ս կուզեր ապրել իր կյանքը, ո՞րն է իր համար իսկական կյանքը, չի բացառվում, որ ձեր հոգին տխրությամբ լցվի, խաբված ու դավաճանված լինելու զգացումով, քանի որ այդ երեխայի աչքերում այնքա՛ն շատ հույսեր կային, իսկ քո այժմյան աչքերում՝ միայն՝ «պետք է» արտահայտությունը:
Եթե դու ինչ-որ բանի կարիք ունես, տուր այն: Կյանքը խաղ է, բայց մոլորություն է մտածել, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է: Կյանքում հնարավոր է միայն այն, ինչ դու քեզ կարող ես թույլ տալ, ինչի վրա կարող ես հույս դնել, իսկ եթե հանկարծ սկսում է թվալ, թե քեզ ինչ-որ բան խիստ չի հերիքում, ասենք՝ սեր, հոգատարություն, նեցուկ կամ էլի ինչ-որ բան, ապա սկսիր պարզապես ԴԱ անել այլ մարդկանց համար: Եթե դու ինչ-որ բանի կարիք ունես, տուր դա: Սկսեք անշահախնդրորեն կիսվել այն ամենով, ինչ ձեր ներսում կա, և դուք կսկսեք նկատել, թե ինչպես ձեր ներսում այդ զգացմունքն ավելի ու ավելի է շատանում, և ձեր ողջ էությունը լցվում է ազատությամբ ու ուրախությամբ: Երջանկությունն արդեն իսկ կա յուրաքանչյուրի ներսում, մենք ի սկզբանե կատարյալ ենք, պետք է միայն սովորել վստահել ինքդ քեզ ու քո զգացմունքներին: Եվ եթե ձեզ համար հաճելի մեկն ուզում է լինել ձեր կողքին, քանի որ երջանիկ ու ազատ մարդու կողքին լինելը լավ է, ապա դուք կարող եք համաձայնել դրա հետ: Եվ դուք այլևս երբեք չեք համաձայնի լինել ավելի նվաստ, քանի որ դուք ավելիին եք արժանի:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը