Հաջողության ավանդական ցուցիչները՝ սեփական բնակարանն ու ավտոմեքենան, արդեն արդիական չեն։ Ավելի ու ավելի շատ երիտասարդներ ողջ աշխարհում չեն ուզում գնել դրանք։
Արևմտյան մասնագետների բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ ներկայիս 30-35 տարեկանների սերունդն արդեն հազվադեպ է տներ գնում, իսկ ավելի քիչ՝ ավտոմեքենաներ։ Իրականում գերթանկարժեք գնումներից նրանք ընդհանրապես հրաժարվում են՝ չհաշված, իհարկե, այֆոն հեռախոսները։
Ամերիկայում ընդհանրապես մինչև 35 տարեկան մարդկանց անվանում են վարձակալների սերունդ։
Ինչո՞ւ է այդպես կատարվում։ Որոշ սոցիոլոգներ համոզված են, որ դրա պատճառն այն է, որ ժամանակակից երիտասարդության վրա չափազանց շատ ֆինանսական կատակլիզմներ են ընկել, և դրա համար էլ մարդիկ պարզապես վախենում են լուրջ վարկեր վերցնել։
Բայց նույնիսկ դա չէ գլխավորը։ Բանն այն է, որ ժամանակակից երիտասարդների սերունդը տարբերվում է իր հայրերի սերնդից, նախ և առաջ՝ այլ արժեհամակարգով։
Ժամանակակից երիտասարդությունը վերանայում է հաջողություն ասված հասկացությունը։ Եթե նախկինում հաջողակ մարդիկ էին համարվում նրանք, ովքեր սեփական բնակարան ու ավտոմեքենա ունեին, ապա այժմ հատուկ հարգանքի են արժանի նրանք, ովքեր գումար են ներդրել փորձի և տպավորությունների մեջ՝ ճանապարհորդները, էքստրեմալները, ստարտափների հեղինակները։
Երիտասարդ մարդիկ գիտակցաբար հրաժարվում են անշարժ գույք և անգամ կահույք գնելուց՝ գերադասելով վարձակալել դրանք։ Իմաստն այն է, որ այժմ մարդիկ ոչ թե ճոխ կյանք ու կայունություն են ուզում, այլ՝ ճկուն գրաֆիկ, ֆինանսական և աշխարհագրական անկախություն։
Նյութական արժեքները պարզապես դադարում են հետաքրքրել մարդկանց։ Ինչո՞ւ է պետք ԱՄՆ-ում ավտոմեքենա ունենալ, եթե դուք Uber կամ Lyft ունեք։ Չէ՞ որ, ըստ էության դա, անձնական ավտոմեքենա է, և այն էլ՝ վարորդով։ Եվ Յուբերի ծառայություններից օգտվելն ավելի թանկ չէ, քան սեփական ավտոմեքենա ունենալը։
Ինչո՞ւ մի գեղատեսիլ վայրում տուն գնել ու այնտեղ գնալ հանգստանալու, եթե մոլորակի ցանկացած անկյունում Airbnb-ի միջոցով տուն կարող ես գտնել։ Դուք ոչ ստիպված կլինեք վարձակալության համար հավելյալ գումար վճարել, ոչ էլ անշարժ գույք գնել ձեզ դուր եկած երկրում։ Նույն բանն է նաև ձեր հարազատ քաղաքում անշարժ գույք ձեռք բերելու պարագայում։
Նախ՝ դուք չգիտեք, թե որքան երկար դուք կապրեք այնտեղ, ուր այժմ ապրում եք։ Եվ երկրորդ, ինչո՞ւ 40 տարով հիպոթեք վերցնել, եթե կարելի է հաշտվել այն մտքի հետ, որ ողջ կյանքդ ապրելու ես վարձակալած բնակարանում։ Ի վերջո, հավանաբար դուք առաջիկա տարիներին ձեր աշխատանքը կփոխեք, և եթե դուք բնակարան վարձակալեք, ապա ձեզ ոչինչ չի խանգարի տուն վարձել ձեր աշխատավայրի մոտակայքում։ Վիճակագրություն կա, որ ժամանակակից ամերիկացիներն աշխատանքը փոխում են միջինը յուրաքանչյուր 3 տարին մեկ։
