Թերապևտ-շները հիվանդներին, հատկապես երեխաներին մեծ ուրախություն և դրական զգացումներ են պարգևում, սակայն նրանք կարող են նաև լինել վտանգավոր ինֆեկցիաների աղբյուր: Այս մասին նախազգուշացնում են Johns Hopkins Hospital-ի գիտնականները:
Հիվանդանոցի մասնագետները հետազոտություն են անցկացրել թույլ իմունիտետով երեխաների մասնակցությամբ. նրանք հետևել են 4 շների և ուռուցքային հիվանդություններով 45 հիվանդների: Պարզվել է, որ շների հետ ավելի շատ ժամանակ անցկացրած երեխաները 6 անգամ ավելի հաճախ են վարակվել սուպերբակտերիաներով, քան այն երեխաները, որոնք կենդանիների հետ ավելի քիչ են շփվել: Այսպես, նախապես ոսկեգույն ստաֆիլոկոկով վարակվելու նշաններ չունեցող երեխաների շրջանում շների այցելությունից հետո գրեթե 10 տոկոսի մոտ սուպերբակտերիա են հայտնաբերել:
Ստաֆիլոկոկ է հայտնաբերվել նաև շներից վերցված մորթու նմուշների մոտ 40 տոկոսի մեջ: Բժիշկների խոսքով՝ կենդանիներն իրենք կարող են առողջ լինել, սակայն վարակված հիվանդների հետ շփվելուց հետո կարող են դառնալ բակտերիաների փոխանցողներ:
Գիտնականների խոսքով՝ վտանգավոր բակտերիաների տարածման վտանգը կարելի է զգալիորեն նվազեցնել, եթե պահպանվեն անձնական հիգիենայի կանոնները, բժշկի այցելությունից առաջ շանը կանոնավար լողացնեն և նրան չորացնեն հակաբակտերիալ անձեռոցիկով: