Չեմ հասկանում
Advertisement 1000 x 90

Չեմ հասկանում

Ստի և կեղծիքի հեղափոխութունից հետո, անցած 5 տարիները պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ մինչ 2020թ․ նոյեմբերի 9-ը և դրանից հետո, մինչ օրս։

Հեղափոխությունից կարճ ժամանակ անց, քիչ թե շատ մտածելու ընդունակ մարդկանց համար պետք է արդեն պարզ լիներ այն իրականացնողների և հատկապես՝ նրանց առաջնորդի իրական կերպարները։ Թվարկենք անօրինականությունների ոչ ամբողջական ցանկը 2018-2020թթ․:

– Աբաջյանի պապիկի կեղծ լինելու բացահայտումը։

– Հանրահավաք, որտեղ հնչեց․ «Կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի»։

– Վարչապետի կողմից մարդկանց ասֆալտին փռելու հրամանը։

– Միլիոնավոր դոլարների նորոգումները, գնումները, շրջագայությունները, վարչապետի կնոջ հիմնադրամները։

– Ծաղկաձորի հյուրանոց «նվերը»։

– Ազգային ժողովի շրջափակումն ու պատգամավորներին ահաբեկումը։

– Վարչապետ-ԱԱԾ պետ-ՀՔԾ պետ հեռախոսազրուցի հրապարակումը։

– Գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ կեղծ մեղադրանքների բացահայտումը։

– Մհեր Եղիազարյանի անօրինական կալանքն ու ողբերգական մահը։

– Փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան ծեծը։

– Անօրինական, հակասահմանադրական հարձակումները Սահմանադրական դատարանի վրա։

– Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ շինծու մեղադրանքը։

– Վարչապետի կոչով դատարանների շրջափակումը։

– Քովիդի համաճարակի դեմ պայքարի լիակատար ձախողումը և հազարավոր մահերը։

– Մաքսանենգ ծխախոտի արտահանման բացահայտումները։

– Արցախի հարցում միմյանց հակասող, ոչինչ չասող, անհանգստացնող տարաբնույթ խոսքերը։

Սույն ցուցակի միայն մեկ-երկու դրվագները բավական կլինեին, որ իսկապես ժողովրդավարական արժեքներ կրող երկրում, եթե իշխանությունները կամավոր հրաժարական չեն տալիս, ապա ողջ ժողովուրդն ապստամբեր ու հեռացներ նրանց։ Իսկ եթե այս ամենը տեղի ունենար որևէ իրավական երկրում, ապա իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ կհայտնվեին բանտերում։

Այս ամենին չկա որևէ արդարացում, բայց ենթադրենք, որ մեր ժողովրդի մեծամասնությունը, նկատելով այս ամենը, ամեն դեպքում դեռևս հույսեր ուներ, որ «ամեն ինչ լավ է լինելու»։ Լավ, բա իրենց մտավորական համարողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Նրանց մեծամասնությունը կամ չէր «նկատում», կամ նույնիսկ պաշտպանում էր այդ ամենը։ Արդեն այն ժամանակ պարզվեց , որ մեր ազգը, ժողովուրդը, հասարակությունը՝ իր ճնշող մեծամասնությամբ, չի դավանում այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ ազնվությունը, օրինականությունը, գթասրտությունը։

Ինչևէ, այս ամենը հանդուրժելով, թևակոխեցինք 2020թ․ սեպտեմբերի 27-ը։

Ինչպե՞ս բացատրել նույն վարչապետ կոչեցյալի խոսքը պատերազմի առաջին օրը․ «Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի՝ մեզ պարտված չենք ճանաչի»։ Մի՞թե սա արդեն ահազանգ չէր՝ պայմանավորված պատերազմի և պարտության։ Արձանագրենք, որ պատերազմի 4-րդ օրը չեղարկվել է պարտադիր զորահավաքը և կոչ արվել կամավորական ջոկատներ կազմավորելու։ Ունենալով «Իսկանդեր» հզոր զենք, այն չկիրառվեց ոչ ադրբեջանական բանակի կուտակումների, ոչ Մինգեչաուրի ջրամբարի, ոչ նավթամուղների ուղղություններով։ Երբ լսում, կարդում ես պատերազմի մասնակիցների պատմածները, լրջորեն կասկածում ես, որ այն փնթիությունը, որ եղել է, ոչ թե ապիկարության, այլ հատուկ ծրագրված գործողությունների արդյունք է։

