Ցավոք` ձեռագրերն այրվում են, կամ ինչի մասին է զղջում մարշալ Բաբաջանյանի դուստրը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ցավոք` ձեռագրերն այրվում են, կամ ինչի մասին է զղջում մարշալ Բաբաջանյանի դուստրը. armeniasputnik.am

Հաղթանակի օրը ևս մեկ առիթ է հիշելու ականավոր գեներալներին և մարշալներին, որոնք մեծ դեր են ունեցել նացիզմի ջախջախման գործում։ Հայրենական մեծ պատերազմը բացահայտել է մի շարք տաղանդավոր զորահրամանատարների։ Այդ համաստեղության մեջ իրենց բացառիկ տեղն են զբաղեցնում հայերը։ Մարշալ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով–Խանփերյանց, ծովակալ Իսակով։ Նրանց անունները հայտնի են մեզ դպրոցական նստարանից։ Նրանց քաջության, զինվորական տաղանդի, իրենց գործին նվիրված լինելու մասին տասնյակ հատորներ են գրվել։

Սակայն ամեն անգամ ցանկություն է առաջանում մտովի վերադառնալ նրանց վառ կերպարներին, որոնք մեզ են ընծայել այս մեծ տոնը։ Ահա այսօր էլ, Հաղթանակի 75-ամյակի օրը, կցանկանայինք վերհիշել նրանցից մեկին` զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին։ Մարդ, որ առաջինն էր մարտի նետվում` իր հետ տանելով ենթականերին, մետրոյի հեղեղված կայարաններում մահից փրկում Բեռլինի բնակիչներին։ Իսկ Բեռլինի օպերացիայի ժամանակ, նրա հորինած պլանը թույլ տվեց կոտրել հակառակորդի պաշտպանությունն ու նրանում բազմաթիվ ճեղքվածքներ բացել, որից հետո ճանապարհը դեպի Գերմանիայի մայրաքաղաք արդեն բաց էր։

Մարշալի, նրա կյանքի հետաքրքիր դրվագների մասին մենք բազմիցս գրել ենք Sputnik Արմենիայի էջերում։ Նրա մասին պատմել են մարտական ընկերները, ենթակաները, ընտանիքի անդամները։ Ինքը` Համազասպ Խաչատուրովիչը, պատերազմի մասին իր հիշողությունները դժկամությամբ էր կիսում` մի բան, որը բնորոշ է պրոֆեսիոնալ զինվորականներին։

«Հայրս գրեթե ոչինչ չէր պատմում պատերազմի մասին։ Իսկ ձեռագրերը, ցավոք, այրվում են։ Բանն այն է, որ երբ ավարտվեց պատերազմը, և մայրս իմացավ այդ մասին, նա ուրախությունից վերցրեց պատերազմի տարիներին իրեն հասցեագրված հորս նամակներով պայուսակը և նետեց վառարանի մեջ… Այդպես մեզ մոտից անհետացան նրա, նրա ապրումների, մարտական պայմաններում նրա կյանքի մասին անգին հիշողությունները։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ գանձ էր դա, որը վերացրեց մայրս վայրկենական պոռթկման ազդեցության տակ», – պատմեց մեզ մարշալի դուստրը` Լարիսա Բաբաջանյանը։

Նա համոզված է, որ այդ պահին նրանցից ոչ մեկը չէր գիտակցում, թե որքան արժեքավոր կլինեն այդ նամակները հետագայում։

Բաբաջանյանը չափազանց խնամքով էր վերաբերվում ճակատային ընկերությանը։ Մարտական ընկերները նրա կողքին էին մինչև կյանքի վերջին օրերը։ Մյուս մարշալներից Համազասպ Խաչատուրովիչն առանձնակի գնահատում ու հարգում էր իր հայրենակցին` Հովհաննես Բաղրամյանին։ Հայտնի է, որ երկուսն էլ ծնվել են Ղարաբաղի փոքր գյուղերից մեկում` Չարդախլուում։

«Հիշում եմ` երբ հայրս Հովհաննես Քրիստաֆորովիչի ներկայությամբ գովասանքի խոսքեր էր ասում իրեն, վերջինս ընդհատում էր նրան, իբր, ո՛չ, այդ դու ես մեր միջի հերոսը, չէ՞ որ դու նաև զենք ես բռնել, մարտի մեջ նետվել», – ասում է զորահրամանատարի դուստրը։

Տարբեր ժամանակներում ապագա մարշալը ծառայել է ուրիշ մեծ զորահրամանատարների ղեկավարության ներքո` Կոնև, Ռոկոսովսկի, Ժուկով։ Նրանց նա ընդգծված հարգանքով էր վերաբերվում։ Երբ Ժուկովի մասին ասում էին, թե նա չափից շատ խիստ է ու պահանջկոտ, Համազասպ Խաչատուրովիչը սաստում էր զրուցակցին, ընդգծում Գեորգի Կոնստանտինովիչի ականավոր տաղանդը որպես զորահրամանատար և նրա վճռականությունը։ Բացի այդ, պահպանվել է նաև Կոնևի հետ նրանց համատեղ լուսանկարը` վերջինիս ստորագրությամբ։

1944 թվականի ապրիլին 20–րդ գվարդիական մեքենավորված բրիգադի զորամասերի մարտական գործողությունների հմուտ ղեկավարման և Դնեստր գետի վրայով դրանց հաջողակ մարտանցման համար (առաջինների թվում) բրիգադի հրամանատար, գնդապետ Բաբաջանյանին Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհվեց։ «Ոսկե աստղի» հետ մեկտեղ նրան նաև Լենինի շքանշան հանձնեցին։ Բեռլինի օպերացիայից հետո նրան կրկնակի հերոսի կոչման ներկայացրին, սակայն պարգևատրեցին Սուվորովի շքանշանով։

Այդ մասին պատմելիս Լարիսա Բաբաջանյանը նշում է` երբ հերոսի կոչում շնորհելու մասին հրամանը ներկայացրին Ստալինի ստորագրմանը, նա խիստ զարմացավ։ Բաբաջանյանն այն ժամանակ գնդապետի կոչում ուներ և կորպուսի հրամանատար էր, միևնույն ժամանակ կորպուսի մյուս հրամանատարները գեներալ–մայորներ էին։ Գերագույն գլխավոր զորահրամանատարը որոշեց նրան գեներալ–մայորի կոչում շնորհել և պարգևատրել Սուվորովի առաջին աստիճանի շքանշանով։

Պատերազմից հետո Բաբաջանյանն ավարտեց Կ.Ե. Վորոշիլովի անվան բարձրագույն ռազմական ակադեմիան, ինչից հետո բանակում զբաղեցրեց մի շարք բարձրաստիճան հրամանատարական պաշտոններ։ Մարշալը մինչև մահը հավատարիմ է մնացել իր տարերքին` տանկերին։ 1967 թվականի սեպտեմբերին նշանակվել էր Խորհրդային Միության մարշալ Ռ.Յա. Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիայի ղեկավարի պաշտոնում, իսկ 1969 թվականի մայիսին դարձել Խորհրդային բանակի տանկային զորքերի հրամանատար։ 1975 թվականին նրան շնորհվեց զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչումը։ Համազորային աստիճանների ցուցակում այն համարժեք է Խորհրդային Միության մարշալի կոչմանը։

Ինչպես նշում է Լարիսա Համազասպովնան, հայրը մեծ հայրենասեր էր, սիրում էր իր պատմական հայրենիքը։

«Հայրս բացառիկ հիշողություն ուներ։ Նա հիանալի տիրապետում էր Հայաստանի պատմությանը, հիշում բոլոր պատմական տարեթվերը, իրադարձություններն ու թվերը, ընկերների շրջանում հաճախ սիրում էր պատմել մեր ժողովրդի տարբեր հերոսների մասին, անգիր գիտեր հայկական պոեմները», – ասում է մարշալի դուստրը։

Պատերազմի հերոսների մասին ասում են. «Նրանք ողջ են, քանի դեռ մենք հիշում են նրանց»։ Դա իսկապես այդպես է։ Ու քանի դեռ ողջ է գոնե մեկը, ով հիշում է պապերի սխրանքը, նրանք կապրեն։ Կապրի նաև հայ ժողովրդի ականավոր զավակը։

armeniasputnik.am