Մտքի և ոգու զարգացման հազարամյակների պատմությունը քսաներորդ դարում բերեց արդեն ազատության հստակ ձևակերպման` այն մարդու հատկություններից ու պահանջմունքներից չէ, այլ սուբստանցիան, գոյության ձևը: Ավելին, ըստ Հայդեգերի, մարդուն ազատության է մղում չգոյության վախը, որն էլ պարտադրում է տարանջատվել, վերանալ իրականության պայմանականություններից և հենց այսպիսով ազատ լինել: Այս բոլորը` գոյաբանական հարթությունում:
Հանրային փոխհարաբերությունների հարթությունում, հասարակություններում ազատությունը ձևակերպվում է արդեն որպես իրավունք և պատասխանատվություն, նաև` մտածելու, ստեղծագործելու, շրջապատի հետ սեփական փոխհարաբերությունները կառուցելու ունակություն ու չպարտադրված, չսահմանափակված հնարավորություն:
Քսաներորդ դարն, ի վերջո, նաև պրագմատիկ եզրահանգումների ժամանակաշրջան էր: Հեղափոխությունների, Գենոցիդի, Համաշխարհային երկու պատերազմների, Հոլոկոստի, Սառը պատերազմի, դիկտատուրաների և ավտորիտարիզմի միջով անցնելով` մարդկությունը (գոնե մի մասը) եկավ այն եզրահանգման, որ զարգացման, և հետևաբար նաև` որպես ընդհանրություն մարդկության գոյության, միակ իրական ռեսուրսը հենց ազատությունն է ու դրանից հետևող նախաձեռնողականությունը: Այլ ճանապարհ պարզապես չկա:
Աշխարհում ռեսուրսներն անհավասարաչափ են բաշխված, իսկ մարդիկ բնական և հոգևոր պահանջմունքներ ունեն, որ պետք է բավարարել: Բացի այդ, ռեսուրսներն, ի վերջո, սպառվելու են, դրանց փոխարինող որևէ այլ բան պետք է գտնվի: Հետո, նոր ժամանակաշրջանը նշանավորվեց նաև նրանով, որ գնալով ահագնանում են մարդկությանն ուղղված մարտահրավերները, լինեն դրանք բնական, թե հենց անտրոպոգեն:
Մի կենտրոնից կառավարվելով, պլանային գործելակերպով` մարդկությունն այլևս չի կարող դիմագրավել իր գոյությանն ուղղված մարտահրավերներին, առավել ևս` զարգանալ, ինչն, ըստ էության, նույնն է: Առանց զարգացման գոյատևում նույնպես հնարավոր չէ: Անհրաժեշտ էր հարյուր հազարավոր, միլիոնավոր, հարյուր միլիոնավոր մարդկանց ազատ ստեղծագործելու, նախաձեռնողականություն դրսևորելու, ունակությունը: Հենց այս անհրաժեշտությունից ելնելով էլ` անցած դարի երկրորդ կեսից սկսած պետություններն ու վերպետական գոյացությունները սկսեցին տրանսֆորմացվել` խնդիր ունենալով արդեն ոչ թե կանոնակարգել, ուղղորդել և վերահսկել մարդկանց կյանքն ու գործունեությունը, այլ ապահովել ազատությունը, վերացնել դրան ուղղված սպառնալիքները:
Ասում են` գլոբալացվող-միասնական աշխարհ: Ասում են` Մեծ Գյուղ: Ասում են` մարդկության ճակատագիրն այլևս միասնական է: Դա իրականում էլ այդպես է: Բայց յուրաքանչյուրը նաև սեփական աշխարհը, տիեզերքն ունի: Ցանկանում է, որ սեփականն այսօր արդեն, ժամ առաջ, հավասար ու մրցունակ լինի: Յուրաքանչյուրին հենց սեփական պրոբլեմներն են ամենաառաջնայինը և գլոբալը թվում: Յուրաքանչյուրն իրեն որպես «աշխարհի կենտրոն» դիտելու բնական ցանկություն ունի:
Այդ «յուրաքանչյուրը» նաև մենք ենք, ու մեր աշխարհը դա մեր երկիրն է` Հայաստանը: Ու եթե բաց աչքերով նայենք ինքներս մեզ և նաև` մեր շուրջը, կտեսնենք, որ մեր պրոբլեմները նույնն են, ինչ մնացած աշխարհինը: Գոյատևելու համար մեզ զարգանալ է պետք: Զարգացման որևէ այլ ռեսուրս, անգամ` ժամանակ շահելու, «շունչ քաշելու», կողքներս լավ զննելու ու կողմնորոշվելու համար, սա ազատությունն է` մենք չունենք:
Ուրեմն, էլ ի՞նչ կա մտածելու: Ինչու՞ ենք այնպիսի համակարգեր ստեղծում, որ մարդկանց կախվածության մեջ են պահում, կոնֆորմիզմ պարտադրում, զրկում նախաձեռնողականությունից, իսկ ազատ, ինքնուրույն վարք ունեցողներին էլ` օտարում հանրությունից, հեռանկարում նաև` հենց Հայաստանից:
Հայաստանում հերթական ընտրություններն են սկսվում: Յուրաքանչյուր երկրում էլ դրանք ինչ-որ նոր փուլ են նախանշում: Մեզ մոտ էլ կարող է այդպես լինել: Կարող է, եթե Ազատությունը, Նախաձեռնողականությունը, Նորացումը դառնան ընտրական կամպանիայի առանցք, բոլոր կողմերի համար: Իսկ այնուհետև նաև` ազգային ծրագիր: Որ համազգային կոնսենսուս լինի հենց այս գաղափարների շուրջ:
Երեկվա հանրահավաքը կարելի է դիտել որպես նախընտրական կամպանիայի ֆիզիկական ստարտ: Սակայն նույն օրը մեկ այլ կարևոր իրադարձություն էլ է Հայաստանում եղել` բացվել է բարձր տեխնոլոգիաներին նվիրված Digitec ցուցահանդեսը: Ցավոք, տպավորություն կա, որ այս Հայաստաններն առայժմ միմյանց անհաղորդ են, և յուրաքանչյուրն ապրում է սեփական կյանքով:
Հրապարակվել է Panorama.am թերթում 2007 թվականի հոկտեմբերին
Տեքստը վերցված է Panorama.am կայքից