ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն (527-565 թթ.) հայ զորահրամանատար Ներսեսին 550 թ. նշանակեց Իտալիայում բյուզանդական բանակի գլխավոր հրամանատար։ Վերջինս 552 թ․ Կապուայի մոտ պարտության մատնեց գոթերի Տոտելա թագավորին եւ գրավեց Հռոմը, ապա ծնկի բերեց ֆրանկներին ու ալեմաններին, իսկ 555-ին՝ Հուստինիանոսի հրամանով նշանակվեց նվաճված Իտալիայի փոխարքա (կառավարիչ):
Ներսեսը փոխարքայության կենտրոն դարձրեց Ռավեննան, որտեղ ծավալեց շինարարական աշխատանքներ: Օգոստոս կայսեր կառուցած Ռավեննայի Կլասիս (Classis) նավամատույցը վերանվանվեց «Արմենիա»: Հայերն ունեին իրենց եկեղեցին ու պանթեոնը։
Ռավեննայի պահակազորը կազմված էր հայկական երեք հեծյալ գնդերից, որոնք ունեին իրենց անվանումները, բայց միասին կոչվում էին «Numerus Armeniorum»։ Ալիշանը հիշատակում է նրանցից երկուսի անունները՝ CLASSIS ու ARMENIA: Այս գնդերը տեղակայված էին քաղաքի ծովափնյա թաղամասերում եւ Ռավեննայում մնացին ավելի քան երկու դար։
VII դարում հայկական զորամասեր էին տեղակայված նաեւ Սիցիլիայում, ուր հիշատակվում են մի շարք հայ զորահրամանատարներ եւ նրանց կառուցած «Հայկական ամրոցը»։ Գտնվել են տեղի հայկական լեգեոնի դատավորի ու երկու հայ հյուպատոսների կնիքները։
Իտալիայի փոխարքաներից հայտնի է նաեւ Իսահակ Հայկազնը (625-643), որի զորամասերը նույնպես գտնվել են Ռավեննայում։ Նա մեծ հեղինակություն էր վայելում ոչ միայն Իտալիայում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Հայորդու դամբարանը գտնվում է Ռավեննայի Սբ. Վիդալ տաճարում, որի, ինչպես նաեւ Ռավեննայի Սուրբ Ապողինար ու Միլանի Սան Լորենչո հոյակերտ եկեղեցիների կառուցումը, վերագրվում է փոխարքա (էկզարխ) Ներսեսին։
Իսահակի մարմարյա տապանաքարի վրա արվել է հունարեն արձանագրություն. «Ես՝ Սահակ մեծապայծառ տոհմից, զարդ եւ մեծ փառք ամենայն Հայոց, մարտակից էի արքաների»։ Նրա կողքին կնոջ՝ Շուշանի տապանաքարն է։
ՀԳ – Անգլիացի բյուզանդագետ Սթիվեն Ռենսիմանն իր «Բյուզանդիայի քաղաքակրթությունը» խորագրով աշխատության մեջ նկատել է, որ «Հայերը ոչ միայն Բյուզանդիային պարգեւել են բազմաթիվ կորովի այրեր, այլեւ՝ իրենց լավագույն մարդկանց մեծ մասը»։
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: