Դա չի կանխելու նոր ցեղասպանությունը. թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձում Թուրքիան չհիշատակելու մասին. tert.am
Advertisement 1000 x 90

Դա չի կանխելու նոր ցեղասպանությունը. թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձում Թուրքիան չհիշատակելու մասին. tert.am

Այն պատկերացումները, որ այս իշխանություններն ունեն Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, չեն հենվում իրականության վրա և դրանք չեն բերելու սպասված արդյունքների: Այս մասին Tert.am-ի՝ «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման շրջանակում, անդրադառնալով հարցին, որ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում չի հիշատակվում Թուրքիան, ասաց թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

«Այդ չարչրկված խաղաղության կոնցեպտը, տարածաշրջանում դիրքավորումը և այլն ոչ թե գործիքներ կարող են դառնալ Ցեղասպանությունները կանխելու, այլ հակառակը՝ դրանք կարող են դառնալ ներքին դիմադրողականությունը թուլացնելու, այն վերջնականականապես զրոյացնելու գործիքներ: Շատ կարևոր է փաստել, որ 21-րդ դարում էլ, նույն 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ էլ ու դրանից հետո էլ ցեղասպանական մտածելակերպը դուրս չի եկել թշնամական պետությունների առօրյա գործելակերպից ու օրակարգից: Պատերազմի ժամանակ մենք տեսել ենք ցեղասպանական բնույթի մահապատիժներ: Մենք նույնը տեսել ենք 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ՝ գնդակահարություններ, անդամահատումներ…դրանք ինչ են, եթե ոչ ցեղասպանություն»,-ասաց Մելքոնյանը:

Թուրքագետը Ադրբեջանի և Թուրքիայի մերօրյա գործողությունները համեմատեց 1915թ. նմանատիպ դրվագների հետ. «Այսինքն՝ այդ պետությունները շարունակում են մնալ ցեղասպան, դրանց նպատակը շարունակում է մնալ նույնը, փոխվել է միայն Հայաստանի այս պահի իշխանությունների քարոզչությունը, որը շարունակում են տարածել հանրության լայն շերտերում: Բայց նորից ասեմ՝ դա չի կանխելու ցեղասպանությունը և որևէ հայկական իշխանություն չի կարող ավելի լավ դիրքավորվել և ավելի լավ հարաբերություններ ունենալ թշնամի պետության վերնախավի հետ, քան ունեցել են 1915թ. առանձին հայ քաղաքական գործիչներ ժամանակի թուրքական գործիչների հետ: Չէ՞ որ դա ամենևին չի կանխել ցեղասպանությունը: Այնպես որ ծայրից ծայր սխալ է այս մոտեցումը, սա ոչ թե արկածախնդրություն է, այլ սա մեր պետականությունն ու ժողովրդին դեպի բացահայտ սպառնալիք տանող մոլորություն է»:

tert.am