Հայաստանի հյուսիսում գտնվող Ախթալա քաղաքի գլխավոր հրապարակը երկրի սոցիալական նորմերի միկրոկոսմոսն է: 2000 բնակիչ ունեցող այս քաղաքի մեյդանը աշխուժանում է, երբ տղամարդիկ հավաքվում են միմյանց հետ զրուցելու, շախմատ կամ նարդի խաղալու:
Հանրային վայրերը դարձել են բացառապես տղամարդկանց հավաքատեղի նմանատիպ փոքր քաղաքներում: Չգրված օրենքի համաձայն` ամոթ է, եթե կանայք միմյանց հետ զրույցի բռնվեն փողոցում կամ ազատ ժամանակն անց կացնեն տեղի սրճարանում:
«Կանանց քննադատում են նույնիսկ քաղաքի հրապարակի կամ խաղահրապարակների մոտակայքում ման գալու համար»,-ասում է Անժելա Մաթեւոսյանը` Ախթալայի կանանց խորհրդի անդամը:
Իսկ հանրային վայրերում տղամարդկանց ծավալած խուսակցությունները հիմնական առնչվում են քաղաքում, երկրում աշխատատեղերի բացակայությանը եւ արտագնա աշխատանքին:
Ախթալայում գործազրկության մակարդակը մոտ 30% է, երկրի պաշտոնական միջին գործազրկության մակարդակից մոտ երկու անգամ ավել: Քաղաքի տնտեսությունը հիմնականում գոյատեւում է ի հաշիվ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի, (որը մեղադրվում է կոռուպցիայի եւ թունավոր աղտոտման մեջ): Այն գործում է մոտ 200 տարի: Ախթալայի եւ հարակից գյուղերի շուրջ 450 բնակիչներ աշխատում են այս գործարանում:
Սակայն այս միջավայրում 29-ամյա Արամ Փարսադանյանը բացառություն է: Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորելուց հետո նա վերադարձել է իր ծննդավայր, որտեղ հաջողացրել է աշխատանք գտնել տեղի միակ սրճարանում եւ կոտրել այն կարծրատիպը, թե տղամարդը չի կարող մատուցող լինել, կամ, թե խոհանոցը միայն կնոջ տեղն է: