3200 մետր բարձրության վրա գտնվող ճամբարում մեր առաջնորդը՝ հայտնի ալպինիստ Վլադիմիր Շատաևը, տեղացի ուղեկցորդներին ցույց էր տալիս նրանց համար անհայտ Արարատի լուսանկարները։
– Սա որտե՞ղ է,-զարմանում էին քրդերը` ուսումնասիրելով հսկայական ձյունաճերմակ փափախով լեռն ու ներքևի ձախ անկյունում գտնվող վանական համալիրը։
-Ծանոթ չէ՞։
-Արարա՞տն է,-անվստահ տոնով ենթադրեց կարմիր բանդանայով ու մորուքով երիտասարդ տղամարդը։
-Բա իհարկե։ Ա՜յ այն կողմից,-Շատաևը ձեռքով ցույց տվեց գագաթը։
-Հայաստանի կողմի՞ց։ Կարելի՞ է վերցրել,-հարցրեց մորուքավորը տարօրինակ, բայց հասկանալի ռուսերենով։
Շատաևը նրան մեկնեց լուսանկարը և ցուցամատով սահեց պատկերի վրայով։
-Ես ա՜յ այսպես անցել եմ, հետո իջել եմ Ակոռի ձոր։
-Հա՞։ Դու Ակոռիում ես եղե՞լ,- շշմեց քուրդը։
Ձորը գտնվում է զբոսաշրջիկների համար արգելված արևելյան լանջին, որը Հայաստանի կողմ է նայում։ Այստեղից՝ 4500 մետր բարձրությունից, հստակ երևում է Սիս ու Մասիսի միջև տեղակայված ռազմաբազան։
Ահա թե ինչու քուրդը զարմացավ․ ինչպե՞ս է օտարերկրացի զբոսաշրջիկը հայտնվել Ակոռիում։ Շատաևն էլ պատմեց։ Ակոռի է գնացել առանց որևէ թույլտվության, «ինչ լինում է` լինի» սկզբունքով։ Անգամ քարանձավում է թաքնվել, երբ երկնքում ուղղաթիռ է հայտնվել, որն ամենայն հավանականությամբ օդ է բարձրացել արգելված գոտի կողմնակի անձ մուտք գործելու ահազանգից։
Քրդի դեմքը շողաց հիացմունքից․ նրան ակնհայտորեն դուր եկավ, որ Շատաևը հիմարացրել է ատելի թուրք զինվորականներին…
Արարատի վրա Շատաևն իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում։ Դա նրա 15-րդ արշավն էր։ Մինչ քրդերը, լեզուները ծպծպացնելով, գովաբանում էին իրենց համար «անդրաշխարհիկ» Արարատի գեղեցկությունը, Շատաևը ուսապարկից հանեց հեռադիտակը և սկսեց ուսումնասիրել բարձունքը։ Անամպ հեռուներում ու բարձրացող արևի շողերում այն իսկապես շողում էր զմրուխտե սառույցով, բայց այնուամենայնիվ այնքան աստվածային-վեհապանծ չէր, ինչպես Երևանից է երևում։
-Տապանը չի՞ երևում,-հարցրի Շատաևին` պատրաստելով տեսախցիկը։
-Տապանը սառույցով է ծածկված, մենք չենք տեսնի։ Բոլոր սառցապատ լանջերը մյուս կողմում են,-նա ձեռքը նորից թափ տվեց ձյունե փափախի ուղղությամբ։
-Ուրեմն Ակոռիո՞ւմ։
Շատաևը քրքջաց, խորամանկ ժպիտով բարձրացրեց գլուխը․
-Ա-հա-հա՜, դե, տեսականորեն՝ այո, այնտեղ է։ Իսկ դուք ավելի լավ է Մուսային հարցրեք, թե ինչ են իրենք խոսում Արքի մասին (Arc – տապան (անգլ․))։
Շատաևը թփթփացրեց բանդանայով երիտասարդի ուսին։
-Մենք ի՞նչ ասել։ Արքը կա վերևում,-արձագանքեց վերջինս։
Մուսան տեղացիներից միակն է, որ քիչ թե շատ ռուսերեն գիտի։ Ժամանակին վարագույրներ է վաճառել Մոսկվայում, հետո լեհուհու է հանդիպել ու մեկնել Վարշավա։
Վերելքների սեզոնին տուն է գալիս և ուղեկցորդ աշխատում` դեպի բարձունքն ուղեկցելով զբոսաշրջիկներին ու Տապանը որոնողներին։ Նա նույնպես ձեռքը թափ տվեց բարձունքի ուղղությամբ և կոտրտված ռուսերենով սկսեց պատմել, որ Տապանն այնտեղ է՝ արևելյան լանջին։ Մի քանի տարի առաջ իրենք գտել են այդ վայրը։
-Մի անգամ փորեցինք չորս մետր և գտանք ջուր,-նա ձեռքով շատրվան ցույց տվեց,-մենք չէինք կարող ավելի շատ փորել, բայց շուտով նորից կփորենք։ Որ իմանանք՝ ինչ ճիշտ, ինչ սխալ Արքի մասին։
Հետո զարմանալի բան կատարվեց։ Գրավոր աղբյուրներում ես հաճախ էի Արարատի վրա բնության անոմալիաների նկարագրություն հանդիպել` ջերմաստիճանի կտրուկ տատանումներ, անսպասելի ձնահոսքեր, քարաթափումներ և այլն։ Ինքս էլ մի երկու անգամ հասցրի տեսագրել, թե ինչպես են ամպերը մի ակնթարթում կուլ տալիս մեզ շրջապատող բնապատկերը և ստիպում տեղում մնալ ճանապարհից չշեղվելու և անդունդը չընկնելու համար։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am