Քանի որ սա իրական պատմություն է և նամակագրի ինքնությունն էլ՝ խմբագրությանը հայտնի, մենք դիմեցինք հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի նախագահ Անժելա Վարդանյանին: Ստորև ներկայացնում ենք նրա պատասխանը։
«Ես չեմ կարող այս հարցի լուծումը գտնել, քանի որ պրոբլեմն առաջին հերթին աղջկա ծնողների մեջ է և հնարավորության դեպքում պետք է նրանց հետ զրուցել:
Այնուամենայնիվ, երբ երեխան դառնում է սեռական էակ, ծնողը մեծ դժվարությամբ է ընդունում, որ նա այլևս իրեն չի պատկանում և արդեն պետք է թռչի: Նա վախենում է երեխային կորցնել ու մենակ մնալ: Այդ ժամանակ ծնողը հակառակ ձևով է մտածում՝ գտնելով, որ ինքը պետք է երեխային, որովհետև վերջինս դեռևս չի կարող ինքնուրույն լինել, այդպիսով նվազեցնելով երեխայի կարողությունները: Կարծում եմ՝ հարկավոր է ավելի շատ ծնողին և ոչ թե օրիորդին օգնել, քանի որ վաղ թե ուշ աղջիկը որևէ ձևով «թռչելու» է. կյանքն է այդպիսին: Բայց առավել ծանր են լինելու ծնողների ապրումները: Չէ՞ որ այդ ամբողջը կոչվում է սեր: Եթե ծնողը մտածի՝ ինչպես բարելավել իր և երեխայի հարաբերությունները, ապա անպայման մի ելք կգտնի: Այդ ժամանակ ծնողին կհանդիպեն համապատասխան մասնագետներ, որոնք նրան կբացատրեն իր վախի պատճառը: Յուրաքանչյուր ծնող թերևս մի բան է պարտավոր իր երեխային սովորեցնել՝ լինել ազատ և այս աշխարհում կարողանալ ապրել առանց ծնողների: Ծնողները վերջ ունեն, իսկ երեխաները՝ ապագա: 21-րդ դարի ծնողը ցանկանում է «անվերջ» ծնող լինել: Բայց ճուտիկներին թխսի պես թևերի տակ պահելով՝ չպետք է մոռանալ, որ երեխան արդեն ճուտիկ չէ:
Ինչ վերաբերում է եղբոր արգելքներին, նշեմ, որ երկու-երեք տասնամյակ առաջ և ավելի վաղ ես չեմ տեսել այնպիսի բան, որ տղան մոտենա աղջկա եղբորը: Նշանակում է՝ ընտանիքի հայրն այնքան թույլ է, որ չի կարող իր տղային ասել՝ դու ո՞վ ես, նա ի՛մ աղջիկն է: Իսկ երիտասարդը ցանկության դեպքում թող ինձ մոտենա: Տղաների նման վերաբերմունքը մայրերից է գալիս, հենց մայրերն են իրենց տղաներին նման արտոնություն տալիս՝ այդպիսով վանելով ամուսիններին:
Սա ընտանեկան պաթոլոգիա է, որտեղ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն իր տեղը չգիտի: Ծնողն աստված չէ, այլ միայն ծնող է: Եթե օրիորդը տանից փախչելով ամուսնանա, երջանիկ չի լինելու, քանի որ ծնողական օրհնությունը չի ստացել (ինչը նստած է մեր մեջ), և հետագայում նա ինքը կսկսի վախենալ իր երեխայի համար:
Բացի այդ, ամեն ընկերոջ չէ, որ կարելի է ծնողին ծանոթացնել: Աղջիկն ինքը պետք է որոշի, թե ո՞ւմ և ե՞րբ ծանոթացնի իր ծնողներին: Միգուցե Սարգիսը վերջապես կհասկանա, որ եղբորը դիմելու փոխարեն՝ անհրաժեշտ է Նարեի հայրիկին դիմել, հարցնելով՝ կարելի՞ է շաբաթական մեկ անգամ հանդիպել Ձեր դստերը:
Վերջապես, անհնարին ոչինչ չկա: Եղել են ու կան շատ դեպքեր, երբ աղջիկները գաղտնի կերպով հանդիպելով իրենց ընկերներին, ամուսնանում են հենց նրանց հետ:
Նարեն ինքը պետք է որոշի՝ պայքարե՞լ, թե՞ հանձնվել: Պայքարելու դեպքում անհատը դառնում է բավականին ուժեղ ու ամուր, շատ հաճախ նաև կոտրվում է:
Եվ չպետք է մոռանալ, որ մենք ինքներս ենք ընտրել մեր կյանքը, մեր օրերը: Դրանում թերևս ոչ ոք մեղավոր չէ»:
Մերի Առաքելյան
Խմբագրության տեսակետը միշտ չէ, որ համընկնում է նյութերում տեղ գտած տեսակետների հետ։
«3 Միլիոն»