Հայաստանում կհիմնվի կերամիկայից սպասքի արտադրություն 150 աշխատատեղով և ընդլայնման մեծ հնարավորությամբ. ծրագիրը կյանքի կկոչվի ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ համատեղ ջանքերով և «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետաքրքրվածության շնորհիվ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը՝ հրապարակելով արտադրության նմուշի լուսանկար:
«Այս սիրունությունը շուտով արտադրվելու Է Հայաստանում՝ իտալական դիզայն, հայկական արտադրանք…հուլիսին Իտալիայի Նախագահ Սերջիո Մատարելան Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այցելեց Հայաստան։ Պատվիրակության կազմում էին նաև մի խումբ գործարարներ։ Այցից հետո Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ համատեղ ջանքերով և «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետաքրքրվածության շնորհիվ կհիմնվի կերամիկայից սպասքի արտադրություն:
Այդ գործում օգտագործվող հումքը կլինի հայկական, իսկ որոշ անհրաժեշտ նյութեր կներկրվեն եվրոպական այլ երկրներից, քանի որ Հայաստանում դրանք չկան: Ի դեպ, ընկերությունը նախապես պլանավորել էր արտադրությունը հիմնել մեր հարևան երկրներից մեկում»,-նշել է Մանե Ադամյանը՝ ավելացնելով, որ նախարարությունը իր լիազորությունների շրջանակում ակտիվ աջակցում է այս ծրագրին։