Ինչպե՞ս վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը. Վրաստանի մայր օրենքը կարևոր է հայերի համար. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը. Վրաստանի մայր օրենքը կարևոր է հայերի համար. armeniasputnik.am

Վրաստանի նոր սահմանադրությունը թույլ է տալիս երկքաղաքացիություն ունենալ, ինչը շատ կարևոր է հատկապես այնտեղ ապրող հայերի համար, որոնք ուզում են նաև Հայաստանի քաղաքացի դառնալ։

Վերջին յոթ տարվա ընթացքում այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով անձնագրերից զրկվել են Վրաստանի 30 հազար քաղաքացիներ, որոնցից 80%–ը հայեր են։ Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու` դեկտեմբերի 16-ին կայացած երդմնակալությունից հետո ուժի մեջ է մտել նոր սահմանադրությունը, որով ամրագրվում են «Վրաստանի քաղաքացիության» մասին օրենքում կատարված փոփոխությունները։

Վրաստանում այլևս չեն զրկի վրացական անձնագրից, եթե որևէ մեկն ուզենա նաև մեկ այլ երկրի քաղաքացի դառնալ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վախթանգ Խմալաձեն։

«Ըստ նոր սահմանադրության՝ դեկտեմբերի 16-ից երկքաղաքացիությունն այլևս չի արգելվում։ Մինչ այդ, գործող օրենքում նշվում էր, որ Վրաստանի քաղաքացին միաժամանակ չի կարող այլ երկրի քաղաքացիություն ունենալ», – նշեց նա։

Այսինքն` եթե Վրաստանի քաղաքացին այլ երկրի անձնագիր էր ստանում, նա մեխանիկորեն զրկվում էր Վրաստանի քաղաքացիությունից։

Մենք դիմեցինք նաև Վրաստանի արդարադատության նախարարություն՝ Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու ու պահպանելու կարգը հստակեցնելու համար։

«Քաղաքացիության մասին» օրենքի փոփոխություններն ուժի մեջ են մտել 2018 թվականի օգոստոսի 15-ին ու գործելու են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։ Վրաստանի նախկին քաղաքացիները կարող են Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու խնդրանքով դիմել Պետական ծառայությունների զարգացման գործակալություն։

«Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու գլխավոր պահանջը պետական լեզվի իմացությունն է։ Այդ հարցով դիմողները նախկինում Վրաստանի քաղաքացի լինելու մասին հաստատող փաստաթղթերը ներկայացնելուց բացի, նաև լեզվի ու պատմության թեստ են հանձնում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի արդարադատության նախարարության ներկայացուցիչը։

Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու ցանկություն ունեցող անձը չպետք է լինի հետախուզման մեջ կամ արտաքսված։ Վրաստանում ծնված, բայց դեռ խորհրդային տարիներին այլ երկիր տեղափոխված անձինք, որոնք նույնպես ուզում են վերականգնել քաղաքացիությունը, պետք է ծննդյան վկայական ներկայացնեն։ Սակայն նրանք էլ պետք է վրացերենի իմացության թեստ հանձնեն։ Հակառակ դեպքում նրանց կմերժեն։

Վրաստանի քաղաքացիները, որոնք այլ երկրի անձնագիր ունեն, բայց քաղաքացիությունից զրկվելու մասին ծանուցում չեն ստացել Վրաստանի արդարադատության նախարարությունից, պետք է Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու համար գրավոր դիմեն գործակալությանը։ Հարցը դիտարկվելու է 40 օրվա ընթացքում, որից հետո ստանալու են պատասխանը։ Հնարավոր է` այդ ընթացքում դիմորդին հարցազրույցի հրավիրեն։

Վրաստանի քաղաքացիությունը պահպանվելու է Վրաստանի իշխանության համաձայնությամբ։ Այն մարդիկ, որոնք հիմա մտադիր են այլ երկրի քաղաքացի դառնալ, պետք է նույնպես իրենց մտադրության մասին գրավոր հայտնեն գործակալությանը` նշելով, որ անպայման ուզում են պահպանել Վրաստանի քաղաքացիությունը։ Վրաստանի իշխանության համաձայնությունը ստանալու դեպքում նրանք կարող են երկրորդ քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթեր ներկայացնել։

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին տասնամյակում այլ երկրների (հիմնականում` Հայաստանի ու Ռուսաստանի) քաղաքացի են դարձել Վրաստանի մոտ մեկ միլիոն քաղաքացի։

Երկքաղաքացիության արգելքը վերաբերում էր նաև Վրաստանի առաջին դեմքերին։ 2012 թվականին` դեռ իշխանության գալուց առաջ, քաղաքացիությունից զրկվել էր Վրաստանի ապագա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որովհետև նա սահմանը հատել էր ֆրանսիական անձնագրով։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին էլ վրացական անձնագրից զրկվել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու պատճառով։

armeniasputnik.am