«Կոնստանտ» խմբագրական. պարկերի մեջ փտած մեր արժանապատվությունն և անտանելի երեսպաշտությունը
Advertisement 1000 x 90

«Կոնստանտ» խմբագրական. պարկերի մեջ փտած մեր արժանապատվությունն և անտանելի երեսպաշտությունը

Երեք օր է՝ հանրությունը քննարկում է Աբովյանի տուբդիսպանսերում հայտնաբերված զոհված տղաների մարմիններով ու մասունքներով պարկերի սահմռկեցուցիչ պատմությունը։ Որքան ավելի շատ եմ հետևում այդ դիսկուրսին, այնքան ավելի ակնհայտ է դառնում ինձ համար, որ այդ պարկերի մեջ մեր ազգային արժանապատվությունն է փտում, և դրա ֆոնին սարսափելի կոնտրաստային է այն համապարփակ ու բազմաշերտ երեսպաշտությունը, որով պարուրված է մեր հասարակությունը վերից վար։

Թերևս քննարկենք երեսպաշտության այդ շերտերը, եթե կուզեք, երեսպաշտության 50 երանգները։ Առաջին շերտը, առաջին երանգը Նիկոլն ու իր թիմն են։ Կոնկրետ ինձ համար որևէ անակնկալ ու զարմանալի բան չկար այն տմարդիության ու սրիկայության մասով, որը դրսևորեցին ու դրսևորում են սրանք։

Բազմիցս ասել եմ ու նորից կրկնեմ. Նիկոլը դավաճան էլ չէ, թշնամի է, իսկ իր թիմը ոչ այլ ինչ է, քան Հայաստանը զավթած օկուպացիոն ադմինիստրացիա, և ուրեմն ի՞նչ իմաստ ունի սրանցից որևէ լավ բան սպասել։ Ըստ այդմ, ինձ բնավ չի զարմացնում, երբ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով են պարգևատրում պատուհաս Արսեն Թորոսյանի տեղակալին, որը դարձավ առողջապահության նախարար, իսկ երբ այս պատմությունը թնդաց ողջ երկրով, նա ուղղակի ներողություն խնդրեց «բացթողման» համար ու մի հատ էլ մուննաթ եկավ, թե բա՝ պետք չէ քաղաքական շահարկումների թեմա դարձնել։

Հասկանո՞ւմ եք, ձեզ հրամցնում են այն միտքը, որ պետք չէ քաղաքականացնել այն փաստը, որ զոհված տղերքի մարմիններն ամիսներով թաքցրել են, որովհետև այդպիսի քաղաքական նպատակահարմարություն են տեսել, պետք չէ քաղաքականացնել, որ մեր տղերքի մարմիններն ու մասունքները ոչ միայն թաքցրել են, այլ տարբեր նկուղներում ու չնախատեսված շինություններում պարկերով շպրտել են ու թողել, որ այնտեղ նեխեն՝ չապահովելով անգամ մինիմալ պատշաճ պայմաններ։ Կարևորը, որ իրենք զոհերի ու գերիների թվով ժանգլյորություններ անեին ու կարողանային մանիպուլացնել խեղճուկրակ ծնողներին։

«Հանճարեղ» է նաև Նիկոլը։ Այնպիսի կեցվածք է ընդունել, ասես ո՛չ իր երկրում է այս դեպքը եղել, ո՛չ էլ իր ու իր նշանակած կադրերի պատասխանատվության դաշտում է այս սարսափը։ Ճար ունենար՝ կասեր, որ էս մի հարցն էլ են նախկիններն արել, բայց, ըստ երևույթին, յուր փիառշիկները հուշել են, որ ամենաճիշտ ռազմավարությունը թեման հնարավորինս շրջանցելն է, որպեսզի նեգատիվի ալիքն ուղղվի իր ենթականերին, այլ ոչ իրեն։ Ամենաանցանկալի զարգացումների դեպքում էլ կարելի է պաշտոնանկ անել մի երկու հոգու, այդ թվում՝ Արսեն Թորոսյանի մեդալակիր մինյոնին, ու դեռ մի բան էլ դիվիդենտներ քաղել այս պատմությունից։ Ի՞նչ է սա, եթե ոչ երեսպաշտություն։

Երեսպաշտության հաջորդ շերտն ու երանգն այսպես կոչված մտավորականությունն ու հանրային դեմքերն են։ Էս մեր մտահոգ սելեբրիթիների մի ամբողջ բույլ ունեինք, որ շուրջ 10 տարի ամեն պատեհ ու անպատեհ առիթով ընդվզում էր, ֆոտոներ էր անում, լալահառաչ տեսանյութեր էր հրապարակում, բոլոր բողոքի ակցիաների ժամանակ առանձնյակներով ու խմբերով իսկույն հայտնվում էին ակցիաների վայրում։ Ո՞ւր են բոլոր նրանք, ովքեր Երևանում կտրված ամեն շիթիլի, ապամոնտաժված ամեն փլատակի, ցանկացած ռացիոնալ ու իռացիոնալ թանկացման համար հեղեղում էին մեդիա դաշտն ու փողոցները։ Ի՞նչ է սա, եթե ոչ երեսպաշտություն։

2010-2018 թթ. բոլոր նմանօրինակ բողոքի ակցիաները՝ միասին վերցված, այդքան կարևոր ու օրհասական չէին, ինչքան այն փաստը, որ հայոց պետությունը պարկերի մեջ պահվող տղերքի մարմինները շպրտել է նկուղներ ու թողել է, որ դրանք այնտեղ փտեն։ Այն տղաների, որոնք զոհվեցին հանուն այդ պետության ու հաճախ այդ պետության ղեկավարումն ստանձնած ու տապալած իշխանությունների պատճառով։

