Գաբրիել Երանյանի (1827 – 1862թթ.) «Հայաստան երկիր դրախտավայր» երգն է՝ Կոմիտասի աշակերտ Վարդան Սարգսյանի մշակմամբ (խոսք՝ Հովհաննես Միրզա – Վանանդեցու, 1772-1841 թթ.): Կատարում են Ֆաբիեն Ջանոյանը և «Սահակ-Մեսրոպ» երգչախումբը: Դաշնակահար՝ Ժուլիեթ Յիլմազյան:
Կոմիտասի աշակերտ Վարդան Սարգսյանը ծնվել է 1892 թվականին Կ.Պոլսում, երաժշտի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Պերպերյան գիմնազիայում, աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ և խմբավար։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հիմնադրել է «Հայկական երաժշտական ընկերությունը»։ Վ.Սարգսյանն իրականացրել է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի բեմադրությունը։ Կոմիտասի մյուս աշակերտների հետ 1920 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ նշանակվել է հայկական եկեղեցու երգչախմբի ղեկավար։
Այնուհետև, Բելգիայում ստեղծել է «Հայեր» երաժշտական ընկերությունը, հիմնել երգչախումբ։ Վարդան Սարգսյանը սովորել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում։ 1931 թվականին Մարսելում կազմակերպել է երկրորդ «Հայկական երաժշտական ընկերությունը», իրականացրել Կոմիտասի և իր իսկ ստեղծագործությունների կատարումները։ 1947 թվականին Վ.Սարգսյանը տեղափոխվել է Փարիզ։
Նրա գրչին են պատկանում հայ ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայ պոետների խոսքերով գրված երգեր, «Սրբազան երգեցողություն. Հայաստանյաց եկեղեցվո» ծավալուն աշխատությունը։ Վ.Սարգսյանի դերը մեծ է իր ուսուցչի՝ Կոմիտասի ստեղծագործությունների հավաքման եւ հրատարակման գործում։ Նրա շնորհիվ լրացվել եվ հրատարակվել է Կոմիտասի «Պատարագը»։
Վարդան Սարգսյանը մահացել է 1978 թվականին։
Երգի խոսքերը՝
Հայաստա’ն, երկիր դրախտավայր,
Դու մարդկայնո ցեղիս օրրան,
Դու և բնիկ իմ Հայրենիք,
Հայաստա’ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն:
Ի վեհ անհունդ սիրտ իմ, ո՜հ, հույժ
Ոգևորի ի նոր խրաս,
Եվ անձկայրյաց ի քեզ հուսամ,
Ի քեզ, ի քեզ, հույս իմ միայն,
Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն:
Հայաստա՜ն, անո’ւն փարելի,
Ի քեզ հանգիստ Նոյան տապան,
Եգիտ և քև ապրեցավ Նոյ,
Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն:
Գետք քաջառաջք ադենաբուղխ
Զհողդ բարի առնեն հուռթի,
Քև ապրիմ ես, քև միշտ ցնծամ,
Քև, քև պանծամ, փառք իմ միայն:
Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն:
Հայաստան, ծնող դյուցազանց
Եվ հրաշալյաց հանդիսարան.
Քո զեփյուռին քաղցր և շնչյուն,
Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն:
Հայկ, Արմենակ, Արամ, Տիգրան,
Տրդատ, Սմբատ, Վարդան, Վահան,
Զոր շնչեցին և զորացան,
Զքեզ հիշեմ, զքեզ սիրեմ,
Զքեզ, զքեզ, սեր իմ միայն
Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: