«Համահայկական շաբաթօրյակ»-ը բոլորին բակ է կանչում
Advertisement 1000 x 90

«Համահայկական շաբաթօրյակ»-ը բոլորին բակ է կանչում

Շրջապատող աղբից բողոքելն ու մեղքը պատասխանատու մարմինների վրա գցելը սովորական է դարձել, սակայն կան մարդիկ, ովքեր արդեն երկրորդ տարին անընդմեջ ինքնակամ դուրս են գալիս փողոց, զբոսայգի և կարգի բերում շրջակա միջավայրը: «Համահայկական շաբաթօրյակ»-ի նախաձեռնող խումբը գլխավորում է ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում կոչ արեց Հայաստանի բոլոր բնակիչներին ապրիլի 29-ին դուրս գալ բակ:

-Ինչը դրդեց 4 երեխաների հորը մի կողմ դնել ընտանիքի եկամտի աղբյուր աշխատանքը և զբաղվել շաբաթօրյակի կազմակերպմամբ, երբ յուրաքանչյուր գարուն Երևանի քաղաքապետարանը շաբաթօրյակներ և ծառատունկ է իրականացնում:

-Ես նախընտրում եմ ապրել մաքուր և հարմարավետ միջավայրում, սիրում եմ բարելավել իմ շրջակա միջավայրի պայմանները, և ինձ դուր չի գալիս աղբը, որը շրջապատում է իմ բնակավայրը: Իսկ շաբաթօրյակներին մասնակցում են փոքրաթիվ մարդիկ՝ հիմնականում պետական հաստատությունների աշխատողներն ու «Սանիտեկ»-ի տատիկները:

-Իսկ ովքե՞ր են լինելու ձեր շաբաթօրյակի մասնակցները:

– Շատ մարդիկ ֆեյսբուքյան մեր էջում նշել են իրենց մասնակցության ցանկության մասին (հոդվածի պատրաստման պահին մասնակցելու ցանկություն հայտնած և հետաքրքրություն ցուցաբերած անձանց թիվը մոտենում է 1000-ին), կայանալիք միջոցառումը մենք գովազդում ենք նաև սոցիալական գովազդի և մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված գովազդային պաստառների միջոցով: Նաև մեզ միանալու են մի շարք կազմակերպություններ, նաև ուսումնական հաստատություններ, ինչպիսիք են «Այբ» դպրոցը, ԹՈՒՄՈ-ի՝ Գյումրիի և Դիլիջանի մասնաճյուղերը:

-Որտե՞ղ է նախատեսված անցկացնել մաքրման աշխատանքները:

-Մենք հիմնականում կարծում ենք, որ պետք չէ գնալ տանից հեռու: Մեր կարգախոսն է «Դուրս արի բակ», պետք է ընդամենը դուրս գալ տան բակ, տակ կողքի փողոցը, ի վերջո՝ մուտքը և մաքրել: Սակայն գիտակցելով, որ մարդիկ նախընտրում են հավաքվել խմբերով, մենք քարտեզի վրա նշել ենք մայրաքաղաքի ինն առավել աղտոտված վայրերը, որտեղ մասնակիցները կստանան մաքրման աշխատանքների կատարման համար ձեռնոցներ, աղբի տոպրակներ և այլ պարագաներ: Ի դեպ, մեր հովանավորներից մեկը շաբաթօրյակի համար Եվրոպայից բերել է աղբահավաքման համար հատուկ ձողեր: Վերջում բոլոր մասնակիցները նվ եր կստանան կտորից պայուսակներ, որոնք հարմար են գնումներ կատարելու համար:

-Մայրաքաղաքի ո՞ր կետերում են իրականացվելու մաքրման աշխատանքները:

-Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից՝ Հրազդան գետի կիրճի տարածքում, Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում, Սարյան փողոցի կողմից Մանկական երկաթուղի տանող հետիոտն անցումի (Ձորափի փողոց), Դավթաշենի և Հաղթանակ կամրջի միջև ընկած Հրազդան գետի կիրճի, Արաբկիր զբոսայգու, Հաղթանակի զբոսայգու, Օղակաձև այգու տարածքներում:

