Երկրաշարժից հետո նրան տեսել էին մոր աշխատանքի վայր վազելիս, բայց հետո հետքերը կորել են։
Սպիտակից Ալվինա Մակարյանը 1988թ-ի դեկտեմբերի 7-ին դարձել էր 7 տարեկան, բայց նրա ծննդյան օրը չհասցրեցին նշել. Երկրաշարժը չթողեց։
Նրա ազգականուհի Թերեզան Sputnik Արմենիային պատմեց, որ երբ երկրաշարժը սկսվել է, Ալվինան երկու կրտսեր քույրերի հետ եղել է մանկապարտեզում։ Մյուս երկու քույրերը դպրոցում են եղել։
Ալվինան եղել է ավագ խմբում, Լիլիթը` կրտսեր, Տաթևը` մսուրում։ Ալվինան սովորություն է ունեցել. մանկապարտեզում օրվա ավարտից հետո գնացել է Լիլիթ ու Տաթևի պահարանների մոտ, վերցրել նրանց իրերը, հագցրել քույրերին և սպասել մայրիկին։
«Տաթևը երկրաշարժի պահին գնացել է Ալվինայի խմբի կողմը և միջանցքում է եղել, այնտեղ էլ մնացել է փլատակների տակ։ Լիլիթն այն հատվածում է եղել, որտեղ հրդեհ է բռնկվել։ Երբ փլատակների տակից հանել են դաստիարակին, նա ասել է, որ լսել է Ալվինայի ձայնը»,- պատմել է Թերեզան։
Նրա խոսքով` կրտսեր քրոջը` Տաթևին, մահացած են գտել։ Լիլիթն ինքնուրույն դուրս է եկել ավերակների միջից։ Դպրոցում սովորող երկու քույրերը (Աննա և Ալվարդ) փրկվել են։
Իսկ Ալվինային չեն գտել։
«Քանի որ այդ օրը Ալվինայի ծննդյան օրն էր, դաստիարակչուհին թույլ է տվել նրան ազատ զբոսնել մանկապարտեզի ներսում։ Երկրաշարժից հետո, երբ հայրը գնացել է զննելու մանկապարտեզը, Տաթևի, Լիլիթի և Ալվինայի պահարանները դատարկ են եղել։ Մնացածների մեջ եղել են սաների հագուստները։ Այսինքն ենթադրելի է, որ նա հասցրել է հավաքել իրերը և դուրս վազել մանկապարտեզից»,- ասում է Թերեզան։
Նրա խոսքով` երկրաշարժից հետո իր մորաքրոջ հարսը տեսել է Ալվինային։ Նա ինչ-որ տեղ է վազել։ Երբ հարցել են, թե ուր է վազում, Ալվինան ասել` մոր աշխատանքի վայր։ Նրան այլևս ոչ ոք չի տեսել։
Ալվինա Մակարյանը
Նրանց մայրը հաշվապահ էր աշխատում մանկապարտեզից ոչ հեռու գտնվող ապահովագրական գործակալությունում։
Երկրաշարժից հետո Երևանում ստենդի վրա կախել են անհետ կորածների լուսանկարները։ Մորաքույրը պատմել է Թերեզային, որ երբ նրանք լուսանկարը փակցրել էին այնտեղ, որոշ ժամանակ անց այն պոկել էին. Հենց միայն նրա լուսանկարը։
Ալվինային մինչև հիմա չեն գտել։ Նա լավ է իմացել իր անուն-ազգանունը։ Հարազատները ենթադրում են (հուսով են), որ նրա մոտ շոկ է եղել, և նա շատ բան մոռացել է, ուստի դրա համար կապ չի հաստատել։
Sputnik Արմենիան խնդրում է ընթերցողներին դիմել խմբագրություն, եթե նրանք ինչ-որ տեղեկություն ունեն Ալվինայի մասին։