Ողջ պատերազմն ուղեկցվեց ստախոսության և կեղծիքների բարձր մակարդակի քարոզով։

Խայտառակ պարտությունից հետո, համոզված էի, որ իշխանության ժամերն այլևս հաշված են, քանի որ ժողովուրդը չի ների հազարավոր իր որդիների և հայրենիքի կորուստը։ Իհարկե, հենց նոյեմբերի 9-ի երեկոյան բազմաթիվ մարդիկ լցվեցին հրապարակ։ Մարդիկ ինքնաբուխ, առանց առաջնորդ, անկազմակերպ, խիստ զայրացած դուրս էին եկել վռնդելու դավաճաններին։

Բայց բողոքը զանգվածային չէր։ Ավելին, գտնվեցին «առաջադեմ» գործիչներ, որոնք խստորեն քննադատեցին «բռնությունները»։ Այն նույն գործիչները, որոնք չէին նկատել վերը ներկայացված անօրինականությունները։

Պարտությանը հետևեցին վարչապետ կոչեցյալի խոսքերը, Հայաստանի տարածքներն ադրբեջանական անուններով կոչելը և Շուշին նույնպես ադրբեջանական քաղաք անվանելը։

Բավականին ուշացումով սկսվեց ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը», բաղկացած․․․ 17 կուսակցություններից։ Մի քանի առիթներով ասել եմ, որ շարժման ժամանակ հավաքված ժողովուրդն ավելի զայրացած ու վճռական էր, քան 17 ընդդիմադիր կոչվող կուսակցություններից կազմված հարթակը։ Այդ ընթացքում, վարչապետ կոչեցյալի հետ պայմանավորված, նրա հրաժարականը պահանջեցին նաև Հայաստանի նախագահ-կնիքը, վարչապետին կից «Լուսավոր Հայաստանը»։ Մի պահ թվաց, թե մեր զինվորականների մեջ արթնացել է արժանապատվության զգացումը, երբ հրաժարական պահանջեց բանակի գլխավոր շտաբը։ Բայց, պարզվեց, որ այն ընդամենը վախվորած քայլ էր։

Ամեն դեպքում, ժողովրդի ընդվզող հատվածն այն չէր, ինչ կպատկերացնեի։ Զարմանալիորեն ոտքի չէր կանգնել ողջ ժողովուրդը։ Հիմնականում լուռ էին իրենց մտավորական համարողները։

Այնուհետև, նախապես համաձայնեցնելով «Լուսավոր» և «Բարգավաճ» Հայաստանների հետ, վարչապետ կոչեցյալը «հրաժարական» տվեց՝ հայտարարելով արտահերթ ընտրություններ։

Ընտրություններ կոչվող կեղծարարությամբ, ինչպես միշտ է եղել Հայաստանում, բայց այս անգամ պարտված, ողջ հայ ժողովրդին նվաստացրած իշխանությունը վերարտադրվեց։

Մեկ տարի անց՝ 2022թ․, ընդդիմությունը երկրորդ անգամ փորձեց պայքարել՝ ստեղծելով «Դիմադրություն» շարժումը․․․ և նորից անհաջող։ Ինչպես 2021թ․, նույնպես հավաքված ժողովուրդն ավելի վճռական էր տրամադրված, քան հարթակից ճառողները։ Երկու դեպքերում էլ ընդդիմությունը գործում էր «սահմանադրական» ճանապարհով, առանց վճռականության։

Թվարկենք նաև ետպատերազմյան շրջանի անօրինականությունների ոչ ամբողջական ցանկը․

– Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների, ինչպես նաև պատերազմում զոհվածների ծնողների հանդեպ բռնություններ։

– Ընդդիմադիր գործիչներին շինծու մեղադրանքների առաջադրումներ և կալանքներ։

– Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, որպես կրկնակի գործակալի, բացահայտումը։

– Դատավոր Բորիս Բախշիյանի անօրինական կալանքը։

– Արմեն Գրիգորյանին շինծու մեղադրանքի առաջադրումը, կալանքն ու սպանությունը։

– Սոնա Մնացականյանի սպանությունը։

– Ապարանում երեք երիտասարդների սպանությունը։

– Վարդազարյան-Ջհանգիրյան խոսակցության ձայնագրության հրապարակումը, որով ապացուցվեց պատվերով քրեական գործերի հարուցումը։

– Ոստիկանական բաժանմունքներում անչափահասների և փաստաբանների ծեծը։

– Ձերբակալված անձանց բարձր հարկերից «ինքնասպանությունները»։

– 15 զինծառայողների ողբերգական մահերը, նաև այլ մահերը, որ պարբերաբար տեղի են ունենում բանակում։

– Կոկաինի մեծաքանակ ներմուծումը։

– ԱԺ խոսնակի կողմից քաղաքացու դեմքին թքելը։

Ավելացնենք նաև 2022թ․ սեպտեմբերյան երկօրյա պատերազմը՝ 200-ից ավելի զոհերով և տարածքային կորուստներով։

Այս ամենին հաջորդեց վարչապետ կոչեցյալի կողմից Արցախն ուրանալը՝ այն համարելով ադրբեջանական տարածք։

Եվ այս ամենի ֆոնին՝ համատարած կոռուպցիան, իշխանավորների ցոփ ու շվայտ ապրելակերպն ու երջանկությունից փայլող դեմքերը։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ փորձեցի ընթերցողին հիշեցնել այս ամենը։

Եթե, ինչպես վերը նշեցի, մինչ պատերազմն ու խայտառակ պարտությունը խիստ պայմանականորեն կարելի էր արդարացնել հասարակության կողմից անօրինականությունները չնկատելը և ինչ-ինչ հույսեր ունենալը, բայց արդեն դրանից հետո, իսկապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է շարունակել ծառայել այս իշխանությանը՝ հանձին վարչապետ կոչեցյալի։ Չեմ հասկանում ոչ միայն քպ-ականներին, նախարարներին, մարզպետներին, քաղծառայողներին, ողջ ոստիկանական ուժերին, քննիչներ-դատախազ-դատավորներին, ողջ սպայակազմին, արբանյակ կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը, որոնք հանուն փողի, հավատարմորեն ծառայում են Արցախն ուրացած իրենց տիրոջը, այլև՝ կրկնեմ՝ հայ մտավորականությանը, տարբեր ստեղծագործական միություններին, գիտական հիմնարկներին և բոլոր բոլորին։

Երիցս չեմ հասկանում պատերազմի զոհերի այն հարազատներին, որոնք ջերմորեն ընդունում են վարչապետ կոչեցյալի կնոջը։ Չէ՞ որ նա համարում է, որ ձեր որդիները «զոհվել են հանուն ոչնչի»։

Չեմ հասկանում նաև որոշակի մասնագիտություն ունեցողների, օրինակ՝ լրագրողների պահվածքը։ Քանի որ լրագրողն աշխատում է այսինչ իշխանամերձ լրատվամիջոցում, ապա նա կարճ ժամանակում ուղնուծուծով դառնում է քպ-ական։ Կամ, ինքն ընդամենը լրագրող է, քաղաքականությամբ չի զբաղվում, այսինքն՝ անտարբեր է ամեն ինչի հանդեպ։ Բնականաբար, ոչ բոլոր լրագրողներն են այդպիսին, ուղղակի լրագրողներին բերեցի որպես օրինակ, նույնը վերաբերում է այլ մասնագիտություն ունեցողներին՝ բժիշկներ, արհեստավորներ և այլն։

Մի՞թե բոլորը հանդուրժում են աղաղակող անօրինականությունները և հաշտվել են առնվազն, շեշտում եմ՝ առնվազն Արցախի կորստի հետ։

Շատերին եմ ճանաչում, ովքեր այս ամենը հասկանում և անհանգստանում են, բայց․․․ բայց մատը մատին չեն տալիս․ «բա որ հանկարծ»։ Չեն մասնակցում բողոքի հավաքներին, նույնիսկ խուսափում են մասնակցել «Հայաքվեին»։

Չեմ հավատում, որ բոլոր ազգերն այսպիսին են՝ ո՛չ, ևս մեկ անգամ ո՛չ։ Վստահ եմ, որ որևէ այլ ազգ, ժողովուրդ, հասարակություն, չէր հանդուրժի նման նվաստացում և իշխանություն։

Փաստորեն, մեր ժողովուրդը՝ իր մեծամասնությամբ, կամ անտարբեր ամեն ինչի հանդեպ, կամ իրական բարոյական արժեքներից զուրկ, միայն նյութապաշտ զանգված է։

Ցավով եմ ասում, բայց տպավորություն ունեմ, որ մեր ժողովրդի մեծամասնության նյութապաշտ բնավորությունն ամենալավը հասկացել են վարչապետ կոչեցյալը կամ նրա տերերը, որ կարելի է ամեն ինչ փողով գնել՝ հոգին, պատիվը, արժանապատվությունը, սկզբունքները (եթե առկա են), նույնիսկ հարազատի արյունը։

Ավետիք Իշխանյան