Սարիղամիշ քաղաքի «Եկատերինայի տնակը». armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սարիղամիշ քաղաքի «Եկատերինայի տնակը». armeniasputnik.am

Կարսի մարզի (ներկայումս՝ Թուրքիայի տարածք) Սարիղամիշ քաղաքի արվարձանում, բարձրունքի վրա, գեղատեսիլ վայրում, սոճու անտառի եզրին է գտնվում մի ուշագրավ պատմական շինություն: Տեղացիները և քաղաքի զբոսաշրջային գործակալություններն այն անվանում են «Եկատերինայի տնակ»:

Բալթյան ոճով, սոճու գերաններից և առանց մեխերի օգտագործման կառուցված և մի քանի տասնյակ սենյակներ ունեցող այդ յուրօրինակ մեկհարկանի շինությունը ի սկզբանե նախատեսված էր ռուսական ցար Նիկոլայ 2-րդի համար ծառայել որպես ձմեռային որսորդական առանձնատուն:

Ինչպես փրկվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին «Եկատերինայի տնակը» կառուցվել է 1901-02 թվականներին (մեկ այլ վարկածով՝ 1894-95 թթ.)՝ Սարիղամիշ քաղաքի այն ժամանակվա ռուսական վարչակազմի կողմից: Առանձնատան մոտակայքում են կառուցվել նաև քարե զորանոցներ, որոնցից հիմա մնացել են միայն պատերը: Ցար Նիկոլայ 2-րդը ընդամենը մեկ անգամ է այցելել Սարիղամիշ. դա 1914 թվականի դեկտեմբերի սկզբին էր, երբ նա եղավ Կովկասյան ռազմաճակատի ռուսական զորքերի առաջապահ դիրքերում: Սակայն ստույգ հայտնի չէ՝ եղել է արդյո՞ք ցարը այդ այցի ժամանակ «Եկատերինայի տնակում», թե՞ ոչ: Պատմական Այրարատ նահանգի Վանանդ գավառի մաս կազմող Սարիղամիշը, որի հայկական անվանումը Եղեգնիկ է, գտնվում է հայոց միջնադարյան մայրաքաղաք Կարսից մոտավորապես 60 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք:

1918 թվականի ապրիլին Կարսի մարզը և Սարիղամիշ քաղաքը օկուպացվում են Օսմանյան Թուրքիայի կողմից, սակայն 1919-ի մայիսից այդ տարածքը ընդգրկվում է Հայաստանի առաջին Հանրապետության կազմում: Սարիղամիշը վերաբնակեցվում է Արևմտյան Հայաստանից գաղթած հազարավոր փախստականներով: «Եկատերինայի տնակում» նույնպես ապաստանում են արևմտահայ գաղթականներ, իսկ կից զորանոցներում տեղակայվում է հայկական բանակի կայազորը:

1921 թվականից Կարսի մարզը, նրա հետ նաև Սարիղամիշը, անցնում է քեմալական Թուրքիային, և «Եկատերինայի տնակն» ու կից կառույցներն օգտագործվում են արդեն որպես թուրքական բանակի զորանոցներ: 2009-ին քաղաքի իշխանությունները որոշում են կայացնում պատմական այդ շինությունը փոխանցել Կարսի նահանգի մշակույթի և զբոսաշրջության գերատեսչությանը: Ներկայումս այստեղ ընթանում են վերականգնողական աշխատանքներ՝ նախատեսված է առանձնատունը դարձնել ժամանակակից չափորոշիչներով հյուրանոց, մանավանդ որ վերջին տարիներին Սարիղամիշը դարձել է Թուրքիայում դահուկային սպորտի զբոսաշրջային խոշոր կենտրոն:

armeniasputnik.am