«Դիլիջանի ջուրը 1–ին տեղում է. ինչպես Դովլաթյանը զանգեց Դանելիային ու պահանջեց գա Հայաստան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Դիլիջանի ջուրը 1–ին տեղում է. ինչպես Դովլաթյանը զանգեց Դանելիային ու պահանջեց գա Հայաստան. armeniasputnik.am

Պարզապես ինտելիգենտ ու իմաստուն մարդկանցից էր, ազնվական էր, իսկ դա չես թաքցնի, պետք էլ չի։ Գեորգի Դանելիան արժանի է մարմարում անմահացման ու անթիվ հուշարձանների։ Պարզապես արձան` վերընթաց էսկալատորի վրա, գլուխգործոց երգի ներքո։ Պարզապես ակնոցով մարդ։ Պարզապես դարաշրջան։

Երբ ամենաբարձրյալը մի առավոտ արթնացավ` որոշ մարդկանց ամբողջ կյանքում ինքնաբավ դարձնելու մտքով, ամենից լավը նրա մոտ ստացվեց Գեորգի Դանելիայի դեպքում. հումորի նուրբ զգացում, որն ինքնին լրիվ բավարար է խոր իմաստության համար, անփոխանցելի հմայք ու ամբողջ կյանքում ճիշտ տեղում լինելու արժեքավոր հնարավորություն։ Այս դեպքում խոսքը ֆիլմեր նկարահանելու մասին է։ Դա լրիվ բավական է 89 երջանիկ տարի ապրելու, իսկ մահանալուց հետո մեզ բոլորից որբ դարձնելու համար։

Նա կտավներ էր ստեղծում, երաժշտություն էր գրում, թմբուկների հավաքածու էր ուներ։ Նա բազում ֆիլմեր է նկարահանել, որոնցից յուրաքանչյուրը գլուխգործոց է։ Թվում է, թե Դանելիան կախարդությամբ էր ֆիլմ նկարահանում, մեկ–երկու օրերի ընթացքում, քանի որ այդ ֆիլմերն այնքան բնական են, ասես վերցված լինեն իր պես սովորական մարդկանց առօրյա կյանքից։

Դանելիան մի անգամ ասել է, որ չի նկարել այն ամենը, ինչ նախատեսել էր, բայց նկարել է այն, ինչ ուզել է։ Նա երբեք չէր նկարահանի պարտադրված բաներ, նման դեպքերում գլուխգործոցներ չեն ծնվում, իսկ Դանելիան ոչ գլուխգործոցներ նկարահանել չէր կարող։

…Ֆրունզե Դովլաթյանը, որն այն ժամանակ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղարն էր, պատմում է` ինչպես էին նրանք Միությունով հավաքվել դեռ մեծ էկրան դուրս չեկած «Միմինոն» նայելու։ Վրացին նկարահանում էր հային, ու հայերի մասին մի փոքր ծաղրանք, խայթում, հաստատ, կլիներ։ Օրինակ` մենք, միևնույնն է, ավելի լավ ենք ֆուտբոլ խաղում, իսկ գինու մասին նույնիսկ չարժե խոսել։ Ու նաև մեկուկես տասնյակ տարի առաջ վրացին է նկարահանել «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմը։ Մե՛կ Մոսկվա, մե՛կ Դիլիջան…

Դիտումից հետո Դովլաթյանը զանգել է Դանելիայի ու, մերժումը բացառող կտրուկ տոնով, պահանջել, որ Գեորգի Նիկոլաևիչը շտապ Հայաստան գա։

«Մենք քեզ Դիլիջան կտանենք, որ վերջապես հասկանաս` Դիլիջանի ջուրն աշխարհում ոչ թե երկրորդ, այլ առաջին տեղն է զբաղեցնում», – նման մի բան էր բղավում Դովլաթյանը խոսափողի մեջ։ Թե չէ ինչ–որ Սան Ֆրանցիսկո են հորինել, այլանդակություն է…

Ոչ, Գեորգի Դանելիայի ոսկե տառերով պատվանդանի վրա ծանրակշիռ բրոնզե քանդակ չի սազի։ Եկեք ձեռք չտանք, թող նա այդպես էլ մնա. յուրաքանչյուր կադրում, յուրաքանչյուր շարժման մեջ, իր ֆիլմերի յուրաքանչյուր իմաստուն կատակի մեջ։

Եթե, անպայման, հուշարձան է պետք, ուրեմն` այսպիսի. մետրոյի շարժասանդուղք`  սև ու պիտակ, այն վեր է տանում մարդու արձանիկը նորմալ ամառային անձրևի տակ Սադովոյե կոլցոյի, տունդրայի ու տայգայի մասին գլուխգործոց երգի ներքո։

Պարզապես հավերժությունը հասկացող մարդ։ Պարզապես դարաշրջան։

armeniasputnik.am