-Որտեղի՞ց առաջացավ շաբաթօրյակի անցկացման գաղափարը:

– Անցած տարի այս օրերին, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Վովա Ղուլյանը, գրառում էր կատարել աղբի վերաբերյալ և դրան ամրացրել պաստառ, հետևյալ գրությամբ. «Համահայկական շաբաթօրյակ, ապրիլի 30-ին բոլորը դուրս գան փողոցները մաքրելու»: Անձամբ չէի ճանաչում նրան, սակայն ներշնչվեցի գաղափարով և ինքս գրեցի Երևանում աղտոտվածության վերաբերյալ՝ կոչ անելով բոլոր ծանոթներիս իսկապես դուրս գալ փողոց և մաքրություն անել: Այնուհետև պարզվեց, որ շաբաթօրյակի մտահղացման հեղինակ Վովա Ղուլյանն այդ պահին արդեն անհույս հիվանդ պառկած էր Բարսելոնայում և բժիշկները նրան մի քանի ամսվա կյանք էին տալիս:

-Ինչպիսի՞ արդյունք տվեց անցած տարվա շաբաթօրյակը:

-Ցավոք, անցած տարվա ապրիլյան պատերազմը, Հայոց ցեղասպանության տարելիցը և «Ավրորա» մրցանակաբաշխությունը նվազեցրին միջոցառման լայն գովազդման հնարավորությունը և շաբաթօրյակին մասնակցեց մոտ 200 մարդ: Սակայն կազմակերպված և կամավոր 200 մարդու աշխատանքն ավելի արդյունավետ է, քան՝ 2000 հարկադրաբար բերված մասնակիցներինը:

-Բացի մայրաքաղաքից, Հայաստանի ո՞ր բնակավայրերը կմասնակցեն շաբաթօրյակին:

– «Դասավանդի’ր, Հայաստան» կազմակերպության մոտ 40 ուսուցիչ Հայաստանի տարբեր մարզերում կանցկացնեն աղբի խնդրին վերաբերող դասեր և կկազմակերպեն դպրոցին հարող տարածքների մաքրման աշխատանքներ: Նաև «Հույսի ցուցակ» բարեգործական նախաձեռնության անդամները նմանատիպ միջոցառումներ կիրականացնեն Լոռու մարզի գյուղերում: Սակայն հույս ունենք, որ սոցիալական գովազդները կդրդեն Հայաստանի այլ վայրերի բնակիչներին ինքնակամ դուրս գալ փողոց և կարգի հրավիրել իրենց շրջակա միջավայրը:

-Բոլորին հայտնի է Հայաստանում ապօրինի աղբավայրերի խնդրի մասին, որոնք սփռվել են գյուղերի մատույցներին: Բայց արդյո՞ք գյուղերի ներսում նույնպես աղտոտված է:

-Ցավոք, գյուղերում ոչ պակաս աղտոտված է, քան մարդաշատ քաղաքներում: Կոնֆետների թղթեր, քամուց պարող պոլիէթիլենային պարկեր, դրանց ավելանում են վերը նշված ինքնաբուխ աղբավայրերը: Բավական է նայել ցանկապատերից այն կողմ և սեփական տների բակերում կարելի է տեսնել բազում անպիտան ու մոռացված իրեր՝ ծակ դույլեր, հին դահուկներ: Դրանք արդեն վաղուց պիտանի չեն, սակայն դրանցից չեն ազատվում: Իսկ չներկված ցանկապատերի ժանգը նույնպես դառնում է շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր:

-Միթե՞ Հայաստանում չկա մաքուր վայր:

-Միակ վայրը, որը աղբից ազատ է՝ Արցախն է: Ստեփանակերտում գրեթե անհնար է աղբ գտնել: Չգիտեմ, թե ինչպես են արցախցիները այդպես մաքուր պահել իրենց բնակավայրը, սակայն կարծում եմ, որ նրանից է, որ իրենք զգում են սեփական բնակավայրի տերը ու չեն ցանկանում աղտոտել այն:

Հարցազրույցը՝ Անահիտ Մինասյանի