4 տարեկանում քաղցկեղով հիվանդացած տղան այսօր դպրոց է հաճախում՝ նրա սիրելի առարկաներից է մաթեմատիկան. med.news.am
Advertisement 1000 x 90

4 տարեկանում քաղցկեղով հիվանդացած տղան այսօր դպրոց է հաճախում՝ նրա սիրելի առարկաներից է մաթեմատիկան. med.news.am

Երբ Վահեի մոտ հայտնաբերվեց սուր լիմֆոբլաստային լեյկոզ, նա ընդամենը 4 տարեկան էր: Այսօր Վահեն արդեն 8 տարեկան է. նա դպրոց է հաճախում, ընկերների հետ խաղում և ապրում սովորական երեխայի կյանքով: Միայն այն տարբերությամբ, որ ժամանակ առ ժամանակ ստիպված է անալիզներ հանձնել. առողջանալուց հետո առաջին 5 տարիներին այս անալիզներն անհրաժեշտ են համոզվելու համար, որ հիվանդությունը չի վերադառնում:

2013 թվականի մայիսին Վահեի ծնողները նկատեցին, որ նրա հետ ինչ-որ բան այնպես չէ. առանց որևէ պատճառի երեխայի ջերմությունը բարձրանում էր, իսկ դեմքը գունատվում, ասես անգույն դառնում: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վահեի հայրը՝ Սուրեն Մելքոնյանը, այս ախտանիշները նկատելով՝ իրենք երեխային բժշկի են տարել հայրենի Գյումրիում: Վահեի մոտ թոքաբորբ են կասկածել, որի դեմ էլ սկսել են նրան բուժել: Սակայն երեխայի արյան անալիզները բժշկին անհանգստացրել են, և նա ծնողներին խորհուրդ է տվել երեխային տանել Երևանի պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:

Ծնողները չեն ստիպել իրենց համոզել՝ անմիջապես երեխայի հետ Երևան են ուղևորվել, այստեղ արյան անալիզ են հանձնել: Ախտորոշումը բավական արագ է կատարվել՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Այս անալիզները հանձնել են նաև Մոսկվայի Դմիտրի Ռոգաչևի անվան  մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային գիտագործնական կենտրոնում, որտեղ ախտորոշումը հաստատվել է:

Վահեն բուժումն արդեն Հայաստանում է ստացել. 8 ամիս նա քիմիաթերապիա է ստացել Եվրոպայում օգտագործվող սխեմաներով:

Սուրեն Մելքոնյանի խոսքով՝ բուժանձնակազմն իր որդու հանդեպ անչափ ուշադիր էր՝ յուրաքանչյուր բժիշկ, յուրաքանչյուր բուժքույր, բոլորը նրա համար անում էին այն ամենը, ինչ կարողանում էին: Մեծ օգնություն ցույց տվեց նաև «Նվիրիր կյանք» հիմնադրամը, որն օգնեց թանկարժեք դեղեր ձեռք բերել, որոնք Հայաստանում չկան. ստիպված էին արտասահմանում գնել և բերել: Հիմնադրամը հիվանդ երեխաների համար նաև զվարճալի միջոցառումներ էր կազմակերպում, որոնց Վահեն մի քանի անգամ մասնակցել է: Այս բոլոր միջոցառումները, Սուրեն Մելքոնյանի խոսքով, երեխաներին օգնել են մոռանալ բուժման հետ կապված դժվարությունները և այն հեշտ հաղթահարել:

Սուրեն Մելքոնյանի կարծիքով՝ բժիշկները և բարեգործական կազմակերպությունները, ինչպիսին «Նվիրիր կյանք» հիմնադրամն է, իր որդուն երկրորդ կյանք են նվիրել. Վահեն վերապրել է, հիմա ռեմիսիայի մեջ է՝ որը հաստատելու համար տարեկան մի քանի անգամ ստիպված է անալիզներ հանձնել:

Վահեն այժմ երկրորդ դասարանում է սովորում: Դպրոցական առարկաներից նրան ամենից շատ դուր են գալիս հայոց լեզուն և մաթեմատիկան: