Ժամանակակից երիտասարդությունը խնդիրներ ունի այլ մարդկանց հետ հարաբերություններում և այս աշխարհում իր ինքնորոշման հետ կապված: Եվ նույնիսկ նրանք, ովքեր հաղթահարել են 30-ի սահմանը, այդ խնդիրների հետ քիչ չեն բախվում: Որո՞նք են այդ խնդիրները:
1.Ձգտում են պերֆեկցիոնիզմի:
Համաձայն հոգեբանների ամերիկյան ասոցիացիայի հետազոտությունների` 30 և անց տարիքի մարդիկ չափից առավել են ձգտում հաջողության և այլ մարդկանց հետ մրցակցության, ի տարբերություն նախորդ սերունդների: Երիտասարդ մարդիկ քննադատաբար են վերաբերվում թե՛ իրենց, թե՛ շրջապատողներին: Հասարակությունն էլ իր հերթին է բարձր պահանջներ ներկայացնում նրանց: Այս ամենը բացասաբար է ազդում նրանց հոգեկան առողջության վրա: Ավելորդ պերֆեկցիոնիզմը կարող է բացասաբար անդրադառնալ նաև անձնական կյանքի և աշխատանքի վրա:
Ի՞նչ անել:
Պետք է արմատապես փոխել կյանքի նկատմամբ վերաբերմունքը: Պերֆեկցիոնիզմը նախ և առաջ մտածողության եղանակ է: Այդ խնդիրը չունեցող մարդիկ գիտակցում են, որ կյանքը թռիչքների և անկումների հաջորդականություն է: Հեշտ կլինի ընդունել այդ միտքն ու ապրել դրանով, քան փորձել ամեն ինչում հասնել կատարելության ու ողբերգություն սարքել, եթե ինչ-որ բան նախատեսածի պես չի գնում:
2.Անհանգստություն են զգում չնորմավորված աշխատանքային օրվա պատճառով:
յս սերունդը երբեմն ստիպված է լինում ավելի շատ աշխատել, քան իր նախորդները: Նրանց մեջ շատ են ազատ գրաֆիկով աշխատողներ ու մարդիկ, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Այդ պատճառով էլ հազվադեպ երևույթ չէ նաև չնորմավորված աշխատանքային օրը: Եվ, իհարկե, այդ ամենը կարող է ազդել առողջության վրա:
Ի՞նչ անել:
Աշխատեք գրագետ բաշխել ժամանակը: Կարող եք այդ նպատակով օգտագործել նոթատետր, ուր գրի կառնեք ձեր աշխատանքային օրվա յուրաքանչյուր ժամի անելիքը: Մի փորձեք հասցնել ամեն ինչ ու միանգամից:
Մարդիկ աշխատելու տարբեր արդյունավետություններ կարող են ունենալ: Ինչ-որ մեկը լավ է աշխատում առավոտյան, մեկ ուրիշն էլ` երեկոյին մոտ: Դա ինքներդ ավելի լավ պետք է իմանաք: Այդ պատճառով էլ կարևոր գործերն արեք այն ժամին, երբ գտնվում եք ձեր բարձրակետին:
3.Վախենում են որոշում կայացնել:
Հնարավոր է՝ ծնողների չափից ավելի հովանավորության կամ կյանքում հնարավորությունների լայն ընտրության պատճառով երեսնամյաների համար հաճախ դժվար է լինում որոշում կայացնելը, լինի դա աշխատանքի փոփոխություն թե հարաբերություններում նոր մակարդակի անցում: Յուրաքանչյուր լուրջ հարցի դեպքում, երբ հարկավոր է լինում որոշում կայացնել, նրանք արգելակում են: Հետազոտող Բարրի Շվարցը դա անվանում է ընտրության պարադոքս: Նա վստահ է, որ բազմազանությունը մեզ դժբախտ է դարձնում ու խեղում մեր կամքը:
Ի՞նչ անել:
