– Պարո՛ն Մանուկյան, մեր հարցազրույցի հիմնական թեման արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, բայց ուզում եմ նախ անդրադառնանք մամուլում շրջանառված վերջին նորությանը՝ կապված Արցախի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների պաշտոնանկության հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տեղեկությունը։
– 1988-ից սկսած՝ Հայաստանը երբեք չի միջամտել Ղարաբաղի ներքին հարցերին, մանավանդ բանակի գործերին։ Մենք օգնել ենք իրար, համագործակցել ենք, խորհուրդներ ու առաջարկություններ ենք տվել, բայց երբեք չենք խառնվել ներքին գործերին։ Բանակի հարցում երբեք չի դրվել քաղաքական պատկանելության, հայացքների հարց, անձնական հավատարմության հարց։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության յուրաքանչյուր միջամտություն Արցախի և նրա բանակի գործերին, յուրաքանչյուր անհարգալից, անընդունելի հայտարարություն Արցախի ղեկավարների հասցեին կործանարար է և անշտկելի վնասներ է հասցնում մեր ընդհանուր անվտանգությանը։ Ես կոչ եմ անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ այս գործելակերպից և կոչ եմ անում մեր հասարակությանն իր ձայնը բարձրացնել այս երևույթի դեմ, քանի դեռ չենք կրել անվերադարձ կորուստներ։
– Հասարակության մի մեծ հատված այս շրջանում լուրջ մտահոգություններ է հայտնում Արցախի հարցով։
– Մտահոգություններ միշտ են եղել։ Բայց շատ կարևոր հարցեր կան. արտաքին քաղաքականության մեջ մենք ու Ադրբեջանը ի՞նչ դիրքերում ենք, ովքե՞ր են մեր դաշնակիցները, տնտեսությունը ի՞նչ արագությամբ է զարգանում, որքա՞ն վստահություն կա ժողովրդի կողմից իշխանությունների նկատմամբ, որքանո՞վ է հզոր բանակը, ի՞նչ զենք-զինամթերք ունի։ Այս հարցերն օբյեկտիվ խնդիր են ցանկացած իշխանության համար։ Ընդ որում, այժմ արդեն Ղարաբաղի առանձին հարց չկա, Հայաստանի ու Ղարաբաղի միասնությունն այնքան մեծ է, որ արդեն ոչ թե Ղարաբաղի անվտանգության մասին է խոսքը, այլ ամբողջ Հայաստանի։ Տարիներ առաջ ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցը մեր բանալին է դեպի ապագան։ Հիմա էլ կրկնում եմ, որովհետև մի կողմից՝ խնդիր կա, որը մտահոգիչ է, մյուս կողմից՝ այն պետություններն ու այն ազգերն են զարգանում, որոնք ունեն խնդիր և կարողանում են այդ խնդիրը հաղթահարել։ Դա մեծ խթան է ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլև համաշխարհային հայության զարգանալու, կառույցներ ստեղծելու և առաջ գնալու համար։ Եթե դա ճիշտ օգտագործվի, ապա դա մեր ճանապարհն է դեպի ապագա։
– Հեղափոխությունից անցել է կես տարուց ավելի։ Ի՞նչ արձանագրումներ կարող ենք անել։ Մեր պետությունն ի՞նչ ճանապարհով է ընթանում և ո՞ւր է գնում։
– Պարզ չէ։ Ուղղակի նախկինին ավելացել է հայտարարություն կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի մասին, որը լավ բան է, կարելի է ողջունել։ Հիմա, երբ իշխանությունները ընտրություններից հետո նորից ձևավորվեն ու կայունանան, հետագա ամիսների ընթացքում կտեսնենք, քաղաքականության, տնտեսության և մյուս ոլորտներում ի՞նչ փոփոխություններ են լինելու։
Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա չնայած հռչակվեց կոռուպցիայի դեմ պայքար, այդ պայքարի ռազմավարություն, հետևողականություն և հավասարություն առայժմ չեմ տեսնում։ Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է ինստիտուտներից, ի՞նչ օրենքների միջոցով հնարավոր կլինի կանխարգելել կոռուպցիան։ Պատիժը միշտ պետք է լինի օրենքների խիստ շրջանակում, բայց միայն պատիժը դեռ հարցի լուծում չէ, մանավանդ որ պատիժը կարծես թե ընտրովի է լինում և շատ անգամ տպավորություն է թողնում, որ կրում է քաղաքական բնույթ։ Ընդհանրապես, եթե ասեի, թե ինչն է ավելի կարևոր պետության համար, ապա կոռուպցիան դրանցից մեկը կլիներ, բայց ոչ առաջինը։ Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել ազգային ծրագիր։
Պետության համար առաջինը անվտանգության ապահովումն է, արտաքին քաղաքականությունը, քաղաքական կյանքի օրինականության և քաղաքացիների ներքին անվտանգության ապահովումը, տնտեսության զարգացումը, հետո արդեն կոռուպցիայի դեմ պայքարը, չնայած կոռուպցիայի բարձր աստիճանը իմ նշած առաջին կետերի զարգացմանը խանգարում է։
Բայց կոռուպցիայի դեմ պայքարը չեն սկսում, ասենք, երկուշաբթի օրը և ավարտում հաջորդ երկուշաբթի։ Հարյուրավոր տարիներ բոլոր պետություններում այդ պայքարն ընթանում է փոփոխական հաջողություններով, և ամեն տարի միջազգային կազմակերպությունները հրապարակում են, թե որ պետությունը ինչ հաջողություն է գրանցել այդ ոլորտում։ Եթե ես ճիշտ եմ հիշում, անցյալ տարի լավագույն արդյունքներին հասել էր Նոր Զելանդիան, 100-ից 89էր նրա մաքրությունը, Դանիայում 88 էր, ԱՄՆ-ն այդ ցուցակում 17-րդ տեղում էր, Գերմանիան՝ 12-րդը, Հայաստանը՝ 107-րդը, մեզանից հետո շատ ու շատ պետություններ կան, այդ թվում և Ռուսաստանը, Ուկրաինան։
Մենք խնդիր պիտի դնենք, որ 107-րդ տեղից բարձրանանք մինչև առաջին 20 տեղերը կամ ավելի բարձր։ Իսկ դրա համար տարիներ առաջ ստորագրել ենք այն կոնվենցիան, որը ներկայացրել է ՄԱԿ-ը կոռուպցիայի դեմ պայքարում: Ըստ այդ կոնվենցիայի՝ մենք բազմաթիվ օրենքներ և կառույցներ պետք է ստեղծենք, որին զուգահեռ պետք է լինի նաև պատիժ։ Չինաստանը կոռուպցիայի դեմ հզոր պայքար է տանում, տարեկան մի քանի հարյուր հոգու էլ գնդակահարում է, բայց դա չէ իրենց ազգային ծրագիրը։
Դա ճանապարհ է, որ մյուս ծրագրերը ճիշտ իրականանան։ Հայաստանում իհարկե պետք է կոռուպցիայի դեմ պայքարել, և կարծում եմ, որնոր իշխանությունները լրիվ ձևավորվելուց հետո պարտադիր պետք է ստեղծեն համապատասխան մարմիններ և օրենքներ։
Ինչևէ, մենք այժմ նորից գտնվում ենք խաչմերուկում, կկարողանա՞նք արդյոք այս անգամ ընտրել ճիշտ ճանապարհը, թե ոչ։
Ամեն ինչ կախված է մեր ժողովրդի հասունությունից, խելամտությունից և կամքից։
Դատելու են հաջորդ սերունդները։
Ամբողջությամբ՝ ankakh.com