Մեր հայրենակիցներից շատերի համար զգացական և իմաստային լիցքից գրեթե զուրկ «էսկալացիա» եզրույթի տակ թաքնված է մի շատ պարզ և վտանգավոր իրականություն՝ Հայաստանի սողացող զավթումը թշնամու կողմից՝ ընդ որում, սկզբնապես ռազմական իմաստով բարբարոսների համար շահավետ դիրքերում, իսկ հետո դրանց միջոցով մեր այլ տարածքների նկատմամբ ֆիզիկական կամ առնվազն նշանառային վերահսկողության սահմանումով։ Այս մասին տելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Առանց մեզ, ո՛չ մի դիտորդ, ո՛չ մի խաղաղապահ, ո՛չ մի միջազգային կառույց այդ բռնազավթման դիմացը չի առնելու, իսկ «խաղաղության օրակարգ», ցավոք, առաջիկայում չի լինելու, քանի որ թշնամին ձգտում է ոչ թե խաղաղության, այլ մեր «խաղաղեցմանը»՝ ընդ որում, մեր իսկ հայրենիքը փորձելով վերածել մեր գերեզմանի։
Չի կարելի չնկատել կամ չնկատելու տալ այս ամենը և պարբերաբար կանգնել նույն «կոտրած տաշտակի» առջև:
Ամեն ինչ պետք է մոռանալ. Հայաստանում մեկ օրակարգ պետք է լինի՝ անվտանգություն և էլի անվտանգություն, իսկ ցանկացած այլ բան պետք է ստորադասվի դրան»։