ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցները երկրի նախագահ Դոնալդ Թրամփին չեն տրամադրում գաղտնի որոշ տեղեկություններ՝ զգուշանալով դրանց հրապարակումից: Այդ մասին ասված է այն հոդվածում, որը փետրվարի 15-ին հրապարակվել է The Wall Street Journal թերթի էլեկտրոնային տարբերակում:
«Իրադրությանն իրազեկ նախկին և գործող պաշտոնատարների տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները նախագահ Թրամփից թաքցնում են կարևոր հետախուզական տվյալներ, նրանք անհանգստացած են այն բանի հնարավորությունից, որ այդ տեղեկությունները հայտնի կդառնան հասարակայնությանը կամ կհափշտակվեն»,- ասված է նյութում:
Ինչպես նշում է հրատարակությունը, Թրամփի նկատմամբ հատուկ ծառայությունների անվստահության պատճառներից մեկը դարձել է այն սկանդալը, որը փետրվարի 13-ին հանգեցրեց Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Ֆլինի պաշտոնաթողությանը:
Ավելի վաղ «Վաշինգտոն պոստ»-ը հայտնել է, որ Ֆլինը դեռ 2016 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հեռախոսով քննարկել է հակառուսական պատժամիջոցները: Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տանը ոմանք նախագահի ապագա օգնականի և ռուս դեսպանի բանակցությունները համարել են աննպատակահարմար և ոչ ճիշտ ազդանշան Մոսկվային առ այն, որ պատժամիջոցները կարող են թուլացվել:
Ֆլինը հայտարարել է, որ «սահմանները չի անցել» ՌԴ-ի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ կայացած բանակցությունների ընթացքում՝ պարզաբանելով, որ իրականում խնդրո առարկա են եղել ոչ թե պատժամիջոցները, այլ ԱՄՆ-ից 35 ռուսաստանցի դիվանագետների վտարման փաստը:
Փետրվարի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ազգային անվտանգության խորհրդականի դիմումը պաշտոնից հրաժարական տալու մասին: Փաստաթղթում նա նշել է, որ փոխնախագահ Մայք Փենսին և Սպիտակ տան մյուս ներկայացուցիչներին լիովին չի իրազեկել Ռուսաստանի դեսպանի հետ իր զրույցների մասին:
Փետրվարի 14-ին Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլինին խնդրել է պաշտոնաթող լինել, քանի որ նրա նկատմամբ կորցել է վստահությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: