Միլոշ Ֆորմանի կյանքի կանոնները
Մի օր`շաբաթ երեկոյան, երբ ես 4 կամ 5 տարեկան էի, ծնողներս առաջին անգամ ինձ կինոթատրոն տարան: Դա օպերայի մասին ինչ-որ վավերագրական համր ֆիլմ էր: Աներևակայելի չափերի հսկայական էկրանի վրա մարդիկ բացում էին իրենց հսկայական բերանները, իսկ բարձրախոսներից ոչ մի ձայն դուրս չէր գալիս: Բայց շուրջբոլորս այդ օպերան անգիր գիտեին ու ավելի ու ավելի բարձր էին ձայնակցում: Դա կինեմատոգրաֆի հետ ծանոթանալու լավագույն եղանակն է: Հետո ես դիտեցի Սպիտակաձյունիկի ու 7 թզուկների մասին ֆիլմը: Այն ժամանակ ինձ թվում էր, որ դա աշխարհի ամենահիանալի բանն էր, ու ես սիրահարվեցի Սպիտակաձյունիկին: Դրանից քիչ առաջ ինձ համար 7 թզուկների տեսքով 7 կտոր օճառ էին գնել: Եվ ամեն օր ես ձեռքերս լվանում էի թզուկներից մեկով: Իսկ երբ նայեցի մուլտֆիլմը, ես օճառը մի կողմ դրեցի: Ես վախեցա, որ պարզապես թզուկները կվերջանան ու կանհետանան:
- Ինձ թվում է, որ յուրաքանչյուրն այս կամ այն կերպ երազում է Հոլիվուդում կինո նկարելու մասին:
- Նյու Յորքը, հնարավոր է, միակ քաղաքն է, որն իրականում ավելի լավն է, քան բացիկների վրա:
- Շատերն ինձ ասում են, որ օտարական լինելը շատ հարմար է, որ նա այնպիսի բաներ է տեսնում, որոնք տեղացու աչքը կարող է պարզապես չտեսնել: Ինձ այնքան էլ դուր չի գալիս այդ միտքը: Ես ինձ օտարական եմ զգում և՛ այստեղ, և՛ այնտեղ: Ես մոռացել եմ չեխերենը, սակայն այդպես էլ չսովորեցի անգլերենը:
- Իմ ծնողները նացիստների կողմից ձերբակալվել էին պատերազմի տարիներին, երբ ես 8 տարեկան էի: Հետո ինձ ասացին, որ իմ ծնողները կոնցենտրացիոն ճամբարում են, որ չանհանգստանամ, նրանք շուտով կվերադառնան, և ամեն ինչ լավ կլինի: Ես անգամ չէի էլ կարող երևակայել, թե ինչ էր տեղի ունենում իմ ծնողների հետ: Հետո ինչ-որ մեկը եկավ ու ինձ ասաց, որ մայրս մահացել է: Սակայն այդ արտահայտությունը ոչինչ չփոխեց իմ կյանքում, որովհետև մայրս կողքիս չէր այդ ժամանակ արդեն 2 տարի: Երևի, եթե նա տանը մահանար, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Այդ արտահայտությունն իմ ուղեղին հասավ շատ ավելի ուշ, արդեն պատերազմից հետո, երբ ես մեծացա, ու հանկարծ իմ շուրջը կատարվող իրադարձություններին սկսեցի այլ կերպ նայել:
- Վախի մեջ ապրելը շատ ձանձրալի բան է:
- Ընդհանրապես ես վախկոտ եմ: Շատ բաներ ես ինձ կարող եմ թույլ տալ միայն կինոյում: Ես աշխատում եմ իմ մասնավոր կյանքը վտանգի տակ չդնել:
- Յուրաքանչյուր ֆիլմ ես դիտարկում եմ՝ որպես ինքնակենսագրություն, անկախ այն բանից, թե դա գոյություն ունեցող մարդո՞ւ ինքնակենսագրություն է, թե՞ հորինված ինչ-որ մեկինը:
- Ճշմարտությունը սովորաբար շատ ձանձրալի է… Որովհետև դա ճշմարտություն է:
- Երբ ես Չեխոսլովակիայում հեռուստատեսությունում էի աշխատում, յուրաքանչյուր արտիստ, որը հայտնվում էր եթերում, իր խոսքը պետք է ուղարկեր խմբագիրներին, որ նրանք շտկումներ մտցնեին, եթե իրենց կարծիքով դրա անհրաժեշտությունը կար: Կարճ ասած՝ գրախոսության ժամանակաշրջան էր: Մի անգամ ես աշխատում էի 2 ձեռնածուների հետ, որոնք պետք է հանդես գային էստրադային ներկայացման մեջ: Ինչպես միշտ, ես պետք է ցենզորներին ներկայացնեի այն, ինչ արտիստները պատրաստվում էին ասել եթերում: Սակայն, բնականաբար, ձեռնածուները չէին պատրաստվում ոչինչ ասել եթերում: Ես փորձեցի դա ցենզորներին բացատրել, սակայն ապարդյուն: Այդ ժամանակ ես ձեռնածուներին խնդրեցի ինքնուրույն լրացնել այդ անիծյալ ձևաթուղթը, ինչը և նրանք արեցին: Նրանք ինչ-որ անկապ բան էին գրել, կարծես թե` էյ, հոպ, հոպ, հոպ, ախ… Թուղթը մեզ վերադարձվեց հաստատման կնիքով: Փաստորեն, վերևներին երկխոսությունն անվտանգ էր թվացել:
