Հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խորհրդանիշների պակաս չունի: Եվ մշակութային, գիտական ու կրթական առումներով, նման խոսուն ու մնայուն, խորհրդանիշ է եղել ու պատմության մեջ իր տեղն ու լուսավոր դերն ամրագրել է Լազարյան ճեմարանը՝ Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտը:
Խաչատուր Լազարյանը՝ Հովակիմ Լազարյանի որդին, ծնվել է 1789 թվականի հունիսի 1-ին՝ 230 տարի առաջ: Մարդկանց բնութագրում են իրենց գործերը: Իսկ մեծագործություններն ընդգծում են նրանց ազնվական բնույթն ու նկարագիրը: Թեպետ Լազարյաններին ռուսական ազնվականական տիտղոս շնորհվել է 18-րդ դարի 70-ականներին՝ Եկատերինա երկրորդ կայսրուհու կողմից, բայց դա ավելի շուտ ակնհայտ փաստի ճանաչում կամ արձանագրում է հիշեցնում, քանզի Լազարյանների մեծագործությունների հետագիծը թույլ է տալիս երևակայել, որ հնամենի ժամանակներից եկող հայոց նախարարական տոհմի ժառանգներ էին նրանք:
Խաչատուր (Քրիստոֆոր) Լազարյանի դիմանկարը. Սերգեյ Զարյանկո, 1851 թ.
Իր կյանքի ավելի քան ութ տասնամյակի ընթացքում բազմաբեղուն գործունեություն ծավալած ու մեծ հետք թողած Խաչատուր (Քրիստոֆոր) Լազարյանը, ինչ խոսք, այն պատմական կերպարը չէ, ում գործունեությունը հնարավոր է լրագրային անդրադարձով ամփոփել: Այստեղ հատորների մասին կարելի է խոսել, իհարկե:
Ուստի միայն երկու բնութագրական դրվագ կառանձնացնենք այս մեծ հայի կյանքից:
Հայտնի է, որ 19-րդ դարի 20-ական թվականներին վերստին ազգային-ազատագրական պայքար ծավալած հայությունը լիահույս էր՝ Արևելյան Հայաստանում վերականգնել իր ինքնուրույն պետականությունը, հասկանալի է՝ Ռուսական կայսրության աջակցությամբ: Բայց Ռուսական կայսրության շահերը այլ էին և ռուս-պարսկական, ապա և ռուս-թուրքական պատերազմներից հետո նման վերջնարդյունք չէին ենթադրում:
Բայց այն ժամանակներում կոնկրետ գործիչներ ունեին այդ նպատակադրումը, ինչպես օրինակ, Խաչատուր Լազարյանը, որ իշխան Կոստանդին Արղությանի և բանասեր Ալեքսանդր Խուդաբաշյանի համահեղինակությամբ, կազմել էր Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո հայկական ինքնավարություն ձևավորելու և համապատասխան կարգավիճակ սահմանելու կոնկրետ նախագիծ. «Մի շարք առաջարկներ Վրաստանի և հարակից երկրամասերի մասին» անվանումով հայտնի ծրագիրը: Չնայած «հարակից երկրամասեր» բառակապակցությանը, ծրագրով առաջարկվում էր Ռուսական կայսրության կազմում ձևավորել «Հայոց թագավորություն»՝ լայն ինքնավարությամբ: Ըստ էության, Խաչատուր Լազարյանն ու իր համախոհները Նիկոլայ I-ին առաջարկում էին վերականգնել հայկական պետականությունը, իսկ իր ցարական տիտղոսները լրացնել «Հայոց թագավոր» տիտղոսով:
ասկանալի է, իհարկե, որ այդ ծրագիրը չի ընդունվել: Չնայած, հետագայում Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրության կազմ անցած մասը կոչվեց Հայկական մարզ:
Այո, Խաչատուր Լազարյանը ոչ թե սոսկ երազում այլ շատ կոնկրետ ու, ի դեպ, բավականին հեռատեսորեն առաջարկում էր վերականգնել հայկական պետականությունը՝ թեկուզ Ռուսական կայսրության կազմում (իրականում այդ ծրագիրը շատ ավելի բազմաբովանդակ էր և անդրադառնում էր նաև այնպիսի առաջադիմական հիմնախնդրի, ինչպիսին էր ճորտատիրության վերացման անհրաժեշտությունը): Նրա առաջարկությունը չընկալվեց նույնպիսի հեռատեսությամբ:
Բայց մեկ ուրիշ կայսրություն Խաչատուր Լազարյանը կարողացավ ոչ միայն պահպանել, այլև ծաղկեցնել: Խոսքը, հարկավ, Լազարյան ճեմարանի՝ Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի մասին է: Խաչատուր Լազարյանը իր նախորդների հիմնած կրթօջախը ոչ միայն պարզապես պահպանում է, այլև հսկայական դեր է ունենում այն որակապես նոր մակարդակի հասցնելու և որպես այդպիսին մի ամբողջ ժամանակաշրջան գործելու առումով:
Տեսարան դեպի Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ. Նիկոնոր Չերնեցով, 19-րդ դար
Ըստ որում՝ պահպանելով այս կրթօջախի հիմքում դրված այն առանցքային սկզբունքը, որ Լազարյան ինստիտուտը ոչ դասակարգային կամ դասակարգայնությունից զերծ ուսումնական հաստատություն է, այսինքն՝ այնտեղ կարող էին ուսանել և ուսանել են տարբեր դասակարգեր ու խավեր ներկայացնող ընտանիքների զավակները:
Իսկ Լազարյան եղբայրները շարունակաբար խոշոր նվիրատվություններ ու հատկացումներ են կատարել՝ ապահովելով իրենց տոհմի անունը կրող ուսումնական հաստատության անխափան գործունեությունը: Միաժամանակ, Խաչատուր Լազարյանը մշտական ուշադրության կենտրոնու մ էր պահում գիմնազիայի և ինստիտուտի շարունակական զարգացման, կրթական ծրագրերի բարելավման խնդիրները, իր ժամանակաշրջանի կրթության լավագույն որակը ապահովելու հարցերը:
Իսկ 1860 թվականին, երբ ճեմարանի և ինստիտուտի ուսուցման ընթացքը լրջորեն բարեփոխելու ծրագիր հաստատվեց, որ լուրջ ֆինանսական ներդրում էր պահանջում, Խաչատուր Լազարյանն իր անձնական միջոցներից նվիրաբերում է այն ժամանակվա համար խոշոր գումար՝ 200 հազար ռուբլի:
Բայց ի՞նչ ասել է խոշոր գումար մի գործչի պարագայում, որ ըստ էության, իր ամբողջ կյանքը նվիրաբերեց լուսավորության այս ուրույն օջախին: