Խոսք հիշատակի. ԳԵՂԵՑԻԿ ԱՊՐԵՑ…
Advertisement 1000 x 90

Խոսք հիշատակի. ԳԵՂԵՑԻԿ ԱՊՐԵՑ…

Կյանքի 44-րդ գարունը չբոլորած՝ այլեւս լույսի ու հավերժի ճամփորդ է մեր սիրելի գործընկեր Սուսաննա Վանիկի Հովսեփյանը:

Սուսաննան ծնվել է 1973թ. մայիսի 29-ին Գորայք գյուղում։ Վայքում միջնակարգ կրթությունը ստանալուց հետո 1990-92 թ.թ. ուսանել է Գորիսի մանկավարժական ուսումնարանում։ 1992-1997 թ.թ. Արտավանի թերի միջնակարգ դպրոցում ու Վայքի մանկապարտեզում աշխատելուց հետո 1997թ-ից աշխատում էր Գորայքի միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար եւ երգ-երաժշտության ուսուցչուհի։ Չբավարարվելով իր գիտելիքներով՝ 2014թ-ին ընդունվել է Գորիսի պետական մանկավարժական համալսարան, ստացել բակալավրի աստիճան, ընդունվել նաև մագիստրատուրա, որը, ցավոք, չհասցրեց ավարտել։

Սուսաննա Հովսեփյանն ապրեց կարճ, բայց բովանդակալից կյանք, օժտված էր մարդկային դրական հատկանիշներով։ Չափազանց բարի էր, համեստ, համբերատար ու ներողամիտ, առաքինի։ Նրա մահով խորապես վշտացել են թե՛ հարազատ-բարեկամները, թե՛ գործընկերները, թե՛ սաներն ու նրանց ծնողները։

Բնությունը շռայլ էր նրա նկատմամբ, բախտը՝ ժլատ։ Ուներ նկարելու, նվագելու ձիրք, ի ծնե էր մանկավարժ եւ ուսուցիչ։ Սիրված դասվար էր թե՛ բնավորությամբ, թե՛ ձեռքի շնորհքներով: Նկարելու, նվագելու՝ բոլորի պատեհ-անպատեհ պահանջները կատարում էր անտրտունջ, մեղմ ժպիտով։

Մայրության բերկրանքը, ավա՜ղ, միայն իր սաների նկատմամբ վայելեց՝ նվիրելով նրանց իր հոգու  անսպառ շտեմարանում ամբարած բարու, գեղեցիկի սերմերը։ Նրա համար ոչ թե մեծ վիշտ էր իր հիվանդությունը, այլ երկու սաների՝ արտերկիր մեկնելը։

Սիրելի՛ Սուսաննա, դու հեռացար անժամանակ, բայց ապրեցիր գեղեցիկ, պարկեշտ ու պատվախնդիր, ճիշտ ու օրիակելի։ Քո փոքրիկ սիրտը հիվանդ էր, բայց մեծ էր շատ, լի էր բարությամբ, անսահման բարությամբ …Դու միշտ կհիշվես քո գործընկերների, սաների ու բոլոր ճանաչողների կողմից՝ քաղցր ու բարի հուշերով…

Գորայքի միջն. դպրոցի մանկավարժական կոլեկտիվ
vorotan.am