- Գրախոսությունն ինքնին այնքան էլ սարսափելի չարիք չէ: Ամենասարսափելի չարիքն այն է, ինչ այն ծնում է՝ ինքնագրախոսությունը:
- Բացարձակապես ակնհայտ է, թե ինչու են քաղաքական գործիչներն ու պրոդյուսերներն ուզում, որ բոլոր ֆիլմերը սենտիմենտալ լինեն: Նրանց կյանք պետք չէ, նրանց հեքիաթ է պետք:
- Երբ ԽՍՀՄ-ում Գորբաչովը եկավ իշխանության, նա Մոսկվայում ինչ-որ սիմպոզիում կազմակերպեց: Ինձ էլ էին հրավիրել: Այնտեղ շատ մարդիկ կային ողջ աշխարհից: Խորհրդային ռեժիսոր Լև Կուլիջանովը որոշեց ինձ հետ հարցազրույց վարել: Նա գիտեր, որ ես վաղուց ԱՄՆ քաղաքացի եմ: Եվ նա ինձ հարցրեց.
– Ընկեր Ֆորման, ո՞րն է Ձեր կարծիքով՝ 20-րդ դարի ամենանշանակալից իրադարձությունը:
– Ատոմային ռումբի պայթյունը,- պատասխանեցի ես:
– Ինչո՞ւ, ինչո՞ւ, ընկեր Ֆորման,- զարմացավ Կուլիջանովը:
– Հիշում եք, դարի առաջին կեսում 2 համաշխարհային պատերազմներ եղան: Միլիոնավոր մարդիկ զոհվեցին: Իսկ հետո՝ 1945թ., պայթեց ատոմային ռումբը: Այժմ արդեն դարն իր ավարտին է մոտենում, իսկ 3-րդ համաշխարհային պատերազմը դեռ չի սկսվել: Այն չի սկսվել միայն այն պատճառով, որ և՛ ամերիկացները, և՛ ձեր գեներալները հանկարծ գիտակցեցին, որ ատոմային պատերազմի դեպքում իրենք էլ կլինեն նույնպիսի վտանգի մեջ, ինչպես շարքային զինվորը՝ խրամատում: Նախկինում ամեն ինչ պարզ էր: Գեներալները նստում էին տաք սենյակներում ու միլիոնավոր մարդկանց դեպի մահ էին ուղարկում: Իսկ նրանց ոչինչ չէր սպառնում: Սակայն այժմ ցանկացած մարդ, ով կարող է սեղմել կոճակը, հասկանում է, որ մյուս կողմում էլ կան մարդիկ, որոնք սեղմելու կոճակ ունեն: Եվ իրենք բոլորն էլ գտնվում են միատեսակ վտանգի մեջ:
Ի՞նչ եք կարծում, արդյոք նրանք իմ այս հարցազրույցը հեռուստացույցով ցուցադրեցին. դե, իհարկե ոչ:
- Ես երբեք առանձնապես քաղաքականացված չեմ եղել: Ինձ համար ահավոր ձանձրալի է վերլուծել թերթերի հոդվածները և քաղաքական հաղորդումները: Երբ ռուսները Պրահայում էին, ես Փարիզում էի:
- Ես շատ քիչ եմ հասցրել իմ ձեռքում տեսախցիկ պահել: Պատերազմից հետո իմ ձեռքերում հայտնվեց 16 միլիմետրանոց արևելագերմանական տեսախցիկ՝ հիանալի օպտիկայով: Ես իմ ընկերներից մեկին հարցրեցի, թե արդյո՞ք նա գիտի ինչ-որ մեկին, ով կարող է հուշել, թե ինչպես այս տեսախցիկի մեջ ժապավեն խցկել: Ես ինքս չգիտեի: Այդ ժամանակ իմ ընկերը բերեց Միրոսլավ Օնդրիչեկին, ով հետագայում դարձավ իմ գրեթե բոլոր ֆիլմերի օպերատորը, և այդ օրվանից սկսած՝ ես անգամ մոտիկից տեսախցիկ չէի տեսնում, որովհետև Օնդրիչեկը պարզապես այն ինձ չէր տալիս:
- Որքան դու մեծանում ես, այնքան քեզ համար դժվար է լինում գտնել այնպիսի բան, ինչի վրա քո կյանքից 2 տարի կծախսեիր:
- Երբեմն հիշողությունը մեզ հետ զվարճալի բաներ է անում:
- Ես երբեք իմ կյանքում Հասթլեր չեմ գնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը