Շրջիկ ցուցահանդես՝ գլոբալ գեղեցկության մասին
Advertisement 1000 x 90

Շրջիկ ցուցահանդես՝ գլոբալ գեղեցկության մասին

Արդեն մեկ ամիս Հայաստանի պատկերասրահում ցուցադրվում են հայտնի լուսանկարիչ, ծագումով լեհ ֆրանսիացի Յան Արտուս-Բերտրանի լուսանկարները, որոնք բոլորն էլ ուղղաթիռից են արված: Լուսանկարների հավաքածուն ներկայացնում է մեր մոլորակի կյանքի բոլոր դրսևորումները: Երկնքից արված այս պատկերները նաև հարցադրումներ են պարունակում՝ ո՞ւր ենք գնում՝ ուս ուսի տված ողջ մարդկության հետ, ի՞նչ անենք, որ պահպանենք մեր ունեցածը, ի՞նչ անենք, որ ճանաչենք մեր ունեցածը և ի՞նչ անենք, որ թույլ չտանք կամ կանգնեցնենք մեր ունեցածի քայքայումն ու կործանումը: Սովորաբար Յան Արտուս-Բերտրանի աշխատանքները ցուցադրվում են բաց երկնքի տակ, շուրջօրյա և անվճար են լինում և երբեք չեն պահպանվում: Լուսանկարները մեծ են և դիտելու համար հեռավորություն են պահանջում: Ահռելի վարդագույն պատկերը կորալային խութի է նման, բայց երբ մոտենում ես նկարին, տեսնում ես, որ հարյուրավոր վարդագույն ֆլամինգոներ են լուսանկարված: Նկարների չափը թույլ է տալիս ուսումնասիրել պատկերի ամեն մի մանրուք: «Բարձրությունից նայելիս` կարողանում ես տեսնել մանրամասները և ավելի լավ հասկանալ մարդկանց, բնությունը և մշակույթը»,- ասել է Յան Արտուս-Բերտրանը: Ձևի և գույնի ետևում միշտ իրական նյութն է: Կյանքը սովորական է, հայացքն է անսովոր: Գունեղ զարդանախշ հիշեցնող նկարն իրականում արևելյան գորգերի կամ անգլիական պարտեզների հատվածներ են: Իսկ խճանկարային լուսանկարին մոտենալիս՝ տեսնում ես ժանգոտած տանկերի գերեզմանոցը: Կամ սառցաբեկորներ, կամ գետի ոլորապտույտ հուներ, կամ Յոկոհամայի մի քանի հարկանի մայրուղին, կամ Մարոկկոյի ավազների վրա փռված ձկնորսական ցանցերը: Մոտիկը և հեռուն կարող են բնավ էլ չհամընկնել իրար հետ:

Իսկ գեղեցկությունը կարող է երևալ միայն հեռվից: Սա շատ փիլիսոփայական և ճանաչողական նախագիծ է: Լուսանկարներն արված են աշխարհի տարբեր անկյուններում՝ 30-3000 մետր բարձրությունից, որոնք հեղինակից 4000 թռիչքաժամ են պահանջել: Ցուցահանդեսը 5 մլն մարդ է տեսել: Առեղծվածային բնապատկերները, բնության արհավիրքները, անսովոր երևույթները, տարբեր ազգերի կենցաղն ու սովորույթները, պատմական վայրերը զուգակցվում են փաստագրային տեքստերով և կոչ են անում բոլորին` մտածել մեր միակ մոլորակի ապագայի մասին: «Երկիրը՝ երկնքից» նախագծի խորհրդանիշը դարձել է Նոր Կալեդոնիայի բնության քմահաճույքը: Հողի աղակալման պատճառով կանաչ ու խիտ անտառների ուղիղ սրտում սրտի ուրվագիծ ունեցող բացատ է ստեղծվել: Այն շատ գեղեցիկ է, բայցև` մտահոգիչ. ինչի՞ կարող է հանգեցնել հետագա աղակալումը: Հեղինակի համար կարևոր է դիտողի արձագանքը: Նա գերադասում է իր ցուցադրումները բացօթյա անել, որպեսզի յուրաքանչյուր անցորդ մի պահ կանգ առնի ու տեսնի այն, ինչ մինչ այդ պահը չի տեսել: Երևանում «Երկիրը՝ երկնքից» ցուցահանդեսը բացօթյա չէ, սակայն միշտ մարդաշատ է, հիմնական այցելուները դպրոցականներն ու ուսանողներն են: Գեղեցկությունն ու մտահոգվելու ունակությունը առաջին հերթին նրանց են պետք: Երևանում որոշ լուսանկարներ ներկայացված են նաև ռելիեֆային տարբերակներով, ինչի շնորհիվ կույր կամ թույլ տեսողություն ունեցող մարդիկ կարողանում են շոշափել և զգալ նկարները: Յան Արտուս-Բերտրանի լուսանկարների ռելիեֆային մակերես ունեցող տարբերակները պատրաստել է ազգությամբ հայ Արթուր Միքլին: Այն մարդը, ով մանկուց է զրկված տեսնելու կարողությունից, մատներով շոշափելով՝ զգում է բոլորովին այլ բան: Տեսնում ես 140 երկրներում արված լուսանկարները, կարդում տարաբնույթ տեղեկատվական տվյալները, հիանում ես, մտահոգվում և մտածում: Այս ցուցահանդեսը գլոբալիզացիայի դարաշրջանի ամենագեղեցիկ և զարմանալի հայացքն է:

Նունե Հախվերդյան

«168.am»