Ո՞ւր եք դուք, Իսպիրյաններ, Լուլուներ, Կարգին Հայկոներ, Անդո-Ռաֆոներ, Կոլոտ Հովոներ, լավ տռուսիկ ունենալու մասին երազող Սոս Ջանիբեկյաններ և այլք։ Մի մասդ հանգրվանել է Նիկոլի փեշերի տակ, մի մասն էլ դեռ հույսը չի կորցնում, որ իրենց համար էլ տեղ կազատվի այնտեղ։ Ի՞նչ է սա, եթե ոչ երեսպաշտություն։

Վերջապես երեսպաշտության երրորդ ու ամենամեծ շերտը՝ հասարակության մի հսկայական շերտ։ Սրանց դժվար էլ է հասարակություն անվանել, իրենք զուտ բիոմասսա են. իրենք կան, ողջ են, գործում են, ինչ-որ բաներ ասում են, ինչ-որ բաներ ուզում են, բայց իրենք մեռած են։ Մեռած են հոգով կամ էլ կոմայի մեջ են։ Ինչպես շատ դիպուկ նկատել էր նախկին աշխատակիցներիցս մեկը, այսօր էլ հազարավոր մարդիկ կան, որոնք 3 տարի պարբերաբար գրում էին ու ոմանք շարունակում են գրել, օրինակ, «Մանվելի տուշոնկաների» մասին, բայց համառորեն չեն նկատում այս սարսափը։

Ավելին՝ կան այնպիսիք, որոնք փորձում են արդարացնել ու ռացիոնալիզացնել կատարվածը։ Ու շարունակում են հավատալ, որ, օրինակ, «Մանվելի տուշոնակները», որոնք, ի դեպ, բացարձակ սուտ էին ու նույնիսկ Մանվելին առաջադրված մեղադրանքներում ներառված չէին, ավելի կարևոր ու անթույլատրելի բան էին, քան հայրենիքի պաշտպանության համար նահատակված տղերքի նկատմամբ պետական մասշտաբով իրականացված դիակապտությունը։ Ու իրենց սիրած փաստարկն է. «Բա առաջ/նախկինների ժամանակ լա՞վ էր»։ Ի՞նչ է սա, եթե ոչ երեսպաշտություն։

Եվ այս երեսպաշտության հրավառության ներքո մենք չենք էլ զգում նեխահոտը, այն նեխահոտը, որ գալիս է պարկերի միջից, որոնցում փտում են ոչ թե մեր տղաները, այլ մեր արժանապատվությունը, որովհետև այս ամենը թույլ տված, այս ամենն իրականացրած, այս ամենը կազմակերպած տմարդիները ոչ միայն դեռ շնչում են, այլև ցինիկաբար թքում են մեր հոգու մեջ ամենօրյա ռեժիմով։

Հետգրության փոխարեն

Բոլոր թերություններով, բացթողումներով, զանցանքներով ու հանցանքներով հանդերձ՝ «նախկինների» օրոք այնքան լավ էր, որ նման իրավիճակը պարզապես անհնար էր։ Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ու առաջին պատերազմի ժամանակ անհնար էր՝ լիներ իրավիճակ, որ պետությունը կես տարի և ավել թաքցներ զոհված տղերքի դիակներն ու աներ դա այսչափ անփույթ։ Ասածիս առհավատչյան էլ թող լինի մի կարճ պատմություն, որով կիսվում եմ ստորև։

1994 թվականի առաջին ամիսներին արցախյան ճակատում շատ ծանր մարտեր էին։ Հորադիզ քաղաքի ուղղությամբ կատարված հարձակողական գործողությունների արդյունքում հակառակորդը հետ էր վերցրել Հորադիզն ու կիլոմետրերով առաջացել էր։ Այդ մարտերում մենք բավականին ծանր կորուստներ էինք ունեցել, ու օր էր եղել, որ միանգամից 100-ից ավել զոհ էինք ունեցել։ Որպեսզի խուսափեն անկումային տրամադրություններից ու ընդվզումներից, տղաների մարմինները տեղափոխել էին Երևան ու պահում էին «Հայսառնարանում»՝ Արշակունյաց պողոտայում։ Մեր հարևանն այնտեղ էր աշխատում, ու հենց իրենից եմ լսել այդ պատմությունը։

Մեր իրավիճակի հետ նմանությունն այսքանով ավարտվում է, որովհետև այդ մարմինները մի քանի օրում 10-20 հոգով տալիս էին հարազատներին, ու այդ ամենը զուտ նրա համար էր, որ հանրությունը չիմանա, որ մեկ օրում 100+ զոհ ենք ունեցել։

1994-ին, երբ չկար համացանց, չկար Ֆեյսբուք, չկային սմարթֆոններ, ու նույնիսկ էլեկտրաէներգիա չկար, իշխանությունների մտքով անգամ չէր անցնում, որ կարելի է զոհերին 6-8 ամսով թաքցնել, ու թաքցնելիս էլ անել դա այնպես, որ դա ստանա դիակապտության ու սրբապղծության հատկանիշներ, ու հաստատ ոչ ոքի մտքով չէր անցնի, որ կգան օրեր, երբ դա անելը ոչ միայն հնարավոր կլինի, այլ հասարակութան ու էլիտայի մեջ կգտնվեն շոշափելի հատվածներ, որոնք ոչ մի խնդիր չեն ունենա դրա հետ։ Սա է ցավը։

blognews.am