Ինքը՝ իրեր ունենալու կոնցեպցիան, արդեն իսկ ակտուալ չէ։
Atlantic-ի մեկնաբան Ջեյմս Գեմբլինն այս ֆենոմենը բացատրում է այսպես. «Վերջին 10 տարիներին հոգեբանները հսկայական քանակությամբ հետազոտություններ են անցկացրել, որոնք ապացուցել են, որ երջանկության և բարեկեցության զգացողության տեսանկյունից ավելի շահավետ է գումարը ծախսել նոր փորձի, այլ ոչ՝ նոր իրերի ձեռքբերման համար։ Դա ավելի մեծ ուրախություն է բերում»։
Ահա որոշ հատվածներ Գեմբլինի հոդվածից։
- «Պարզվում է, մարդիկ այլևս չեն ուզում պատմություններ լսել այն մասին, թե դուք որտեղ եք տուն գնել, ինչպիսին է այն, և ինչքան լավ եք անցկացրել հանգստյան օրերը»։
- «Անգամ վատ փորձը վերջնարդյունքում գերազանց պատմություն է դառնում»։
- «Մարդկանց միջև սոցիալական փոխգործակցությունը նրանց՝ երջանիկ լինելու կամ չլինելու հարցում որոշիչ նշանակություն ունի։ Այնպես որ, դուք պետք է խոսեք այլ մարդկանց հետ ու շատ ընկերներ ունենաք։ Բնականաբար, ուրիշների համար հաճելի կլինի լսել այն մասին, թե ինչ խելացնոր ճանապարհորդության եք դուք գնացել, ինչպես եք, ենթադրենք, մեկ տարի ապրել վայրի երկրում, այլ ոչ այն մասին, թե արդեն քանի բնակարան եք հասցրել գնել»։
Եվս մի բան կա։ Բանն այն է, որ մեր ունեցած իրերը, հատկապես, եթե դրանք շատ թանկ արժեն, մեզ ստիպում են անհանգստանալ նրանց վիճակի մասին։ Եթե մեքենա եք գնել, ամեն անգամ ցնցում կապրեք, երբ դրսից լսեք ինչ-որ մեքենայի ազդանշանային համակարգի ձայնը։ Տանը թանկարժեք տեխնիկա ու այլ իրեր ունենալու պարագայում պիտի վախենաք կողոպուտի ենթարկվելուց։ Էլ չենք խոսում այն մասին, որ մեքենաները ջարդվում են, քերծվում, իսկ գերթանկարժեք հեռուստացույցներն էլ մի օր շարքից դուրս են գալիս։ Իսկ ձեր ստացած փորձառությունը ոչ ոք ձեզնից չի խլի։
Մեր ծնողներն այնքան էժան ու այնքան հաճախ ճանապարհորդելու հնարավորություն չեն ունեցել, որքան մենք ունենք։ Նրանք զվարճանալու հնարավորություն չեն ունեցել այնպես, ինչպես մենք ունենք այժմ։ Նրանց համար այնքան հեշտ չի եղել նոր բիզնես սկսել, որքան մեզ համար։ Այդ պատճառով էլ նրանք իրենց միջոցները ներդրել են տներ կամ բնակարաններ ու մեքենաներ ձեռք բերելու մեջ, իսկ մենք այդպես վարվել արդեն չենք ուզում։ Ի վերջո, մեր ցանկացած գնում, եթե դա տուն կամ մեքենա չէ, ժամանակի ընթացքում արժեզրկվում է։ Իսկ եթե հիշենք այն մասին, թե որքան արագ է ճգնաժամի պարագայում էժանանում անշարժ գույքը, ապա ամեն ինչ ավելի ակնհայտ է դառնում։
Այդ պատճառով էլ մենք նույնպես ձեզ խորհուրդ ենք տալիս գումարը ներդնել փորձառություն ձեռք բերելու մեջ։ Այն չի արժեզրկվի, և այն հնարավոր չէ գողանալ։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը