Փաշինյանի իշխանությունը մտադիր է պետականացնել Հայաստանի Գրողների միության և Նկարիչների միության շենքերը։ Օրեր առաջ նշված միությունները ծանուցում են ստացել Դատախազությունից. Գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ և պահանջում է անվավեր ճանաչել 2001 թ. Գրողների միությանը և 2003 թվականին Նկարիչների միությանը տրված սեփականության իրավունքի պետական գրանցումները:
Yerkir.am-ը «Գրական թերթի» խմբագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանից փորձեց պարզել՝ ի՞նչ է նա մտածում այս հարցի մասին, և ինչպե՞ս կկազմակերպվի գրողների, «Գրական թերթի» խմբագրության հետագա աշխատանքն այդ շենքից դուրս։
«Մենք նախագահության նիստ ենք արել և, կարծում եմ, որ հենց այնպես մենք, ըըըը, չենք…. դեռ չգիտենք ինչ վիճակ է։ Բայց որ շենքը պատմություն ունի, և այդ պատմության հետ պետք է հաշվի նստեն, այդքանը առայժմ կարող եմ ասել, մնացածը՝ ընթացքը ցույց կտա: Ես ավարտեցի, ես ավարտեցի, ես ավարտեցի….»,-նշեց հրապարակախոսը՝ կտարականապես հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։
Իսկ Կարինե Խոդիկյանը (և ոչ միայն նա), անխոսք, դեռ շատ հարցերի պետք է պատասխանի, հարցեր, որոնք առնչվում են իր հանրային պահվածքին, վարքագծին, դիրքորոշումներին ու հրապարակային հայտարարություններին:
Հիշեցնենք՝ Արցախի դավադիր հանձնումից հետո հրապարակախոսը քար լռության մեջ էր, հետո պարզվեց, որ նա Փաշինյանի մոլի երկրպագուն է անգամ պատերազմից ու Արցախի դավադիր հանձնումից հետո։ Այդ ամենը նա խոստովանեց իր հարցազրույցներից մեկում՝ խոսելով 2021-ի արտահերթ ընտրությունների մասին. «….Եթե հանկարծ պարզվի, որ մի ձայնի կարիք կա, որ պիտի որոշի, թե ով պիտի լինի, ես, բնականաբար, Նիկոլին ձայնս կտայի….»։
Ավելին, Արցախի շրջափակման օրերին էլ նա իր մեկ այլ հարցազրույցում ուղղակի կամ անուղղակի պաշտպանել էր Փաշինյանի՝ Արցախից հրաժարվելու դավաճանական վարքագիծը՝ հասկացնելով, որ Արցախը չպետք է խառնել ՀՀ գործերին, Արցախում կամ Արցախի հետ ինչ էլ լինի` ՀՀ-ում պիտի կյանքը շարունակվի: Հավելենք, որ նույն հարցազրույցը լեցուն է նման բազմաթիվ նիկոլաբանություններով:
Ահա թե ինչու Կարինե Խոդիկյանը, ով Փաշինյանի նախկին խորհրդական ու կնոջ մտերիմ Գլխավոր դատախազի թեթև ձեռամբ կարող է զրկվել Ռոբերտ Քոչարյանի օրոք իրենց տրված պերճաշուք շենքից ու իր հարմարավետ աշխատասենյակից, այլևս համառորեն թույլ չտվեց շարունակել հարցազրույցն ու տալ այլ հարցեր: Եվ ինքը ճիշտ էր կանխազգացել՝ մեր հաջորդ հարցը շատ պարզ էր ու տրամաբանական, որը ստիպված ենք հրապարակավ հնչեցնել. Կարինե Խոդիկյանը էլի շարունակում է նույն կարծիքի՞ն մնալ, էլի նույնկերպ աջակցելու՞ է Փաշինյանի իշխանությանը, երբ նրան մեկ ձայն պակասի վերարտադրվելու և նորանոր չարիքների պատճառ դառնալու համար:
Ի դեպ, 2020-ի մայիսի 9-ին տիկին Խոդիկյանը մի խմբագրական էր գրել` դատապարտելով «Ղարաբաղը տալիս են… ծախում են…» ասողներին։ Նա համոզված հայտարարում էր` «…որևէ իշխանավոր` ՀԱՅ, հանձն չի առնի այդ հանցանքի ծանրությունը: Եվ այսօր էլ, երբ ոմանք հերթական անգամ «Արցախը ծախում են, հասե՛ք» են ճչում, ուզում եմ հարցնել նրանց` արժե՞ այսրոպեական ինչ-ինչ քաղաքական կուլիսային գործարքի համար շահարկել ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ: Բայց հետո ինքս ինձ մխիթարում եմ, որ նման «այսրոպեական ճչացողներ» եղել են ու, ցավոք, դեռ կլինեն, բայց նրանցից առավել զորավոր Շուշին ազատագրած ու հաղթանակած ժողովրդի մասնիկ լինելու արյան հուշն է, որը երկիր ու հող պահելու ամենահզոր զենքն է: Ու որևէ իշխանավոր` ՀԱՅ, հանձն չի առնի ինքնասպանությանը հավասարազոր հանցանքի ծանրությունը» :
Պարզվում է՝ հաղթանակը ուրացողներին տիկին Խոդիկյանը պատրաստ է ձայն տալ, նեցուկ լինել, որ Արցախը, Շուշին Ադրբեջան համարողները վերստին վերարտադրվեն ու շարունակեն Արցախի, հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված իրենց ծրագիրը:
Դե, նման դեպքերում, որպես օրինաչափություն, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ այդ ուղտը մի օր չոքելու է բոլորի դռանը: Եվ ուղտն այս օրերին Հայաստանի գրողների միության շենքի առջև է՝ Կարինե Խոդիկյանի դռանը։ Իսկ Կրոնոսը կուլ է տալիս իր զավակներին։