Խուճապն առաջանում է ընտրության բազմազանությունից ու պատասխանատվությունից: Դա նորմալ է: Դա պաշտպանական մեխանիզմ է: Աշխատեք հաղթահարել սխալ գործելու վախը: Դրանից ոչ ոք ապահովագրված չէ: Խիզախ եղեք: Լսեք ձեր ներքին ձայնին ու մի վախեցեք ընտրել այն, ինչ նա հուշում է:
4.Քիչ են քնում և կանոնավոր չեն սնվում:
Ժամանակակից 30-ամյաների կենսակերպը խիստ տարբերվում է նրանց ծնողների ու տատիկ-պապիկների կյանքի դրվածքից: Ժամանակակից աշխարհը նրանց ստիպում է թերի սնվել ու քիչ քնել: Ոտքի վրա արագ մի բան ուտելով աշխատելը ու գիշերվա կեսին քնից արթնանալը, եթե պետք է ղեկավարի կարևոր զանգին կամ հաղորդագրությանը պատասխանել, նրանց համար նորմալ երևույթ է: Սակայն այս ամենն անհետևանք չեն կարող լինել առողջության համար: Գիտնականները հայտնաբերել են, որ քնի պակասը կարող է հանգեցնել ճարպակալման, իսկ թերսնման պատճառով նվազում են իմունիտետի պաշտպանական ֆունկցիաները:
Ի՞նչ անել:
Բաշխեք քնի, հանգստի և աշխատանքի ժամանակը: Դրանում կարող են օգնել զանազան գադջեթներն ու հավելվածները, որոնք կհիշեցնեն` երբ է պետք ուտել, քանիսին քնել և որքան ջուր խմել:
Խնայեք ձեզ: Մի մոռացեք, որ առողջությունն ամեն ինչի հիմքն է, և եթե այն ամուր է, ապա կարելի է ցանկացած բան:
5.Չեն շտապում ամուսնանալ:
Վերջին վիճակագրական հետազոտությունները հաստատում են, որ այս սերունդն ավելի ուշ է ամուսնանում, քան նախորդ սերունդների ներկայացուցիչները, կամ կարող են ընդհանրապես չամուսնանալ: Դա հաճախ կապված է անկայուն ֆինանսական վիճակի, ամուսնության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության, առաջնայնությունների փոփոխության հետ. Ընտանիքի ու երեխաների փոխարեն՝ նրանք ընտրում են կարիերան:
Ի՞նչ անել:
Ամուսնացեք այն ժամանակ, երբ ինքներդ ֆինանսապես և հոգեբանորեն պատրաստ կլինեք դրան, այլ ոչ թե՝ հարազատների ու հասարակության ցուցումով:
Եթե դուք պլանավորում եք երեխաներ ունենալ, չարժե շատ ձգձգել այդ որոշման իրականացումը: Աշխատեք առաջին երեխան ունենալ մինչև 35 տարեկանը, որպեսզի հղիության ընթացքում քիչ ռիսկեր լինեն:
6.Իրենց անհաջողակ են համարում հասակակիցների` սոցցանցերում ունեցած թվացյալ հաջողությունների պատճառով:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում քիչ չեն 30+ տարիքի մարդիկ: Այդ տարիքի սովորական մարդու կյանքը կարող է խամրել նրանց հաջողության ֆոնին: Այդպիսի պատմությունները մի կողմից՝ ստիպում են հավատալ սեփական ուժերին, մյուս կողմից՝ ընդգծում են, որ իրենց կյանքում դեռ ոչ մի շոշափելի հաջողության նրանք չեն հասել:
Ի՞նչ անել:
Դադարեք ժամանակ վատնել՝ թերթելով սոցիալական ցանցերի էջերը, և ձեր հասակակիցների ձեռքբերումները համեմատել ձերի հետ: Դրանից դուք ավելի հաջողակ չեք դառնա, միայն ժամանակ կկորցնեք: Ավելի լավ է՝ այն ծախսեք ձեր զարգացման ու աճի համար:
Միակ մարդը, ումից լավը դուք պետք է դառնաք, դուք ինքներդ եք: Նոթատետրի մեջ գրի առեք ձեր նպատակները, որոշեք ժամկետները, թե երբ եք ուզում հասնել դրանց, ու աշխատեք այդ ուղղությամբ:
