1919-ի կեսերին պրոֆեսոր Մարկվարտին այցելեց միջին տարիքի թխադեմ մի արևելցի, բարեւեց ու գիտնականի հրավերով տեղ գրավեց բազմոցին։ Մարկվարտը, սովորության համաձայն, մի քանի վայրկյանում սեղանին դարսեց իր հայագիտական ուսումնասիրությունները։ Նրան սովորաբար ծանոթ ու անծանոթ հայերն էին այցելում…
Պրոֆեսորն այցելուին ոգևորված պատմում էր, թե ինչ է գրել եւ ինչ է գրում, բայց շուտով նկատեց, որ գերմանախոս «հայը» շատ անտարբեր է իր պատմածների նկատմամբ։ Մտածեց թերևս «հայը» կարևոր գործ ունի հետը։
Քիչ անց այցելուն ասաց, որ ինքը մի քանի ձեռագիր է ուզում վաճառել եւ գրադարանի վարչությունը դրանք ուղարկել է պրոֆ. Մարկվարտին՝ ի գնահատություն։ Այս խոսքերի վրա նա տանտիրոջը մեկնեց գրադարանի վարչության գրությունը։ Մարկվարտը խնդրեց գրքերը ցույց տալ։
Այցելուն սեղանին դրեց չորս թե հինգ ձեռագիր, որոնց մեջ կային հրաշալի մանրանկարներով զարդարված երկու մագաղաթյա մատյաններ։
– Ինչո՞ւ եք վաճառում, բա ափսոս չէ՞, դրանք ձեր պապերից մնացած սրբություններ են, ո՞վ գիտե, քանի՜ հարյուր տարի սերնդից-սերունդ են անցել, մինչև հասել են ձեզ։ Խորհուրդ եմ տալիս չվաճառել, տարեք տուն, դուք էլ կկտակեք ձեր որդիներին, թո՛ղ պապական սեփականությունը ձեր տոհմից դուրս չգա։
– Պրոֆեսո՛ր, ես հայ չեմ, ես թուրք սպա եմ։
– Ապա որտեղի՞ց այս ձեռագրերը,- հանկարծակիի գալով, հարցրեց Մարկվարտը։
– Գիտե՞ք, պրոֆեսոր, երբ մենք գերմանական վաշտի հետ հարձակվեցինք Վանի մոտերքում գտնվող մի գյուղաքաղաքի վրա եւ այնտեղից դուրս քշեցինք ռուսներին ու հայերին, զինվորները մտան տեղի վանքը եւ սկսեցին կողոպտել ու ոչնչացնել այն, ինչ չէին կարող իրենց հետ տանել։
Ես նկատեցի գետնին թափված բազմաթիվ գրքեր, մի 10 գիրք վերցրի, դրանց մեծ մասն այսպես նկարազարդ էր․․․ Սրանք բերել եմ Բեռլին, ուզում եմ վաճառել եւ ընտանիքիս համար գնումներ կատարել:
– Ուրեմն դուք կողոպտի՞չ եք,- զայրացած ընդհատեց նրան պրոֆեսորը,- հայերի հուշարձաններն եք կողոպտել, հիմա էլ ուզում եք վաճառել եւ հայերի դժբախտության վրա ձեզ համար վայելուչ ու բախտավոր կյանք ստեղծե՞լ։ Դուրս կորեք իմ տնից, ավազակ։ Դո՛ւրս, անմիջապես հեռացե՛ք…
Սպան ձեռքը մեկնեց, որ ձեռագրերը վերցնի, բայց պրոֆեսորը տնտեսուհուն կարգադրեց, որ ոստիկաններ հրավիրի։ Թուրքը տեսնելով, որ միջադեպը խորանում է եւ չի կարող ձեռագրերը տանել, ընկրկեց, ապա փախավ տնից։ Գրքերը մնացին Մարկվարտի մոտ։ Երեք շաբաթ անց նա ձեռագրերն ուղարկեց Վիեննա՝ Մխիթարյանների գրադարան։
Կ. ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆ, «Թերթիկներ իմ հուշամատյանից»
Տես՝ «Էջմիածին» ամսագիր, 1965թ., ապրիլ
ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝ պրոֆեսոր Մարկվարտը:
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: