Մունիբա Մազարին պակիստանցի նկարչուհի, գրող և ոգեշնչող (մոտիվացիոն) հռետոր է:
Մունիբա Մազարին Պակիստանում ՄԱԿ-ի կանանց հարցերով ազգային դեսպանն է և այսօր պատմում է այն մասին, թե ինչպես է 21 տարեկանում վերապրել ծանր ավտովթարն ու ընդմիշտ հաշմանդամ դարձել: Նա ուժի և ոգեշնչման մարմնավորում է:
«Ես 18 տարեկան էի, երբ ամուսնացա: Ես շատ պահպանողական ընտանիքից էի, մի ընտանիքից, որի լավ դուստրերը չեն համարձակվում չհնազանդվել ծնողներին: Հայրս ցանկանում էր, որ ես ամուսնանայի: Ահա, ինչ կարող էի նրան պատասխանել. «Եթե դա կերջանկացնի քեզ, ապա ես կհամաձայնեմ»: Իհարկե, սա երջանիկ ամուսնություն չէր: Ամուսնությունից երկու տարի անց, մոտավորապես 9 տարի առաջ ես ավտովթարի ենթարկվեցի: Ամուսինս քնել էր ղեկին, և մեքենան փոսն էր ընկել: Նրան հաջողվել էր դուրս թռչել և փրկվել: Ես շատ ուրախ եմ նրա համար: Բայց ես մնացել էի մեքենայում: Ես շատ վնասվածքներ ու կոտրվածքներ էի ստացել, ցուցակը շատ երկար է: Աջ ձեռքս արմունկի հատվածում կոտրվել էր, վնասվել էր դաստակս, կոտրվել էին նաև ուսոսկրս ու անրակս: Ջախջախվել էր ամբողջ կրծքավանդակս: Բայց ինձ ու իմ կյանքը ամբողջովին փոխեց ողնաշարի վնասվածքը: Շատերը շտապեցին փրկել մեզ, ինձ էլ առաջին օգնություն ցույց տվեցին: Նրանք ինձ մեքենայից դուրս քաշեցին: Հենց այդ ժամանակ էլ վնասվեց իմ ողնուղեղը:
Հիվանդանոցում անցկացրած ամիսներն ուղղակի մղձավանջ էին: Ես կարծես անդունդի եզրին էի ու ամբողջովին հուսահատված: Մի անգամ ինձ մոտեցավ բժիշկն ու ասաց. «Լսել եմ, ցանկանում էիք նկարչուհի դառնալ, բայց տնային տնտեսուհի դարձաք: Ես վատ նորություն ունեմ: Դուք չեք կարող նորից նկարել»: Հաջորդ օրը բժիշկը եկավ ու ասաց. «Ձեր ողնուղեղը շատ է վնասվել, և դուք չեք կարող նորից քայլել»: Ես խորը շունչ քաշեցի և որոշեցի հաշտվել այս ամենի հետ: Հաջորդ օրը բժիշկը նորից այցելեց ինձ և ասաց. «Ողնուղեղի և մեջքի վնասվածքի պատճառով դուք չեք կարող նորից մայրանալ»: Այդ օրը ես, իսկապես, ունայնացած զգացի ինձ: Ես սկսեցի հարցնել ինքս ինձ. «Ինչո՞ւ եմ ես դեռ ողջ»: Ահա, ինչն էր ինձ ուժ տալիս ամբողջ ընթացքում:
Մի անգամ ես հարցրի եղբայրներիս. «Ես գիտեմ, որ ձեռքս դեֆորմացվել է, բայց հոգնել եմ նայել հիվանդանոցի սպիտակ պատերին, բժիշկների ու բուժքույրերի սպիտակ խալաթներին: Ինձ ներկեր ու նկարելու համար կտավ բերեք: Ես ցանկանում եմ նկարել»: Առաջին նկարը ես նկարեցի հիվանդանոցի մահճակալին պառկած: Կյանքումս առաջին անգամ էի նկարում այդպես: Պարզվեց, որ այս զբաղմունքը հիանալի թերապիա է: Մի բառ անգամ չարտասանելով՝ ես արտահայտում էի զգացմունքներս նկարների միջոցով: Ես կարողանում էի կիսվել իմ պատմությամբ: Մարդիկ հաճախ էին այցելում ինձ ու ասում. «Ի՜նչ հիանալի նկարներ են, ինչքան գույներ կան նրանց մեջ: Ոչ ոք չկարողացավ տեսնել նրանց մեջ վշտի արտահայտում, միայն ես կարող էի տեսնել դա:
Այդ ժամանակ ես որոշեցի, որ կապրեմ այնպես, ինչպես ուզում եմ: Ես չեմ պատրաստվում կատարյալ լինել ուրիշների համար, ես պարզապես կապրեմ ներկայով, այն կյանքով, որը կատարյալ է ինձ համար: Ես պայքարելու եմ իմ վախերի դեմ: Ես թղթի վրա դուրս էի գրել բոլոր վախերս ու որոշել, որ մեկ առ մեկ կհաղթահարեմ դրանք: Գիտե՞ք, ո՞րն էր իմ ամենամեծ վախը: Ամուսնալուծությունը: Բայց այն օրը,երբ ես որոշեցի, որ վախը միայն իմ գլխում է, ես ազատվեցի նրանից: Ես այնքան ուժեղ դարձա, որ երբ իմացա, որ նախկին ամուսինս նորից ամուսնացել է, գրեցի նրան. «Ես շատ ուրախ եմ քեզ համար ու Ձեզ ամենալավն եմ մաղթում»: Նա գիտի, որ ես աղոթում եմ նրա համար:
Հաջորդ վախս կրկին մայրանալու անհնարինությունն էր: Այդ լուրն ինձ, իսկապես, ոչնչացրեց: Բայց հետո ես հասկացա. «Աշխարհում այնքան երեխաներ կան, որոնք ցանկանում են սիրված լինել: Այնպես որ, լաց լինելու պատճառ չկա. ուղղակի պետք է գնալ ու երեխա որդեգրել»: Եվ այդպես էլ արեցի: Ես ուղարկեցի տվյալներս տարբեր կազմակերպություններ, որբերի համար կացարաններ ու սկսեցի համբերատար սպասել: Երկու տարի անց Պակիստանի մի փոքրիկ քաղաքից ինձ զանգահարեցին: Ես պատասխանեցի զանգին: Ինձ ասացին, որ մի փոքրիկ տղա կա: Արդյոք ես կցանկանա՞մ նրան որդեգրել: Ես պատասխանեցի, որ ցանկանում եմ նրան որդեգրել և կգամ ու նրան տուն կբերեմ: Այն ժամանակ նա ընդամենը 2 օրական էր: Այժմ արդեն 7 տարեկան է:
Երբ նստում ես հաշմանդամի սայլակին, գիտե՞ք՝ ինչն է ամենից շատ ցավ պատճառում: Այն միտքը, որ հասարակությունը չի ընդունի Ձեզ, քանի որ աշխարհում չկան իդեալական մարդիկ, իսկ մենք այդ աշխարհի հակառակ՝ ոչ իդեալական կողմն ենք: Այնպես որ, որոշեցի հնարավորինս հաճախ լինել հանրության առաջ: Ես սկսեցի նկարել: Որոշեցի հաղորդավարի դերում Պակիստանի ազգային հեռուստատեսության մի մասը դառնալ: Ես նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան դարձա, որպեսզի ներկայացնեմ պակիստանցի կանանց շահերը: Այժմ ես պաշտպանում եմ կանանց և երեխաների իրավունքները: Ես ընդգրկվեցի նաև ըստ BBC-ի 2015 թվականի հարյուր ամենաազդեցիկ կանանց ցուցակում: Իսկ 2016թ. ընդգրկվեցի Forbes 30 Under 30 ցուցակում:
Այնպես որ, երբ դուք ընդունում եք ինքներդ ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, աշխարհը նույնպես ընդունում է ձեզ: Ամեն ինչ սկսվում է ինքդ քեզ վրա աշխատելուց: Մեզ մոտ կյանքի և տեղի ունեցող ամեն ինչի համար գործում է հետևյալ հիանալի տեսակետը. «Ահա իմ ծրագիրը, ես պետք է հետևեմ նրան»: Եթե այն չի գործում, մենք հանձնվում ենք: Ես երբեք էլ չեմ ցանկացել հաշմանդամի սայլակին հայտնվել: Երբևէ չեմ էլ մտածել այդ մասին: Նման կյանքը փորձություն է, իսկ փորձությունները երբեք հեշտ չեն լինում: Այնպես որ, եթե կյանքից ակնկալում եք քաղցր կոնֆետներ, իսկ կյանքը Ձեզ միայն կիտրոններ է նետում, ապա դրանցից լիմոնադ պատրաստեք: Մի մեղադրեք հանգամանքներին: Վախեցած լինելն ու լաց լինելը բնական է: Ամեն ինչ էլ բնական է: Միայն թե մի մտածեք հանձնվելու մասին:
Ասում են՝ ձախողումն անընդունելի է: Բայց կյանքում ձախողումներ պետք է լինեն, քանի որ, երբ ընկնում ես, ստիպված ես նորից ու նորից բարձրանալ: Հենց դա է ստիպում Ձեզ աճել: Երախտագիտությամբ ընդունեք Ձեր ամեն մի շունչը, բարյացակամորեն վերաբերվեք կյանքին: Ապրեք ու մի թաղեք ինքներդ Ձեզ, քանի դեռ չեք մահացել: Իրական երջանկությունն ունեցածի համար երախտապարտ լինելն է: Երախտապարտ եղեք, ապրեք ու վայելեք ամեն պահը»,- ասում է Մունիբա Մազարին:
Հրապարակման պատրաստեց Անժելիկա Այվազյանը