7.Շրջապատված են իրենց պոտենցիալն իրացնելու կեղծ հնարավորություններով:
Այս սերնդին ներշնչում են, որ շուրջբոլորը լիքը հնարավորություններ են, և իրենք իրենց ուժերը պետք է փորձեն տարբեր ոլորտներում: Մարդիկ համացանցում կարդում են հոդվածներ հաջողակ դառնալու մասին: Դրանցում ասվում է, որ պետք է հետևել մի քանի կետերի ու կանոնների, և դրանից հետո հաջողությունն անխուսափելի է: Սակայն, երբ ոչինչ տեղի չի ունենում, ծնվում է կյանքից դժգոհ լինելու զգացողություն:
Ի՞նչ անել:
Որոշեք, թե ձեր ո՞ր հմտություններն ու տաղանդներն են պահանջված այս աշխարհում, և առավելագույնս զարգացրեք դրանք: Մի տրվեք պատրանքներին ու սթափ գնահատեք ձեր հնարավորությունները:
8.Հետաքրքրված չեն քաղաքական կյանքով:
Հետազոտողները հաստատում են, որ ժամանակակից երեսնամյաների սերունդն ավելի քիչ է հետաքրքրվում քաղաքականությամբ, քան իրենց նախորդները: Նրանք ավելի ցինիկաբար են տրամադրված կատարվածի նկատմամբ, չեն աջակցում իշխանությանը, բայց և չեն քննադատում: Քաղաքականությանը վերաբերող հարցերում նրանք հենվում են ուրիշի կարծիքի վրա:
Ի՞նչ անել:
Եթե ձեզ հետաքրքրում է ձեր ու այն երկրի ապագան, ուր ապրում եք, մի անտեսեք քաղաքականությունը: Գնացեք ընտրությունների, ունեցեք ձեր կարծիքը: Չարժե թերագնահատել սեփական ձայնը:
9.Կախված են գադջեթներից:
Երեսնամյա երիտասարդները շատ ուժեղ են կախված ժամանակակից տեխնիկական միջոցներից: Շատերը չեն կարողանում հեռախոսից կտրվել՝ ուտելու ժամանակ, լոգանք ընդունելիս ու նույնիսկ զուգարան գնալիս: Չի կարելի այդ կախվածությունն առողջ համարել: Գիտնականները եկել են եզրակացության, որ իրենց կյանքն արդեն առանց գադջեթների չպատկերացնող մարդիկ իրենց ավելի դժբախտ են զգում, քան այդպիսի կախվածություն չունեցողները:
Ի՞նչ անել:
Սահմանափակեք սմարթֆոններից օգտվելու ժամանակը: Հեռախոսը ստուգեք 1,5 ժամը մեկ, այլ ոչ թե՝ յուրաքանչյուր 5 րոպեն մեկ անգամ:
Գադջեթներ մի օգտագործեք ուտելիս կամ քնելուց առաջ:
Թողեք միայն օգտակար հավելվածները: Մնացածը ջնջեք:
10.Ունակ չեն նոր բան ստեղծելու:
Այս սերնդին մեղադրում են նաև այն բանում, որ նոր բան ստեղծելը նրանց ուժերից վեր է: Ասես թե նրանք շփացած են տեխնիկական գադջեթների ու հարմարավետ կյանքի այլ ատրիբուտներով: Այդ պատճառով էլ նրանք ծույլ են ու տեղից չեն շարժվում, թեպետ այս սերնդի մեջ շատ են հաջողակ մարդիկ, ովքեր հանրահայտ ստարտափ են ստեղծել կամ որևէ հավելված: Հիշենք թեկուզ մարկ Մուկերբերգին, ով ստեղծեց Ֆեյսբուք սոցիալական ցանցը:
Ի՞նչ անել:
Մի լսեք կարծիքներ, համաձայն որոնց՝ բոլորը ծույլեր են: Սրտին մոտ մի ընդունեք ձեր սերնդին վերաբերող բացասական արտահայտությունները: Կենտրոնացեք այն բանի վրա, ինչ սիրում եք, և դա հաճախ արեք:
11.Նրանց դժվար է «ոչ» ասել:
Այս մարդիկ այն տարիքում են, երբ նրանք հաճախ քննադատվում են ծնողների ու աշխատավայրում ղեկավարության կողմից: Եվ ամենից հաճախ նրանց համար դժվար է լինում իրենց զգացմունքները վերահսկել: Նրանք չափազանց կտրուկ են արձագանքում բացասական ինֆորմացիային, իսկ երբ պետք է մերժել, նրանց դժվար է ասել` ոչ:
Ի՞նչ անել:
Սովորեք հարգել ձեզ ու ձեր սեփական ժամանակը: Սովորեք մերժմամբ պատասխանել ձեզ համար անօգուտ առաջարկներին:
Եթե դժվար է ուղիղ մերժել, դա արեք անուղղակի կերպով` պատասխանելով այսպես` չեմ կարող խոստանալ, որ կկատարեմ խնդրանքդ, կամ` շատ հետաքրքիր առաջարկություն է, բայց եկեք քննարկենք այն, երբ ես ժամանակ կունենամ:
12.Շարունակ անհանգստանում են ֆինանսական անկայունության պատճառով:
Այս սերնդի գլխավոր խնդիրներից մեկը ֆինանսական անվտանգության վերաբերյալ ունեցած մտահոգություններն են:
Ի՞նչ անել:
Եթե անընդհատ մտահոգվեք վատ ֆինանսական վիճակի պատճառով, դրանից ձեզ ավելի լավ չեք զգա: Այդ պատճառով էլ հանգստացրեք ձեր գիտակցությունը և կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչպես այդ վիճակը շտկեք:
Կարդացեք խելացի գրքեր, որպեսզի բարձրացնեք ֆինանսական գրագիտության մակարդակը: Դիտեք մոտիվացնող ֆիլմեր:
13.Ճնշված են բացասական ինֆորմացիոն հոսքի պատճառով:
Շատերն իրենց ճնշված ու անօգնական են զգում նեգատիվ նորությունների ծովի մեջ, քանի որ նրանք ի վիճակի չեն ազդել կատարվածի վրա: Նրանք հատկապես մտահոգվում են տնտեսության, բնապահպանության, անհավասարության ու ռազմական կոնֆլիկտների համար:
Ի՞նչ անել:
Աշխատեք չափավորված նայել նեգատիվ նորություններ: Մի ծանրաբեռնեք ձեր գիտակցությունը: Ձեզ մտահոգող բաները քննարկեք մտերիմների հետ:
Նեգատիվ նորությունները կոմպենսացրեք դրականներով:
Եթե ուզում եք ինչ-որ բան փոխել, գործեք բառերի կամ ֆինանսական ռեսուրսների օգնությամբ, օրինակ, կարող եք գումար փոխանցել տարերային աղետից տուժածներին:
14.Ինքնասիրահարված են ու գերագնահատում են իրենց նշանակությունը:
Այս սերնդի համար նարցիսիզմը նորմա է: Այս սերնդի ներկայացուցիչներն անընդհատ սոցցանցերում թարմացնում են իրենց անձնական կյանքին վերաբերող նորությունները, ինքնանկարներ են տեղադրում Ինստագրամում ու կախված են հավանություններից կամ, ինչպես ընդունված է ասել, լայքերից: Նրանց թվում է, թե աշխարհն իրենց շուրջ է պտտվում:
Ի՞նչ անել:
Աշխատեք ձեր ինքնագնահատականի բարձրացման ուղղությամբ, քանի որ գիտնականները եկել են այն եզրակացության, որ նարցիսիզմով տառապող ու իրենց նշանակությունը գերագնահատող մարդիկ իրականում իրենց վրա անվստահ անձնավորություններ են:
Մարդկանց նկատմամբ բարի եղեք: Դադարեք մտածել, որ դուք առավելություն ունեք նրանց նկատմամբ: Հնարավոր է, որ դուք խորը մոլորության մեջ եք ու դրանով մարդկանց վանում եք ձեզնից:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը