ՀՀ վաստակավոր արտիստ, Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Իրինա Հարությունյանի որդին՝ Դավիթը, այսօր դառնում է 5 տարեկան:
Tert.am Life-ի հետ զրույցում Իրինան պատմել է օրվա ծրագրերի, Դավթի նախասիրությունների, ավագ որդու, իր ու ամուսնու բախումների մասին:
Իրինան հայտնեց, որ օրը կնշեն ընտանիքով, իսկ իրենց ընտանիքը բավականին մեծ է, միայն թե, ավագ որդին՝ Արամը, Մոսկվայում է:
«Արամը սովորում է Երևանում Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի մասնաճյուղի էկոնոմիկայի ֆակուլտետում: Ամանորից առաջ մեկնեցինք Մոսկվա, և նա նախընտրեց որոշ ժամանակով մնալ այնտեղ: Քանի որ համալսարանում արձակուրդներ էին, չխոչընդոտեցինք: Այդպես, առանց Արամի տանն ընտանեկան ընթրիք կունենանք, կլինի տոնական տորթ, կփորձենք երեխայի օրը լիարժեք դարձնել, որ իրեն լավ զգա: Անկեղծ ասած, միշտ ծրագրել ենք, որ Դավթի 5-ամյակը մեծ շուքով պետք է նշենք, բայց Հայաստանում ստեղծված իրավիճակը ցանկություն և տրամադրություն չթողեց: Ժամանակ կանցնի, վերքերը կսպիանան, բայց դեռ, իսկապես, վաղ է: Դավթին ոչինչ չենք բացատրել, նա գիտի, որ իր զարմիկը կգա, ուրախ օր կունենա Պարտադիր չէ երեխային պատերազմի հետ կապված թեմաներով ծանրաբեռնել: Շուտով կմեծանա, շատ խնդիրներ կլինեն իր կյանքում, դեռ վաղ է, թող անհոգ մնա»,- ասաց նա:
Դերասանուհու խոսքով՝ ինքն ու ամուսինը օրվա ընթացքում զբաղված են, աշխատում են, հաճախ ուշ են վերադառնում տուն, ինչը փոխհատուցում է պահանջում:«Քանի որ ես ու ամուսինս շատ ենք աշխատում և բացակայում, Դավիթն ամեն օր մեզնից նվերներ է սպասում և ստանում : Հիմա կենդանի՝ ավելի կոնկրետ շուն է ցանկանում, բայց ես պատրաստ չեմ դրան, որովհետև ժամանակս քիչ է: Երեխան որոշ ժամանակ հետո կհոգնի, իսկ կենդանուն կանոնավոր խնամք է անհրաժեշտ: Երեկ մինչև ուշ երեկո ներկայացման փորձի էի, ամուսինս ևս զբաղված է, ուշ է վերադառնում: Դավիթը մանկապարտեզ է հաճախում, նրա խնամքով, հիմնականում, մայրս է զբաղվում: Միայն նախորդ տարի շատ ժամանակ անցկացրի տանը ու զբաղվեցի Դավթի խնամքով, քանի որ ծանրաբեռնվածությունս քիչ էր»,- նշեց նա:
Դերասանուհին նաև շեշտեց, որ Դավթի ծնունդն առանձնատուկ էր իրենց կյանքում, քանի որ նա ծնվել է առաջնեկից 13 տարի անց: «Իմ զգտացողությունները լրիվ այլ էին, որովհետև տարիքի հետ ցանկացած հարցի այլ կերպ ես վերաբերում: Ավագ որդիս շատ էր ցանկանում եղբայր ունենալ, ես, որպես մայր, իրավունք չունեի նրան մենակ թողնել: Դավթի հետ երբեմն մոռանում ենք գլոբալ խնդիրների մասին, որովհետև նա կարող է ինչ-որ բան անել կամ ուղղակի խաղալ և մեր տրամադրությունը փոխվի, Դավիթը մեծ փոփոխություններ է բերել մեր կյանք, նրա ծնունդը շատ սպասված էր, կարծես, մեր խաղալիքը լինի: Նա մեր ընտանիքում ուրիշ երջանկություն է: Արամը ևս, բայց նա արդեն իր կյանքն ունի, չափահաս է: Աղջիկ երեխա ունենալ միշտ եմ ցանկացել, բայց ոչինչ, աղջիկ թոռնիկներ կունենամ»,- անկեղծացավ նա:
Իրինան վերհիշեց նաև որդուն անվանակոչելու պատմությունը. «Սկզբում մտածում էի՝ աղջիկ է ծնվելու, երբ հասկացա՝ տղա է, ընտրեցի մի քանի անուն, չէի կողմնորոշվում: Իմ հղիությունը վարող բժշկի անունը Դավիթ էր, ստուգման գնալու հերթական օրն ինձ մի կին մոտեցավ ու հարցրեց՝ տղա՞ եմ ունենալու, ասացի՝ այո, ասաց՝ Դավիթ անունը նրան համապատասխան կլինի: Նա բացատրեց, որ այդ անունը տղայիս համար ստեղծված կլինի: Հենց նույն օրը գնացի բժշկիս մոտ, ով հարցրեց՝ ինչպե՞ս եմ որդուս անվանակոչելու, ասաց՝ Դավիթ անունն ընտրիր: Քույրս ևս ցանկանում էր, որ որդուս Դավիթ անվանակոչեմ: Ի սկզբանե իմ ընտրած անունների ցանկում Դավիթը ևս կար և այդ զուգադիպությունները ստիպեցին, որ հենց Դավիթն ընտրեմ: Երբ որդիս ծնվեց, հասկացա՝ այլ անուն չէր կարող ունենալ»:
Հեղինակ Մարիամ Խաչատրյան
Ամբողջությամբ` tert.am