ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
Արտաշես անվամբ հայտնի Մեծ Հայքի արքաները երեքն են: Առաջինը՝ Արտաշեսյան հարստության (Ք․ա․189-ՔՀ1 թթ․) հիմնադիրն է։ Ք․ա․ 201-ին սելեւկյան արքա Անտիոքոս Գ-ի տրամադրած զորքերով նա Զարեհի հետ ներխուժել է Հայաստան, կործանել Երվանդունիների հարստությունը եւ Մեծ Հայքում, որպես սելեւկյան սատրապ, կառավարել մինչեւ Ք․ա․ 189թ․։
Օգտվելով սելեւկյանների՝ Հռոմից կրած պարտությունից (Ք․ա․ 190 թ․, Մագնեսիա), Արտաշեսը վերականգնել է հայոց թագավորությունը, վերամիավորել Մեծ Հայքի տարածքը (բացի Ծոփքից), կառուցել Արտաշատ մայրաքաղաքը, իրականացրել բարենորոգումների մի ընդարձակ ծրագիր՝ հող նախապատրաստելով հայկական աշխարհակալության ստեղծման համար, որը հաջողությամբ իրականացրել է թոռը՝ Տիգրան Բ Մեծը։
Արտաշես Բ-ն (Ք․ա․ 30-20) Տիգրան Մեծի թոռն է՝ Արտավազդ Բ-ի որդին։ Հոր, մոր ու երկու եղբայրների Անտոնիոսի կողմից գերեւարվելուց չորս տարի անց՝ Ք․ա․ 30-ին, Արտաշեսը պարթեւ արքա Հրահատ Դ-ի զինական օգնությամբ Պարթեւստանից ներխուժել է Մեծ Հայք, սրի քաշել Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին եւ հաստատվել Հայոց գահին։ Նա իր տիրույթներին է միացրել Ատրպատականը եւ կրել «արքայից-արքա» տիտղոսը։
Օկտավիանոսն իր հայրենակիցների գլխին եկածն իմանալով հանդերձ՝ խուսափել է արքայից-արքա Արտաշես Բ-ի հետ բախվելուց, քանզի Հայոց արքան հզոր էր իր ռազմական ուժերով ու սկզբնական շրջանում պարթեւների հետ ունեցած ամուր դաշինքով, ինչպես նաեւ երկրի ներսում վայելում էր մեծ սեր ու հեղինակություն։
Ք․ա․ 20-ին դավադրություն է կազմակերպվում Արտաշես Բ-ի դեմ, որը հայոց արքունիքում դաժանաբար սպանվում է։ Այդ ժամանակ էլ հռոմեական լեգեոնները կրկին ներխուժում են Հայաստան․․․
Արտաշեսյան հարստության անկումից հետո՝ Արտաշես ու Տիգրան անուններն իրենց անվանն ավելացնում էին օտար դրածոները, որպեսզի ընդունելի ու ընկալելի դարձնեն իրենց ներկայությունը հայոց գահին։
Մեր վերջին Արտաշեսը՝ Արտաշես Գ-ն (422(423)-428 թթ), ով հայտնի է նաեւ Արտաշիր անունով, Վռամշապուհ արքայի (388-414 թթ․) որդին էր, Հայաստանում Արշակունյաց հարստության վերջին ներկայացուցիչը։ Ղազար Փարպեցին վկայում է, որ հայ նախարարները դժգոհ լինելով նրա վարքից ու կառավարումից՝ գնում են Տիզբոն, պարսից արքա Վռամ V Գոռին հայտնում, թե այլեւս իրենց թագավոր պետք չէ, այլ «ժամանակ առ ժամանակ թող շահն իրենց գլխին վերակացու կարգի եւ նրա միջոցով կառավարի հայոց երկիրը»։
Նախարարներն ականջալուր չեղան հայոց հայրապետ Սահակ Պարթեւի հորդորներին, ով փորձում էր համոզել՝ հետ կանգնել ազգակործան մտահղացումից։ Արտաշեսի գահազրկմամբ էլ կործանվեց հայոց թագավորությունը եւ երկիրն ավելի քան չորսուկես դար (428-885) անթագավոր մաքառեց ժամանակի փորձությունների դեմ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
Արտաշես Բ-ի (Ք.ա.30-20 թթ.) հատած պղնձե դրամը։ Դիմերեսին արքայի դիմաքանդակն է՝ պապենական թագը գլխին, իսկ դարձերեսին՝ հաղթություն բերող դիցուհին՝ պսակը ձեռքին։
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: