Հարկ չկա պատմելու իմ կյանքը: Թեկուզ այն պարզ պատճառով, որ ոչինչ չեմ հիշում: Իմ մանկական արկածներից, տխրություններից և ուրախություններից ոչինչ չի մնացել: Բոլորը ցնդել են: Եվ ամեն անգամ, երբ հարկ է լինում պատմել իմ կյանքը, ես օգնության եմ կանչում մորս: Նա ամեն ինչ հիշում է, իսկ ես՝ ոչինչ: Եվ հետո, ինձ թվում է՝ հետաքրքիր չէ պատմելը, որ ես հայ եմ, որ հինգ տարեկանում վարակվել եմ կարմրուկով, որ իմ նախապապը երազել է հրշեջ դարձնել Ազնավուրյան տոհմի բոլոր արուներին:
Աֆիշի վրա անգլերեն գրված է. «Եթե կարծում եք, թե նրա երգերը շատ անհասկանալի են, դանդաղ լսեք:
Եթե կարծում եք, թե հասկանում եք նրան, նորից լսեք»: Ո՛չ, ինձ թվում է, շատ ավելի կարևոր է մարդկանց պատմել քո ներկա կյանքը, ինչպիսին որ դու կաս, ինչպես նրանք տեսնում են քեզ: Ինչ-որ արդեն անցել է, ոչ-ոքի չի հետաքրքրում և ոչինչ չի բացահայտում: Երբ ես երեխա էի, մի հրաշալի ընկեր ունեի: Նա օրինակելի ու խիստ կրթված տղա էր: Այսօր այդ նույն տղան 15 տարվա բանտարկության է դատապարտված: Ի՞նչը կարող է ավելի լավ բացատրել մեր մանկությունը: Ոմանք գտնում են, որ ես հուսահատված մարդ եմ: Դա սխալ է: Ես չափազանց շատ եմ սիրում կյանքն ու մարդկանց, որպեսզի ինչ-որ բանից հուսահատվեմ: Ես անհանգիստ եմ իմ էությամբ՝ սա արդեն ուրիշ բան է: Իմ անհանգստությունը հետևանք է այն բանի, որ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս հասա այնտեղ, որտեղ գտնվում եմ այժմ:
Երկար տարիներ տքնելուց հետո (համարյա իմ ամբողջ երիտասարդությունը), ես եկա այն եզրակացության, որ կյանքում ոչնչի չեմ կարող հասնել: Ու հանկարծ մի օր, նույն հասարակության առջև, նույն երգերով, նույն կոստյումով, նույն գլխով, նույն ձայնով ես փայլուն հաջողության հասա, այն էլ այնտեղ, որտեղ մի օր առաջ ինձ սուլել էին: Այսքանից հետո, ինչպե՞ս կարելի է անհանգիստ չլինել:
Ինչպե՞ս կարելի է հավատալ ինքն իրեն ու չվախենալ ապագայից: Ես ինձ չափազանց շատ եմ վարժեցրել բարեկեցիկ կյանքի ու վախենում եմ, որ չկարողանամ ապրել այնպես, ինչպես ապրում էի նախկինում, այսինքն՝ գիշերը: Սակայն, պետք է ասեմ, որ փող չեմ սիրում և երբեք չեմ սիրել… Ինձ թվում է, որ մարդիկ երկու խմբի են բաժանվում: Մի մասը դրամ կուտակելով հարստանում է, իսկ մյուսը երբեք չի հարստանում: Ես երկրորդ խմբին եմ պատկանում: Ինձ երբեք չի հաջողվել դրամ ծախսել հարուստի պես: Ես արել եմ նույն բանը, ինչ անում են մարդիկ, որոնք աշխատում են ողջ կյանքում, հանուն մի տնակի, փոքրիկ պարտեզի և մի համերաշխ ընտանիքի: Իմ ուղեղում, տնակը և փոքրիկ պարտեզը մոտավորապես զբաղեցնում էին երկու հազար մետր: Ինչո՞ւ անպայման երկու հազար: Չգիտեմ: Տնակը ուներ երեք սենյակ: Ես այլևս ոչնչի կարիք չունեի, մինչև անգամ իմ երազած մեքենան նոր չէր… հիմա ես ունեմ տուն, ունեմ երկու մեքենա… բայց ես մենակ եմ: Ես չունեմ ամենակարևորը՝ իմ երկրորդ եսը, որին սիրեի, որը ինձ սիրեր, որին ես կարողանայի ասել. «Ես շատ եմ զգում քո կարիքը, ես ուզում եմ քեզ պատմել ամեն, ամեն ինչ»: Չնայած ես շատախոս չեմ, բայց որոշ օրեր խիստ ցանկություն եմ ունենում ինձ հասկացող մեկին, պատմել այն բոլորը, ինչ անցնում է իմ գլխով: Ուշադրություն: Ես դատարկ հիացմունք չեմ որոնում: Ես չեմ սիրում հիացական կանչեր: Ես պարզապես փնտրում եմ մի քիչ փոխըմբռնում և շատ, շատ սեր: Ես մի քանի անգամ ամուսնացել եմ և միշտ էլ ձախողվել: Այդ շրջանում ես ոչինչ չունեի և ոչ էլ հայտնի էի: Ես՝ դեռ ես չէի:
Առաջին հաջողությունը ավելի ուշ հասավ ու հենց այդ պահից ես ինձ զգացի մենակ, ամբողջովին մենակ: Մի կարծեք, որ ես լալիս եմ իմ բախտը: Ես ծեր ու լքված գայլ չեմ: Ես չեմ բողոքում կյանքից, որովհետև սիրում եմ զվարճանալ ու ծիծաղել, շրջապատվել իսկական, անկեղծ բարեկամներով: Եվ հետո, ես ունեմ իմ ընտանիքը, և դա շատ կարևոր է: Իմ ծնողները հիանալի մարդիկ են: Նրանք իմ նկատմամբ յուրատեսակ վերաբերմունք ունեն: Ես ճանաչում եմ երգիչների ծնողներ, որոնք իրենց զավակների մասին ասում են. «Նա անկրկնելի է, նա անհամեմատելի է, նա ամենամեծն է»: Մեր տանը ինձ երբեք, երբեք այդպիսի բան չեն ասում: Երբ ես ավարտում եմ համերգը, հայրս ասում է. «լավ էր»: Ու դրանով ամեն բան վերջանում է: Հետո խոսք է բացվում իր կեռասենիների, խաղողի վազերի և ուրիշ հարցերի մասին:
Ամբողջությամբ՝ aadmag.am