Մետաղական աղբով լի մեքենաներ` կառավարության մոտ. ինչի դեմ են բողոքում տնտեսվարողները. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մետաղական աղբով լի մեքենաներ` կառավարության մոտ. ինչի դեմ են բողոքում տնտեսվարողները. armeniasputnik.am

Մետաղական թափոնների արտահանմամբ զբաղվող մի շարք ընկերության ներկայացուցիչներ մետաղյա ջարդոններով բեռնված բեռնատարներով այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում։ Նրանք բողոքում էին պետտուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագծից, որով մետաղական ջարդոնի արտահանման համար պետտուրք է սահմանվում։

«Աղբի վրա, որը տարիներ շարունակ թափված է եղել փողոցներում, ու հիմա մարդիկ սկսել են հավաքել, վերամշակել ու արտահանել, հանկարծ որոշել են պետտուրք նշանակել։ Հիմա ուզում են 1 տոննայի արտահանվող մետաղի համար 80 000 դրամ պետտուրք սահմանել` այն դեպքում, երբ շուկայում 1 տոննա մետաղական ջարդոնը 100-110 000 դրամով հազիվ է վաճառվում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մետաղական թափոնների վերամշակման բիզնեսի իրավախորհրդատու Արթուր Այվազյանը, որը նույնպես մասնակցում էր բողոքի ցույցին։

Նրա խոսքով` այս ամենն արվում է ինչ–որ մեկի համար. Այվազյանը վստահ է` շուկայում մենաշնորհ կլինի, եթե պետտուրք սահմանվի, քանի որ մանր ընկերությունները կլուծարվեն ու կմնա մեկ ընկերություն, որի համար էլ օրենքի նախագիծը կյանքի է կոչվել։ Իսկ թե որ ընկերության մասին է խոսքը, նա փակագծերը չբացեց։

«Այս ամենի մեջ ուշագրավն այն է, որ չնայած օրենքի նախագիծը դեռ Ազգային ժողովը չի հաստատել, սակայն ՊԵԿ–ն արդեն մեզ թույլ չի տալիս արտահանմամբ զբաղվել` արհեստականորեն անընդհատ ձգձգելով բեռների բացթողումը։ Պետտուրքի ու ՊԵԿ–ի հետ կապված մենք արդեն իսկ տեղեկացրինք վարչապետի օգնական Մհեր Սահակյանին, և նա խոստացավ, որ կփորձի պարզել` ինչ է կատարվում»,–ասաց Այվազյանը։

Մետաղական թափոնների վերամշակմամբ ու արտահանմամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ 1 տարի առաջ` հեղափոխությունից հետո, ընկերներով հավաքվել ու ընկերություն են բացել։ Նրա խոսքով` երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տնտեսական հեղափոխությունը կյանքի կկոչվի, երբ մարդիկ աղբն ու մետաղի թափոնները կվերամշակեն ու կվաճառեն, այդ ժամանակ էլ որոշել են մետաղի թափոնների վերամշակմամբ զբաղվել։

«Մեկ տարի առաջ ոգևորված տարածքներ վարձակալեցինք, աշխատողներ ընդունեցինք, վարկով տեխնիկա գնեցինք ու այսօր

կանգնել ենք փաստի առաջ։ Մեր ընկերությունում 30 աշխատող կա, սակայն պայմանագրային հիմունքներով ավելի քան 3000 մարդ է մեզ հետ համագործակցում։ Այսինքն` նրանք դաշտերից հավաքում–բերում են մետաղի թափոններն ու վճարվում դրա համար»,–ասաց նա։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am