Հրանտ Թոխատյանը կնկարահանվի չինական պատմական ֆիլմում. aysor.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հրանտ Թոխատյանը կնկարահանվի չինական պատմական ֆիլմում. aysor.am

ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը չինական ևս մեկ ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել: Այս անգամ դերասանը հանդես է գալու չինական պատմական ֆիլմում:

«Դեռևս սցենարին լիովին ծանոթ չեմ, միայն գիտեմ, որ հայ վաճառականի եմ կերպարանավորելու: Իրենց պատմական փաստագրության մեջ նման կերպար կա: Հրավիրեցին, ես էլ սիրով համաձայնվեցի: Ըստ նախնական պայմանավորվածության՝ նկարահանումները կսկսվեն հուլիս ամսին, ամբողջը Չինաստանում է տեղի ունենալու», – Aysor.am-ին տեղեկացրեց դերասանը:

Ի դեպ, ՀՀ ժողովրդական արտիստը բոլորովին վերջերս նկարահանվել է ռուս-չինական համատեղ արտադրության՝ «Как я стал русским» (Ինչպես ես դարձա ռուս) կատակերգական գեղարվեստական ֆիլմում, որի չինաստանյան և ռուսաստանյան պրեմիերաները տեղի են ունեցել այս տարվա հունվարին:
«Ֆիլմի նկարահանումները սկսել էինք նախանցյալ տարի: Նկարահանումների 20 տոկոսը տեղի է ունեցել Չինաստանում, 80 տոկոսը՝ Ռուսաստանում: Ասեմ, որ ֆիլմի ռուսական և չինական տարբերակները միմյանցից բավական տարբերվում են: Կան էպիզոդներ, որոնք նկարահանվել են հատուկ Ռուսաստանի, կան այնպիսիք էլ՝ հատուկ Չինաստանի հանդիսատեսի համար: Տարբեր են նաև մոնտաժը, երաժշտությունը», – նշեց մեր զրուցակիցը:

Ֆիլմը ներկայացնում է չինացի տղայի ու ռուս աղջկա սիրո պատմությունը: Ռուս ընտանիքը դեմ էր, որ իրենց փեսան չինացի լինի, աղջկա հայրն ամեն ինչ անում է, որ դստերը բաժանի սիրելիից:

Չինացի տղային մարմնավորել է երիտասարդ դերասան Տոն Չանը:

Ֆիլմի ռեժիսորներն են Ակակի Սախելաշվիլին և Ռեզո Գիգինեյշվիլին, վերջինիս խնդրանքով էլ սցենարիստները ֆիլմում հայի կերպարն ընդգրկեցին, ում պետք է մարմնավորեր Հրանտ Թոխատյանը:

«Սկզբում դա տաքսու վարորդի կերպար էր, շատ փոքր դեր: Բայց հետո մեծացրեցին ու դարձրեցին գլխավոր դերերից մեկը: Մարմնավորում եմ հերոսուհու հոր գործերի կառավարչին, ով անընդհատ զավեշտալի պաշտմությունների կիզակետում է հայտնվում», – մանրամասնեց Հրանտ Թոխատյանը:

ՀՀ Ժողովրդական արտիստը խոստովանում է՝ չինացիների հետ աշխատելն իր համար որքան անսովոր, այնքան էլ հետաքրքիր էր: Հենց այդ պատճառով էլ համաձայնվել է համագործակցել նաև պատմական նոր ֆիլմում:

Դերասանը ռուսական կինոընկերությունների կողմից ևս երկու ֆիլմերի առաջարկներ ունի: Նկարահանումներից մեկը տեղի կունենա ապրիլ ամսին՝ ԱՄՆ-ում, մյուսը՝ Մոսկվայում։

aysor.am