Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցների, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի մոտ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ վարչապետն ընդգծել է, որ կառավարության համար մշակույթը և մշակութային քաղաքականությունն առաջնահերթ նշանակություն ունեն, որովհետև այն քաղաքական փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել, հնարավոր չէր իրականացնել առանց մշակութային խորքային փոփոխությունների:
«Այս առումով մշակութային փոփոխություն ասելով ես նկատի ունեմ նաև եթե ոչ առաջին հերթին, ապա առնվազն առաջիններից մեկը օրենքի և օրինականության նկատմամբ մեր վերաբերմունքը՝ որպես այդպիսին: Մեր այսօրվա քննարկումը նվիրված է իմ կողմից շատ հարգված գործիչ Կոնստանտին Օրբելյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Երբեմն լրատվությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Կոնստանտին Օրբելյանին հեռացրել են Օպերայից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է տնօրենի պաշտոնից, և ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Կոնստանտին Օրբելյանը, համենայն դեպս մինչև այդ հրամանը, Օպերայում զբաղեցնում էր տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Հիմա եկեք հասկանանք, թե ինչ խնդիրներ են ծագել սրա հետ կապված», – դիմելով Օպերայի աշխատակիցներին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն առաջարկել է փաստարկների վրա հիմնված խոսակցություն անցկացնել: «Եթե այդ փաստարկները ճիշտ են, ուրեմն որոշումն էլ է ճիշտ, եթե փաստարկները սխալ են, ուրեմն որոշումն էլ է սխալ: Հակառակ դեպքում մեզ պետք է շատ հստակ չափանիշ որդեգրել, թե ինչպես ենք գնահատում որևէ իրավիճակ: Առաջինը՝ պարոն Օրբելյանին տնօրենի պաշտոնում նշանակվելու հետ կապված կարող եմ ասել հետևյալը. Արդարադատության նախարարության 2018 թվականի օգոստոսի 11-ի փաստաթղթով արձանագրվել է, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումն իրականացվել է օրենսդրության պահանջների խախտումով: Ինչո՞ւ է այս հարցը քննարկվել, որովհետև քաղաքացու կամ քաղաքացիների կողմից դիմում է եղել այդ կապակցությամբ: Նկատի ունեմ, որ այս քննարկումը կառավարության կամ նախարարության նախաձեռնությամբ տեղի չի ունեցել: Իսկ օրենքը կառավարության և Մշակույթի նախարարության վրա շատ հստակ դնում է պարտավորություն, ոչ թե հայեցողություն, որ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ: Սա մեր օրենքի պահանջն է: Հաջորդ կետը՝ ինձ ասվում է հետևյալը. 2017 թվականի ընթացքում պարոն Օրբելյանը 12 անգամ 110 օր գործուղվել է տարբեր երկրներ՝ Կանադա, Լիտվա, Ավստրալիա, 7 անգամ ՌԴ, հիմնականում Մոսկվա, 2 անգամ ԱՄՆ և Արաբական Միացյալ Էմիրություններ: 2017 թվականի ընթացքում 135 օր փաստացի բացակայել է աշխատանքից: 2018 թվականի ընթացքում 174 օր բացակայել է աշխատանքից, ևս 20 օր գտնվել է չվճարվող արձակուրդում: Այսինքն, ընդհանուր առմամբ 194 օր բացակայել է աշխատանքից: 2019 թվականի տվյալները նույնպես կան: Ֆինանսների նախարարության կողմից 2017 թվականի ընթացքում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում արձանագրվել են 92 մլն դրամի խախտումներ: 2017-2018 թվականների ընթացքում վերականգնվել է ընդամենը 10 մլն 576 հազար 400 դրամը: Եթե վերականգնվել է, նշանակում է՝ այդ խախտումներն ընդունվել են որպես այդպիսին»,- նշել է վարչապետը:
Նախարարության կողմից մի քանի անգամ արձանագրվել են մի շարք օրենքների խախտումներ գործունեության մեջ, օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ աշխատողներ աշխատանքից ազատվել են: Այդ մարդիկ դիմել են նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին: Նախարարության մասնագետների կողմից ուսումնասիրվել են դիմումներում բարձրացված հարցերը, և պարզվել է, որ հիշյալ աշխատակիցների աշխատանքից ազատումն իրականացվել է օրենսդրության խախտումներով: Նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել օրենսդրության խախտումները վերացնելու կապակցությամբ, սակայն պարոն Օրբելյանը հրաժարվել է կատարել այդ հանձնարարականները՝ ներկայացնելով չհիմնավորված պատճառաբանություններ:
«Հաջորդը՝ 2016 թվականի կեսերից պարոն Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: 2017 թվականի փետրվարի 3-ի Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով տնօրենի պարտականությունները դրվել են գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա, 2017 թվականի օգոստոսի 2-ի N 39Ա հրամանով Օրբելյանն առանց մրցույթի նշանակվել է թատրոնի տնօրեն՝ շարունակելով զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի հաստիքը, իսկ օպերային թատրոնի տնօրենի 2017 թվականի մայիսի 29-ի N 228Ա հրամանով վերականգնվել է նաև գլխավոր դիրիժորի հաստիքը, և ներկայում այդ հաստիքը կոչվում է՝ գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժոր: Փաստացի Օրբելյանը թատրոնում զբաղեցնում է երեք հաստիք՝ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի և դիրիժորի: Ի պատասխան հարցմանը՝ թատրոնի իրավաբանը նշում է, որ Կոնստանտին Օրբելյանն աշխատում է 0,5 դրույքով որպես գեղարվեստական ղեկավար, մինչդեռ իրենց հաստիքացուցակում գրված է 2 պաշտոնների 2 լիարժեք հաստիք: Արդարադատության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների մեկնաբանությամբ Հայաստանի օրենսդրությամբ գեղարվեստական ղեկավարը և տնօրենը երկուսն էլ հանդիսանում են ղեկավար պաշտոններ, ուստի չէին կարող միավորվել մեկ անձի գործառույթներում: Սրանք փաստեր են, որոնք պաշտոնապես ներկայացվել են: Նախապես ասեմ, եթե պարզվի, որ ներկայացված տեղեկանքում որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը, դրա հեղինակը տեղում աշխատանքից կազատվի: Երկրորդ, շատ վատ և սխալ տպավորություն է ստեղծվում, թե Կոնստանտին Օրբելյանն Օպերայում զբաղեցրած իր բոլոր պաշտոններից ազատվել է: Իրականում դա այդպես չէ, և եթե հենվենք այս տեղեկանքի վրա, այս պահին գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժոր է: Մեր պետության այսօրվա քաղաքականությունն այնպիսին է, որ տնօրենի, այսինքն՝ մենեջերի և գեղարվեստական ղեկավարի հաստիքները տարբեր են: Այսօր բոլոր թատրոններում գործում է այդպիսի համակարգ. եթե օրենքը վատն է, նույն տրամաբանությամբ կարող ենք հավաքվել, հիմնավորումները լսել, հասկանալ, թե ինչու է վատը: Եթե օրենքը գործում է, ուրեմն պետք է բոլորս գործենք օրենքի տրամաբանության մեջ», – ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ հարգում է Կոնստանտին Օրբելյանին և մի քանի անգամ զրուցել է նրա հետ:
Կառավարության ղեկավարը նշել է, որ այս խնդիրը չի կարող լուծվել ո՛չ անձնական համակրանքների, ո՛չ հակակրանքների տիրույթում. «Այս խոսակցության իմաստը և նպատակը պետք է լինի օպերային թատրոնի իրավիճակի առողջացումը, դրա համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը և երկրում մշակութային կյանքի զարգացումը: Այժմ պարոն Օրբելյանը շարունակում է մնալ գեղարվեստական ղեկավար, ենթադրում եմ, որ տնօրենի պարտականություններն այս պահին կատարում է իր տեղակալը, ով իր կողմից է նշանակված, այսինքն՝ Օպերայի թիմի աշխատանքում այս պահին որևէ բան խաթարված չէ: Շարունակեք բնականոն աշխատել: Ես կսպասեմ ձեր փաստարկներին և միասին կկայացնենք որոշումներ»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր Հայաստանում մշակույթի խնդիրը մենեջմենթի մեջ է, և պետք է համատեղ ջանքերով աշխատել այն լուծելու ուղղությամբ: «Ես չեմ կարողանում ընդունել, որ բարձր մակարդակի բեմադրությունները տեղի են ունենում կիսադատարկ դահլիճներում: Ես այդ թեմային արդեն անդրադարձել եմ: Երբ երկու օր առաջ ասացի, որ նաև մշակութային գործիչների մեջ ինչ-որ դիսոնանս կա այս հարցում, նկատի ունեի այն, որ մեր գործիչների մի մասն այդ մտահոգությունը չեն կիսում և ասում են՝ սա էլիտար արվեստ է, ոչինչ, թող գան նրանք, ովքեր հասկանում են: Ես ասում եմ՝ ոչ, մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանում բարձր մակարդակի արվեստից գնալով ավելի մեծ թվով մարդիկ հասկանան: Ես չեմ կարող հասկանալ, որ Հովհաննես Չեքիջյանի համերգը տեղի է ունենում կիսադատարկ դահլիճում. դա ինձ համար վիրավորանք է՝ որպես վարչապետ, որպես քաղաքացի և ընդհանրապես որպես մարդ: Սա խորքային խնդիր է, որը պետք է լուծենք միմյանց հետ», – ընդգծել է վարչապետը: