Շատ հաճախ, երբ մեզ վիրավորում են, մենք սկսում ենք պատասխան չարությամբ պատասխանել կամ նույն վիրավորական բառերով՝ մտածելով, թե այդպիսով պաշտպանվում ենք ուրիշներից: Բայց փորձը ցույց է տալիս, որ որքան շատ ես ուշադրություն դարձնում նեգատիվին, այնքան շատ է այն քո կյանքում լինում: Այս իմաստուն առակը կպատմի այն մասին, թե ինչպես ճիշտ արձագանքել ձեզ հասցած վիրավորանքներին:
Մի անգամ Բուդդան իր աշակերտների հետ անցնում էր մի գյուղի մոտով, ուր ապրում էին բուդդայականների հակառակորդները: Գյուղի բնակիչները դուրս թռան տներից, շրջապատեցին Բուդդային ու նրա աշակերտներին ու սկսեցին վիրավորել նրանց: Աշակերտները նույնպես բորբոքվեցին և պատրաստվում էին արժանի հակահարված տալ, սակայն Բուդդայի ներկայությունը խաղաղեցրեց նրանց: Այդ պահին Բուդդան խոսեց, ու նրա բառերը խառնեցին թե՛ գյուղի բնակիչների, թե՛ Բուդդայի աշակերտների մտքերը: Նա շրջվեց դեպի իր աշակերտներն ու ասաց.
- Դուք հիասթափեցրիք ինձ: Այդ մարդիկ իրենց գործն են անում: Նրանք զայրացած են: Նրանց թվում է, թե ես իրենց թշնամին եմ, իրենց կրոնի, իրենց բարոյական արժեքների թշնամին: Այդ մարդիկ վիրավորում են ինձ, և դա բնական է: Իսկ ինչո՞ւ եք դուք բարկանում: Ինչո՞ւ դուք այդ մարդկանց թույլ տվեցիք մանիպուլյացիայի ենթարկել ձեզ: Դուք այժմ նրանցից եք կախված: Բայց մի՞թե դուք ազատ չեք:
Ակնհայտորեն գյուղի բնակիչներն այդպիսի արձագանքի չէին սպասում: Նրանք մտահոգ տեսք ունեին ու սսկվեցին: Ու այդ լռության մեջ Բուդդան շրջվեց դեպի նրանց կողմը.
- Դուք ամեն բա՞ն ասացիք: Եթե դեռ ամեն ինչ չեք ասել, ապա դուք դեռ հնարավորություն կունենաք ասել ինձ այն ամենը, ինչ մտածում եք իմ մասին, երբ մենք վերադառնանք:
Գյուղացիները չէին հասկանում՝ ինչ է կատարվում, ու ասացին.
- Բայց չէ՞ որ մենք վիրավորել ենք քեզ, դու ինչո՞ւ չես բարկանում մեզ վրա:
Բուդդան պատասխանեց.
- Դուք ազատ մարդիկ եք, ու այն, ինչ դուք եք արել, ձեր իրավունքն է: Ես դրան չեմ արձագանքում: Ես էլ եմ ազատ մարդ, և ոչինչ չի կարող ինձ ստիպել արձագանքել, և ոչ ոք չի կարող ինձ վրա ազդել ու մանիպուլյացիայի ենթարկել ինձ: Ես իմ դրսևորումների տերն եմ: Իմ արարքներն իմ ներքին հոգեվիճակի արտացոլանքն ու դրսևորումներն են: Իսկ հիմա ես կուզեի մի հարց տալ, որը ձեզ է վերաբերում: Ձեր կողքի գյուղի բնակիչները ողջունեցին ինձ, նրանք ծաղիկներ, մրգեր ու քաղցրեղեն էին բերել: Ես նրանց ասացի. ‹‹Շնորհակալ եմ, սակայն մենք արդեն նախաճաշել ենք: Վերցրեք ձեզ այս մրգերը, որոնց մեջ արդեն նաև իմ օրհնանքը կա: Մենք չենք կարող դրանք մեզ հետ տանել, քանի որ մենք մեզ հետ սնունդ չենք տեղափոխում››: Հիմա ես ձեզ եմ հարցնում՝ ի՞նչ պիտի անեին նրանք բոլոր այն բաների հետ, որը ես չընդունեցի ու վերադարձրեցի նրանց:
Ամբոխից մեկը պատասխանեց.
- Հավանաբար դրանք նրանք իրենց հետ տուն են տարել, իսկ արդեն տանն այդ մրգերն ու քաղցրեղենը բաժանել են իրենց ընտանիքներին, երեխաներին:
Բուդդան ժպտաց.
- Դե հիմա ասեք ինձ՝ ի՞նչ եք դուք անելու ձեր վիրավորական բառերի ու անեծքների հետ, որոնք ինձ եք ուղղել: Ես դրանք չեմ ընդունում: Եթե ես հրաժարվում եմ այդ մրգերից ու քաղցրեղենից, նրանք դրանք պետք է հետ վերցնեն: Իսկ դուք ի՞նչ կարող եք անել: Ես մերժում եմ ձեր վիրավորանքները, այնպես որ, դուք էլ ձեր այդ անտանելի բեռը ձեզ հետ տուն տարեք ու արեք նրա հետ՝ ինչ ուզում եք:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը