Ու դա միանգամայն հասկանալի է՝ այդ փորձը տեղի է ունեցել ուղիղ 27 տարի առաջ՝ 1993 թվականի փետրվարի 26-ին, երբ մենք պատերազմում էինք, տեղեկատվություն ստանալու հնարավորությունն էլ խիստ սահմանափակ էր. լույսը ժամերով էին տալիս։
Ինչ արեցին ահաբեկիչները Նյու Յորքում։ Մշակեցին շատ պարզ մի ծրագիր։ Պայթեցվում են Առևտրի համաշխարհային կենտրոնի հյուսիսային աշտարակի հենասյուները, 110-հարկանի այդ երկնաքերը թեքվում է, ընկնում է մյուս երկվորյակ աշտարակի վրա, ինչի հետևանքով երկուսն էլ փլուզվում են, և փլատակների տակ է մնում մոտ 50 հազար մարդ։ Այո, սովորական աշխատանքային օրերին երկու երկնաքերներում գտնվում էր մոտ 50 հազար մարդ՝ բացի տարբեր գրասենյակների աշխատողներից լինում էին հազարավոր այցելուներ, զբոսաշրջիկներ, որոնք վերևի հարթակից դիտում էին Նյու Յորքն ու նրա շրջակայքը։
Ահաբեկիչները ձեռք բերեցին մեծ քանակությամբ պայթուցիկ՝ մոտ 600 կիլոգրամ։ Անհրաժեշտ էին նաև շատ որոշակի քիմիական նյութեր, որոնք կարելի էր միայն հիվանդանոցից ճարել։ Այդ հարցն էլ այսպես լուծեցին՝ կեղծ վթար կազմակերպեցին, հանցավոր խմբի անդամներից մեկին աննշան վնասվածքներով տեղափոխեցին հիվանդանոց, որտեղից էլ նա գողացավ անհրաժեշտ նյութերը։ Պայթյունի ուժգնությունը մեծացնելու համար թթվածնի մի քանի բալոն ավելացրին, դրեցին այդ ամենը բեռնատարի թափքի մեջ և փետրվարի 26-ին կեսօրից հետո կայանեցին մեքենան հյուսիսային աշտարակի ստորգետնյա ավտոկայանում։
Նրանք անձնասպան ահաբեկիչներ չէին, ոչ ոք չէր ուզում մեռնել, դրա համար էլ իրենց հետ վերցրել էին բավական երկար՝ 6-մետրանոց պատրույգալար։ Վառեցին դրա ծայրը, և մինչ այն 12 րոպե այրվում էր, հասցրին փախչել բավական հեռու։ Որոտաց հզոր պայթյունը, հսկայական փոս առաջացավ, քանդվեցին վերևի ծածկերը, բայց այն, ինչ հղացել էին, չստացվեց։ Մասնագետները փաստում են՝ ահաբեկիչների հաշվարկներն էին սխալ, եթե մեքենան կանգնեցնեին այլ վայրում՝ կրող հենասյուների մոտ, շատ հավանական է, որ հյուսիսային երկնաքերը չդիմանար և իրոք ընկներ հարավայինի վրա։
Զոհվեց վեց մարդ՝ նրանք մնացին փլուզված ծածկերի բեկորների տակ։ Երկնաքերներում խուճապ սկսվեց, միանգամից կորավ էլեկտրականությունը, նաև հեռախոսակապը, անջատվեցին երկու աշտարակների տանիքներում տեղադրված անտենաները, ինչի պատճառով եթերազրկվեց Նյույորքյան ռադիոկայանների և հեռուստակայանների մեծ մասը։ Վերելակները, բնականաբար, կանգնեցին, դրանցից մեկում 17 երեխա էր մնացել, որոնք այդ օրը եկել էին էքսկուրսիայի։ Վերելակից նրանց դուրս բերեցին միայն երկու ժամ հետո։
Թանձր ծուխը աստիճանավանդակներով բարձրանում էր վերև, իսկ այդ աստիճաններով փորձում էին ներքև իջնել հազարավոր մարդիկ։ Այս ահաբեկչության հետևանքով վիրավորվեց մոտ հազար մարդ, նրանց մի զգալի մասը՝ հենց այն ժամանակ, երբ փորձում էին փրկվել, աստիճաններով իջնելիս։ Մոտ քսան մարդ մնացել էր տանիքում, նրանց հաջողվեց դուրս բերել ուղղաթիռների օգնությամբ։
Ահաբեկչական խմբի անդամներից չորսին բավական արագ հայտնաբերեցին և ձերբակալեցին։ Մտահղացման հեղինակ Ռամզի Ահմեդ Յուսեֆը փախավ Պակիստան, բայց չորս տարի անց նրան էլ բռնեցին և դատապարտեցին 240 տարվա ազատազրկման։ Ինչո՞ւ հենց 240։ Դա զոհերի չապրած տարիների գումարն է։ Համենայնդեպս դատավորն այդպես հիմնավորեց՝ 6 զոհ կա, նրանցից յուրաքանչյուրը կարող էր ապրել ևս առնվազն 40 տարի։ Դատավարության ժամանակ էլ, երբ Յուսեֆը հպարտությամբ ասաց՝ այո, ես ահաբեկիչ եմ և հանուն Աստծո պայքարել եմ Միացյալ Նահանգների կառավարության դեմ, դատավորը հակադարձեց. «Ոչ, քո Աստվածը Ալլահը չէ, մահն ու ավերածությունն են քո հավատքը»։
93 թվականի փետրվարի 26-ին Նյու Յորքում կատարվածն, իհարկե, սթափեցրեց ամերիկացիներին, անվտանգության խիստ միջոցներ ձեռնարկվեցին։ Բայց այն, ինչ կատարվեց դրանից 8 տարի անց՝ 2001 թվականի սեպտեմբերին, ապացուցեց՝ անհանդուրժողոկանության, մոլեռանդության, կուրացնող ատելության դեմն առնելը, ավաղ, այնքան էլ հեշտ գործ չէ՝ նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրում։