Լիզա Ճաղարյանի գրառումը. «Մարիա Կալլասի մասին երեկվա ֆիլմից շատ բան արժե հիշել ու վերապատմել, բայց անհիմն պոռոտախոսության, մեծամտության մեր «գեղեցիկ» ժամանակներում, երբ շատ-շատերը ասպարեզ են ելնում Սողոմոն իմաստունի փափախը մինչեւ ականջները գլխներին քաշած, մի կաթիլ չկասկածելով, որ իրենց արտաբերածը կա՛մ հիմարություն է, կամ վաղուց արդեն մաշված ու զառամած ճշմարտություն, ոչ թե իրենց «պլպլան» ուղեղի բացահայտումը, հատկապես տպավորվեցի նրա շատ սովորական թվացող մի խոստովանությամբ։ Բառացի չեմ հիշում, բայց պատմում է, որ ինքը սովորական մարդ է՝ իր սովորական առօրյայով, կարդում է զանազան հիմար տեքստեր, լսում է նաեւ թեթեւ երաժշտություն, դես-դեն, «ինտելեկտուալ է ձեւանում, չնայած ինտելեկտուալ չէ»։
Աշխարհահռչակ էս շքեղաշուք տիկինը ահա՛ այսպես հանգիստ պատմում է, եւ դու ավելի շատ ես սիրում իրեն՝ չնայած «ինտելեկտուալ չէ», ու նաեւ հասկանում ես, որ հազար-հազարներից, որոնք հնդկահավի նման խելք են ծախում աջուձախ, քանի-քանի գլուխ բարձր ինտելեկտուալ է թեկուզ այն պատճառով, որ ինքը գիտի՝ ինտելեկտուալը որն է»։