Հայաստանը հանդիպում է աշխարհի հնագույն քարտեզներում և պատմության գրքերում։ Երբեմն որպես անկախ պետություն, երբեմն էլ՝ բաժանված հարևան կայսրությունների միջև, բայց միևնույն է Հայաստան-Արմենիա անունը միշտ նշվում է սկսած հին հունական և հռոմեական քարտեզներից մինչ օրս։ Այստեղ կանդրադառնանք հնագույն քարտեզներից մի քանիսին՝ ընդամենը մեր ընթերցողին պատկերացում տալու համար, թե ինչ դիրք է զբաղեցրել Հայաստանն աշխարհի հնագույն քարտեզներում։
Ավելի մանրամասն հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Ռուբեն Գալչյանի «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» աշխատությանը, 2005 թ., կամ էլ դրա համառոտ տարբերակի, որը կոչվում է «Հայաստանը Օտարների քարտեզներում», 2018 թ.:
1․ Բաբելոնյան կավե սալիկ, մ․թ․ա․ 6-րդ դար
Մեզ հասած աշխարհի ամենահին աշխարհացույց քարտեզը բաբելոնյան քարտեզն է, որը պատկերված է կավե սալիկի վրա։ Քարտեզը գտնվել է Իրաքի տարածքից 19-րդ դարում։ Այժմ այն պահվում է Բրիտանական թանգարանում։
Բաբելոնյան կավե սալիկը թվագրվում է մ․թ․ա․ 6-րդ դարով։ Ասորական և Բաբելոնյան հին աղբյուրներում Արարատյան թագավորությունը հիշատակվում է որպես Ուրարտու։ Հենց այս անվամբ էլ այն նշված է աշխարհի հնագույն քարտեզի վրա։ Նշված պետություններից միայն Հայաստանը մինչ օրս գոյություն ունի։ Մնացած բոլորը վերացել են աշխարհի քարտեզից։
Ըստ քարտեզագետ Ռուբեն Գալչյանի Բաբելոնյան քարտեզը ցույց է տալիս աշխարհը սկավառակի ձևով, շրջապատված «դառը» ջրերով, որոնց մեջ կան 7 կղզիներ։ Աշխարհի կենտրոնում Բաբելոնն է, որի մոտ պատկերված են Ասորեստանը և Հայաստանը։ Փոքր շրջաններով պատկերված են նաև 7 այլ քաղաքներ, որոնցից են Հարրանը և Դերին։ Եփրատ գետը, ակունք առնելով Հայաստանի լեռներից, անցնում է Բաբելոնի և ճահիճների միջով և հասնում Պարսից ծոց։
Սալիկի հետևում եղած տեքստի մեջ գրված է աշխարհը շրջապատող ծովերում եղած 7 կղզիների և այնտեղ ապրող արտասովոր արարածների մասին։ Կղզիները պատկերված են եռանկյունիներով, որոնց մեծ մասը վնասված են և անընթեռնելի։
2․ Հերոդոտոս, մ․թ․ա․ 5-րդ դար
Աշխարհի քարտեզն ըստ Հերոդոտոսի։ Վերակազմությունը՝ Չարլզ Մյուլլերի՝ հրատարակված Սմիթի ատլասում։ Ժամանակին գոյություն ունեցող երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է կենտրոնական դիրք։
Հերոդոտոս, մ․թ․ա․ 5-րդ դար
3․ Էրատոսթենես (մ․թ․ա 3-2 դար)
Էրատոսթենեսի աշխատությունների հիման վրա գերմանացի քարտեզագետ Ֆոն Սպրուների վերակառուցած քարտեզը (1855 թ․)
Էրատոսթենես (մ․թ․ա 3-2 դար)
4․ Ստրաբոն, մ․թ․ա 1-ին դար
Բրիտանացի քարտեզագետ Ջոն Մըրրին հիմնվելով Ստրաբոնի «Աշխարհագրություն» աշխատության վրա վերակառուցել է աշխարհի քարտեզը, որի մի գլուխը հատկացված է Հայաստանի աշխարհագրությանը։
Ստրաբոն, մ․թ․ա 1-ին դար
5. Կլավդիոս Պտղոմեոս (2 դար)
Հույն նշանավոր աշխարհագրագետ և տիեզերագետ Կլավդիոս Պտղոմեոսը հին աշխարհի ամենանշանավոր քարտեզագետն էր։ Նրա կարևոր աշխատությունը ութհատորանոց «Աշխարհագրությունն» է։ Այս աշխատության մեջ Հայաստանին վերաբերող տեքստը 5-րդ հատորում է։
Սա աշխարհի քարտեզն է, որը շրջապատված է հողմերով և բաժանված է եղանակային գոտիների։ Բացառությամբ Կարմիր ծովի, բոլոր ծովերը ներկված են կապույտով, իսկ լեռները կանաչ են։ Մեծ ու Փոքր Հայքերը գտնվում են Սև և Կասպից ծովերի միջև։
Կլավդիոս Պտղոմեոս (2 դար)
6․ Կլավդիոս Պտղոմեոս (2 դար)
Քարտեզի կենտրոնում սպիտակ գույնով ներկայացված է Մեծ Հայքը (Արմենիա Մայոր), որն արևելքում սահմանակից է Մարաստանին, հարավում՝ Ասորեստանին, արևմուտքում՝ Փոքր Հայքին (Արմենիա Մինոր), իսկ հյուսիսում՝ Կոլխիսին (Աբխազիա), Իբերիային (Վիրք) և Ալբանիային (Աղվանք)։
Կլավդիոս Պտղոմեոս (2 դար)
7․ Ալեքսանդր Մակեդոնացու գրաված երկրները
Այս քարտեզն Ամստերդամում լատիներենով հրատարակված Ատլասի էջերից մեկն է։ Այն ներկայացնում է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը մինչև Հնդկաստան։ Քարտեզի վրա նշված է Մեծ Հայքը։
Ալեքսանդր մակեդոնացու գրաված երկրները
8․ «Սուրբ Երկիր» այլ կերպ՝ «Դրախտ» կամ «Եդեմի պարտեզ»
Քարտեզն ընգրկում է Միջերկրական ծովի և Պարսից ծոցի միջև ընկած շրջանը և ականավոր Եդեմը, որը գտնվում է Բաբել (Բաբելոն) քաղաքի մոտակայքում: Գեղեցիկ զարդարված վերնագիրը երկու կողմից շրջապատված է Եդեմի տեսարանների պատկերներով: Քարտեզն ինքնին, համատեղելով իրական և բիբլիական աշխարհագրությունը, հիանալի է ստեղծված: Այստեղ կգտնեք Նոդի Երկիրը, Եդեմը, Բաբելոնի աշտարակը և այլ կիսաառասպելական վայրեր: Այս քարտեզը կազմվել է Վիսշերի կողմից, որպես հինգ մասից բաղկացած քարտեզների շարքի մի մաս, նախատեսված Աբրահամ Վան Դեն Բրոքի 1657 թ. Աստվածաշնչում ընգրկելու համար: Սա քարտեզների այս կարևոր շարքի առաջին հրատարակությունն է, որը հիմք է հանդիսացել 18-րդ դարում հայտնված բազմաթիվ այլ աստվածաշնչյան քարտեզների։
«Սուրբ Երկիր» այլ կերպ՝ «Դրախտ» կամ «Եդեմի պարտեզ»
9․ Երկրային դրախտը
Այս քարտեզը պատրաստել է անգլիացի քարտեզագետ Էմանուել Բոուենը։ Այն ևս հիմնված է կրոնական հավատալիքների վրա։ Երկրային դրախտը՝ Եդեմը, ներկայացված է Հայաստանի տարածքում՝ Վան և Կապուտան լճերի միջև։ Այստեղ նշված են աստվածաշնչան դրախտից դուրս եկող չորս գետերը՝ Արաքսը (Գիհոն), Փիսոնը, Եփրատը և Տիգրիսը։ Քարտեզի կենտրոնական մասում Արարատ լեռն է։
Երկրային դրախտի քարտեզ
10․ Աշխարհացոյց Հայաստանեայց ըստ հին և նոր աշխահագրաց
18-րդ դարում Վենետիկում լույս է տեսել Հայաստանի քարտեզը, որն ըստ քարտեզագետների և աշխարհագրագետների կարելի է համարել Շիրակացու “Աշխարհացույցի” բացակայող քարտեզին փոխարինողը:
Աշխարհացոյց Հայաստանեայց ըստ հին և նոր աշխահագրաց