Երբ սիրում են գրողներն, այդ սերը փոխանցվում է նաև իրենց ընթերցողին: Նրանց տողերի միջոցով զգացվում են համբույրի համը, սրտի բաբախն ու աչքերի փայլը…
Vnews-ն առանձնացրել է մի քանի սիրո դրամատիկ պատմություն, որոնք անսահման հուզիչ են և կատարյալ գեղեցիկ:
1. Դանիել Վարուժան և Արաքսի
Դանեիլ Վարուժանի կյանքը շատ կարճ տևեց: 31 տարի, 31 չիրականացած երազանք…
Դանիել Վարուժանն ու Արաքսին հանդիպեցին, երբ պոետը նոր էր վերադարձել Բելգիայի Գենտ համալսարանում ուսանալուց: Այնտեղ նա ունեցել էր սիրո մի տխուր պատմություն, որի հետևանքով պոետը դառնագին տողեր էր նվիրել այդ անծանոթ կնոջը.
«Բերնիս վրա համբույրն իր ուրիշ համբույր մ՛համբուրեց.
Սիրտը սրտիս վրա ուրիշ սըրտի մ՛համար բաբախեց:
Եվ, ո՜վ սարսափ, երբ եկավ բազուկներուս հանձնըվիլ՝
Իր մարմինեն ես օտար անկողին մ՛հոտը առի»:
Տողերից զգացվում է, որ խոսքը դավաճանության մասին է: Վարուժանն այս դժվար ապրումներով աշխատանքի է անցնում հայրենի Բրգնիկ գյուղում, որտեղ հարուստ ընտանիքում մասնավոր ուսուցիչ է աշխատում: Հենց այստեղ էլ նա սիրահարվում է իր աշակերտուհուն՝ Արաքսիին, որը և հետագայում դառնում է բանաստեղծի կինը:
Արաքսին մեծահարուստ ընտանիքից էր, ուներ լավ կրթություն, զարգացած էր, կարդացած: Ծնողներն ուսուցչին չեն դիտարկում հարմար թեկնածու ամուսնության համար՝ հաշվի առնելով նրա դիրքը հասարակության մեջ: Եվ Արաքսիի կամքին հակառակ՝ նշանադրում են մի թուրք էֆենդիի հետ: Այս փաստից ցնցված՝ Արաքսին նամակ է գրում Վարուժանին.
«Ոչ ոք չի կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»:
Այս նամակը հենց նշանադրության օրը պատահաբար ընկնում է թուրք փեսացուի ձեռքը: Կարդալով այս տողերը և տեսնելով հարսնացուի արցունքոտ աչքերը՝ նա հասկանում է, որ Արաքսիի միակ սերը Վարուժանն է: Երիտասարդը շնորհավորում է Վարուժանին և Արաքսիին՝ մաղթելով նրանց երջանկություն: Շուտով զույգն ամուսնանում է:
Տարիներ անց նրանք ունենում են 3 երեխա՝ Վերոնիկը, Արմենը և Հայկակը, որին, ցավոք, Վարուժանն այդպես էլ չի հասցնում տեսնել. 1915 թվականի օգոստոսի 26-ին Դանիել Վարուժանը դաժանորեն սպանվում է թուրքերի կողմից, նույն օրն էլ ճակատագրի հեգնանքով ծնվում է նրա 3-րդ զավակը՝ Հայկակը…
Ամբողջությամբ՝ vnews.am