Զավեն Բոյաջյանի հրապարակումը.
«Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Հոբելյանական տարեթիվ է, բայց նրա տարիքն այլևս էական չէ, որովհետև լեգենդը տարիք չունի: Մհեր Մկրտչյանը ամենամեծ հայ արտիստն էր, որին ողջ տեսել եմ: Ժամանակին շատ էի տպավորված նրա դերակատարումից Մարսել Պանյոլի «Հացագործին կինը» պիեսի բեմադրության մեջ և մտադրվեցի անպայման գրել ներկայացման մասին: «Հացագործին կինը» մի քանի անգամ նայելուց հետո այնքան նշումներ ու գրառումներ արեցի, այնքան հավելյալ գրականություն կարդացի, որ մի ամբողջ գրքի նյութ հավաքվեց: Բայց Մհեր Մկրտչյանի արվեստը՝ անպատմելի մի բան, խոսքերով վերարտադրելու անզորության զգացումն այդպես էլ չթողեց, որ գիրքը կյանք առնի: Հետո նա հեռացավ մեր աշխարհից: Իմ չգրված գրքի փոխարեն ծնվեց մի փոքրիկ տեքստ, որը հրապարակում եմ ստորև:
ՍԻՐԱՆՈ ԴԸ ԲԵՐԺԸՐԱԿԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Ռուս փիլիսոփա Ռոզանովը գրել է. «Երկու հրեշտակ են նստած ուսերիս` ծիծաղի հրեշտակն ու արցունքների հրեշտակը: Նրանց մշտական բանակռիվը իմ կյանքն է»:
Հրեշտակների այդ բանակռիվը Մհեր Մկրտչյանի թե՛ կյանքն էր, թե՛ արվեստը:
Նա Պիեռոն էր Առլեքինի հանդերձանքով:
Տրուբադուր էր սատիրի գլխով:
Կատակերգու, որ ողբերգակի ինքնազգացողություն ուներ, ինչպես շեքսպիրյան խեղկատակը:
Զվարճանքի աստված Կոմոսը այդ Ռոմեոյի դեմքին դրոշմել էր իր դիմակը:
Նա Դոն Կիխոտն էր և Սանչո Պանսան մի անձի մեջ:
Ֆելլինիի նկարագրած Տոտոյի նման քեզ էր հառում իր «հեզ աչքերը՝ մեծ ծիծեռնակի, ոգեհարցուկի, հարյուրամյա մանկան, խելացնոր հրեշտակի աչքեր»:
Նրբաբանությունների (oքսիմորոնը՝ հայերեն) այս շարանը կարելի է անվերջ շարունակել, բայց դրանք միայն կհավաստեն Մհեր Մկրտչյան արտիստի անորսալի էությունը:
Ամենաճշգրիտ բանաձևումներն անգամ այնքան խղճուկ են թվում այդ անորսալի-անբացատրելին մեկնելու համար, որ թևերդ ես անզոր տարածում: Դա անզորության այն ծայրակետն է, ուր «աբսուրդի արքա» Էժեն Իոնեսկոն «Աթոռները» տրագիֆարսում զետեղում է իր Հռետորին: Նա պարզապես համր է: Ուրեմն՝ նույնքան անկարող, որքան թռչունները Կուրթ Վոնեգութի «Սպանդանոց համար հինգ»-ում, որովհետև «թռչուններն ի՞նչ կարող են ասել». «ընդամենը ինչ-որ պի-ծի-ֆի՞ծ», թե՞ սրա նման անհոդաբաշխ մի բան իրենց թռչնային լեզվով:
Արժե՞ ծտային անճարակությամբ այսպես «պիծի-ֆիծ» ճռվողելու համար պրպտել հրաշքի մեխանիկան՝ ձգտելով ճեղքել անբացատրելիի խեցին:
Մհեր Մկրտչյանը վերջինն էր անասելի մեծ արտիստների զարմից և գնաց Սիրանո դը Բերժըրակի պես՝ իր գաղտնիքը տանելով իր հետ:
Նրա վերջին դերը Մարսել Պանյոլի «Հացագործին կինը» պիեսում իր բոլոր խաղացած ու չխաղացած դերերի հանրագումարն էր, նրա չիմացված-չիրացված-չպարպված մեծության վերջին հավաստիքը»: