Տարիներ առաջ Գյումրիում շատերն էին շրջանցում «Սլաբոդկա» թաղամասի` նախկինում հայտնի 13 փողոցը. այստեղ տեղակայված բանտը սարսափեցնում էր հատկապես երեխաներին։ Չնայած կառույցը վաղուց արդեն դատարկ է ու չի ծառայում իր նպատակին, բայց նրա կապված հետաքրքիր պատմությունները պահպանվել են մինչ օրս։
Զրույցների հիմքը բանտից դուրս եկող ստորգետնյա անցուղիներն են: Ինչե՞ր են դրանք` գետնախորշե՞ր, քահրիզնե՞ր (գետնի տակով անցնող ջրուղիներ), թե՞ անցումներ: Տարածքում բնակվող Վասիլ Գարգալոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց` բանտում գետնախորշ կա, որը տանում է դեպի «Սև բերդ»:
«Լսել եմ, որ ձերբակալվածներին տանում, այդ տարածքում գնդակահարում էին: Փոքր երեխա էինք, թաքուն գնում, նայում էինք: Ճիշտ է, բան չենք տեսել, բայց պատմությունը լսել ենք»,- պատմեց Վասիլ պապը:
Շինությունը կառուցվել է 19-րդ դարում, բայց ունի ավելի ուշ շրջանում ավելացված հատվածներ, ինչի վկայությունն են շինությունների վրայի գրությունները: Օրինակ` 20-30 մետր երկարություն ունեցող ստորգետնյա կառույցի վրա նշված է 1942 թվականը:
Կա ենթադրություն, որ անցումը կառուցել են գերմանացի ռազմագերիները, որոնք հավանաբար պահվել են բանտում: Ի դեպ, նրանց գերեզմանները գտնվում են հանդիպակաց բլրի վրա:
Շատերն էլ կարծում են, որ ստորգետնյա անցումները հին քաղաքի՝ 1800-ական թվականների հին քահրիզներն են։ Մեկ այլ բացատրություն էլ ունի բանտի նախկին աշխատակիցը, որը չցանկացավ հրապարակել իր անունը:
«Իմ աշխատած տարիներին՝ 1989 թվականին, այդ անցումները վերանորոգվել են որպես գազապաստարան, իսկ թե մինչ այդ ինչ է եղել այդտեղ, չեմ կարող ասել։ Ասում էին, որ այդ ճանապարհը գնացել, միացել է «Սև բերդին», բայց վերանորոգման ժամանակ մենք ավելի քան 8 մետր առաջ ենք շարժվել և հանդիպել ենք պատնեշի, ոչ թե շարունակվող ճանապարհի»,- պատմեց մեր զրուցակիցը:
Բանտի շինությունը նաև հետաքրքիր «արմատներ» ունի. ավելի քան 200 տարի տարածքը ցարական Ռուսաստանի զինվորական կալանավայրն է եղել, մինչ այդ տարածքում մեծ ձիանոցներ են եղել, հետո դարձել է քաղաքային բանտ, իսկ ավելի ուշ` քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 քննչական մեկուսարան:
«Իմացել եմ, որ նույնիսկ 19-րդ դարից առաջ են որոշ հատվածներ կառուցվել, իսկ որոշ մասնաշենքեր ավելացել են խորհրդային տարիներին: Կառույցն ավելի քան 5 մասնաշենք ունի, որոնք տարբեր ժամանակներում են կառուցվել»,-պատմում է մեր զրուցակիցը` նշելով, որ բանտում մինչև 200 կալանավոր է պահվել։
Նրանք բանտում են մնացել նախնական կալանքի ընթացքում՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն ու գաղութ տեղափոխվելը:
«Նույնիսկ հին մասնաշենքը, որ 19-րդ դարի կառույց է, ուներ իր բոլոր հարմարությունները՝ ջուր, կոյուղի: Առանձին խցեր կային 4-14 կալանավորների համար»,-ավելացրեց նախկին աշխատակիցը:
Ի դեպ, 1984 թվականին «Մեր մանկության տանգոն» ֆիլմի մի դրվագ նկարահանվել է հենց բանտի մոտակայքում։ Մեր զրուցակցի խոսքով` կադրերում երևում են հենց բանտի աշխատակիցները:
2007 թվականին կառույցը լուծարվել է, քրեակատարողական հիմնարկում պահվող տղամարդիկ տեղափոխվել են Արթիկ, իրենց դատավճռին սպասող կանայք էլ` Աբովյան: Կառույցը գտնվում է «Կումայրի» արգելոցի տարածքում և հաշվառված է ՀՀ ոստիկանության բազայում:
Հիմա տարածքն ու շինությունները պահպանությունից դուրս են մնացել, և տարիների ընթացքում թալանվող կառույցն այսօր ավերակների է վերածվել: