
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը վաճառքի է հանել Hubertus-Schlössl կոչվող իր առանձնատունը, որը գտնվում է գերմանական Բավարիա երկրամասի Թեգերնզե քաղաքում` նույնանուն լճի ափին:
Süddeutsche Zeitung-ի տվյալների համաձայն` մոտ 600 քառակուսի մետր մակերեսով եռահարկ առանձնատունը տեղակայված է 0,26 հեկտար հողատարածքի վրա: Հայտնի է, որ առանձնատունը կառուցվել է 1908 թվականին, և մի քանի տարի առաջ այն վերանորոգվել է:
Նշվում է, որ Գորբաչովի ընտանիքն արդեն ազատել է առանձնատունը. սեփականության վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալն այն գնահատել է մի քանի միլիոն եվրո:
Թեգերնզեի քաղաքապետ Քրիստիան Քյոկի խոսքով` Գորբաչովը մեկուսացած ապրելակերպ է վարել քաղաքում գտնվելու ժամանակ: Քաղաքի բնակիչները պատմել են, որ երբեմն Գորբաչովին տեսել են զբոսանքների ժամանակ կամ ռեստորաններում: Ավելի մանրամասն՝ dw.com