Ինչպես 1991 թվականին ԳԽ նիստում կանխվեց Արցախի օտարումը, և ինչպես կոտրվեց «Ադրբեջանի դեմ ոչինչ չենք կարող անել» կարծրատիպը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես 1991 թվականին ԳԽ նիստում կանխվեց Արցախի օտարումը, և ինչպես կոտրվեց «Ադրբեջանի դեմ ոչինչ չենք կարող անել» կարծրատիպը

18 օր է՝ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ։ Այս ընթացքում Արցախի հասարակական-քաղաքական շրջանակները ֆեյսբուքյան իրենց գրառումներում, հարցազրույցներում նշում են, որ իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար, քանի նա իր պաշտոնին է, Արցախի վիճակն այսպես կմնա կամ գնալով ավելի կվատանա, հետևաբար՝ նա պետք է հրաժարական տա։

Դեռևս հոկտեմբերի կեսերին ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ մեկ դրվագ էր հիշեցրել, որը տեղի էր ունեցել 1991 թվականին:

«Դեռ 1991թ. ամռան-աշնան շրջանում տեղի ունեցան Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընտրություններ: Մեզ մոտ տեղի է ունենում նիստ, չհեռարձակվող, որովհետև Գերագույն խորհրդի բոլոր նիստերը հեռարձակվում էին, ու ժողովուրդը նայում էր, փակեցին… Եվ այդտեղ այն ժամանակ դեռ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց՝ Արցախը պետք է մասնակցի Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընտրություններին և պատվիրակություն ուղարկի Բաքու, որպեսզի համաձայնեցվեն: Ես հիշում եմ, այդ նիստի ներկաները քարացել էին, նույնիսկ՝ ՀՀՇ-ի հատվածը։ Հրանտ Խաչատրյանն արձագանքեց  Լևոն Տեր-Պետրոսյանի այդ ըստ էության սկանդալային հայտարարությանը:

Մոտեցավ խոսափողին և Լևոն Տեր-Պետրոսյանին ու բառացի ասաց՝ «Էդքանից հետո դու գետինը չե՞ս մտնում, Լևոն»: Սրանից հետո ըստ էության էլ քննարկում չեղավ: Տեր-Պետրոսյանը հասկացավ, որ սա չի անցնի: Բայց միտումը միանշանակ էր»,- հիշել էր Շավարշ Քոչարյանը։

168.am Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ այսօր ինչո՞ւ իշխանության ներսում չկա որևէ մեկը, որը դեմ կգնա Նիկոլ Փաշինյանի ծրագրերին, ինչպես իրենք են Արցախի հարցում դեմ գնացել Գերագույն խորհրդի այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, արդյո՞ք միանձնյա այս ղեկավարումը վերջնականապես չի կործանի ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանը։

Հրանտ Խաչատրյանը նախ նշեց, որ այն ժամանակ իրեն ավելի տարիքով ու խելացի մարդիկ մեկ բան են ասել, թե` մի մտածիր, որ ամենակարող ես, պարզապես կարողանում ես քո միջով շատ մարդկանց էներգիան անցկացնել ու որևէ թիրախի վրա ճիշտ կիրառել։

«Այս ամենն ինձ ասել են ԱՄՆ Կոնգրեսի շենքում, Կոնգրեսում աշխատող խորհրդական, որն ընդգծեց, թե դա կարևոր հատկություն է, և իմ խոսքերից համոզվել է՝ հայ ժողովուրդը դեռ ապագա ունի ու չի կորցրել իր ինքնությունը։ Այսինքն՝ ուզում եմ ասել, որ այդ ժամանակ ես շատ մարդկանց աջակցությունն ունեի։

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, մենք՝ թե՛ փորձառու, թե՛ անփորձ, գնում էինք այդ կոմիտեի հետևից, այսինքն՝ սատարում էինք այն պահանջը, որ Հայաստանի Գերագույն խորհուրդը պարտավոր է նստաշրջան հրավիրել ու Արցախը համարել Հայաստանի մաս, քանի որ այդպես էր ցանկանում հայ ժողովրդի Արցախի հատվածը։ Երկու տարի շարունակ այս թեզերը հնչել են Ազատության հրապարակում։ Այս ամենը մեզ համար արդար պահանջ էր, ու մենք էլ ամեն ինչ անում էինք այդ պահանջին սատարելու համար, մինչև կհասնեինք դրա իրականացմանը, և 1989 թվականին հասանք դրան։ Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ դժվարությամբ դարձավ Գերագույն խորհրդի նախագահ, որովհետև հայտարարվում էր, որ, եթե ինքն իշխանություն չվերցնի, ապա Կոմունիստները հետ կգան։ Այնպես, ինչպես հիմա իշխանությունն ասում է՝ եթե իշխանություն չդառնանք, ապա նախկինները հետ կգան։ Սա մանիպուլյացիոն մի կետ է, որը մարդկանց վրա շատ լավ ազդում է և կիրառվում անհրաժեշտության պահին»,- նշեց Հրանտ Խաչատրյանը։

Շարունակելով թեման, մեր զրուցակիցն ասաց, որ երբ Լ. Տեր-Պետրոսյանը դարձավ Գերագույն խորհրդի նախագահ, աստիճանաբար բացահայտվեց Արցախը Հայաստանից օտարելու գործընթացը։

«Այդ նստաշրջանը եղավ, փակ նիստ էր, որևէ ելույթ նախատեսված չէր։ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո բոլորը քարացել էին, ոչ մեկը չէր կարողանում որևէ բան ասել։ Նիստը վարում էր Բաբկեն Արարքցյանը, ով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո (ով նշում էր, թե մենք ով ենք, որ կարողանանք Ադրբեջանի դեմ պայքարել և այլն) հայտարարեց, որ նիստն ավարտվեց։ Ես անկախ ինձանից ուղղակի թռա միկրոֆոնի մոտ, չհասցրեցին անջատել, ու ինչ պետք էր, ես այդ ժամանակ ասացի»,- շեշտեց Հրանտ Խաչատրյանը։

Ըստ նրա, եթե այն ժամանակ պաշտպանեին ինչ-որ խմբի կամ անձի, ապա որևէ բան տեղի չէր ունենա, և Արցախը կորցնելու գործընթացը դժվար կլիներ կանխել։

«Վերադառնալով այսօր տեղի ունեցող իրադարձություններին ու իրավիճակին, ասեմ՝ եթե մենք չենք գտնում, թե ինչ հիմքի վրա ենք մեր գոյությունը պահպանում և նպատակ չենք դնում, որ Հայաստանը պետք է զարգանա՝ որպես միջազգային ընտանիքի հնագույն ազգերից մեկը, ապա մշտապես լինելու ենք ներքին տարաձայնությունների մեջ։ Այսինքն՝ պետք է հասկանանք, թե ինչ հողի վրա ենք ուզում ապրել, դրանից հետո լուծումներն ինքնըստինքյան կգան։

Թե ինչո՞վ կավարտվի Բերձորում ստեղծված խնդիրը, կարծում եմ՝ բոլորին պարզ է, քանի որ հայ ժողովուրդը, հանձին իր ներկայիս իշխանությունների, տեր չի կանգնում այս խնդրին ու սեփական կարծիք չի հայտնում, ընդհակառակ՝ մի օր հայտնում է՝ Արևմուտքի, մի օր՝ Ռուսաստանի կարծիքը։ Սա մի օր գալու է հանրագումարի ու կարող է նոր զինված բախման առիթ դառնալ, կարող է նաև խաղաղ լուծում լինել, սակայն դրանում մեզ համար կլինի վատ անակնկալ»,- եզրափակեց Հրանտ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է։