Հայաստանի ժայռերից մեկի վրա բնության կերտած հսկայական օձի մասին քչերը գիտեն։ Մինչդեռ այդ վայրն ինքն իրենով մեծ արժեք է ներկայացնում։
Լոռու մարզի բարձր լեռնային գոտում սփռված գեղատեսիլ Օձուն հարուստ է հետաքրքիր տեսարժան վայրերով, որոնցից յուրաքանչյուրի շուրջ մի ավանդազրույց է հյուսված։
Դրանցից մեկը կապված է ժայռի հետ, ավելի կոնկրետ`ժայռի վրա պատկերված քարե օձի, որի միջնամասից ջուր է հոսում։ Ժողովուրդն այս վայրն «Օձի պորտ է» կոչում, իսկ ջուրը բուժիչ համարում, քանի որ, տեղացիների վկայությամբ` այն հարուստ է ոսկու և արծաթի իոններով։
Հայտնի է, որ Օձունը Ամենայն Հայոց կաթողիկոս սուրբ Հովհաննես Գ (718 թվական) հայրենիքն է։ Հովհաննես Գ Օձնեցին գիտնական-աստվածաբան և իրավագետ էր, ինչի համար ժողովուրդը նրան Իմաստասեր էր կոչում։ «Օձի պորտի» ավանդազրույցը կապված է հենց նրա հետ։
XIII դարի հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրում էր, որ հանկարծակի հայտնված վիշապների դիմաց նա (Հովհաննեսը) խաչակնքում է, որից հետո վիշապներն անմիջապես քարանում են ու մինչև այսօր կան: Վիշապ օձի պորտից ջուր է բխում։
«Օձի պորտ» առաջին անգամ գնալիս`մենք հստակ պատկերացում չունեինք, թե ուր ենք գնում։ Օձունի բնակիչները մի շարք պատմություններ էին պատմում «ոսկե ջրի» բուժիչ հատկությունների մասին։
Ամենատարածված պատմությունը մի օձի մասին է, որը խայթել է մերձակայքում զբոսնող տղային։ Թվում էր, թե փրկություն այլևս չկար։ Սակայն «ոսկե ջրով» վերքը լվանալուց հետո, տղան ողջ է մնում…
Մեղվի խայթոց` օձի թույնի փոխարեն, բայց ջուրը կրկին բուժեց
Գուցե մենք սնահավատությամբ վերաբերվեինք այս պատմությանը, սակայն նախախնամությունն օգնեց մեզ հասկանալու, որ ավանդազրույցները չեն ստում…
Բաղձալի ժայռին հասնելու համար խորդուբորդ ճանապարհներով էինք գնում։ Երբ մեքենաշինության գերմանական հրաշքը հաղթահարում էր ճանապարհի բոլոր անհարթությունները, բաց պատուհանից ավտոմեքենայի մեջ մեղու մտավ և խայթեց մեր ուղեկցորդուհիներից մեկի վիզը (ինչպես գիտենք, նման դեպքերը շատ վտանգավոր են, չէ որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել)։ Խայթած տեղը սկսեց արագ ուռչել։ Ձեռքի տակ որևէ դեղամիջոց չունեինք, դրա համար որոշեցինք արագ հասնել «ոսկե ջրին», որի բուժիչ հատկությունների մասին շատ էինք լսել։
Ավտոմեքենան պետք էր կանգնեցնել և շարունակել ճանապարհը ոտքով։ Այսպես, մենք հասանք կիրճ, որի հակառակ կողմում` ժայռերի վրա, բնության կերտած հսկայական օձն էր։ Այս բնական ժայռաքանդակի կենտրոնից ջուր էր բխում։
Մենք իջանք կիրճ և հասանք աղբյուրին։ Սկզբում համտեսեցինք ջուրը. այն անսովոր, բայց հաճելի համ ուներ։ Այնուհետև որոշեցինք լվանալ մեծ չափերի հասած վերքը։ Առանց չափազանցնելու, 15 րոպե չանցած, մեղվի խայթոցից հետք անգամ չէր մնացել…
Դժվար թե սա պատահականություն լիներ։ Մենք անձամբ համոզվեցինք, որ ավանդազրույցները չեն ստում։ Հավանաբար, հաջորդ անգամ պետք է ավելի զգուշավոր լինել և ճակատագիրը փորձությունների չենթարկել…