Պակիստանի ոստիկանությունը կալանավորել է ութ տղամարդու, ովքեր ստիպել են 14-ամյա աղջկան առանց հագուստի անցնել Դերա-Իսմայիլ-Խանի Գարախմատ գյուղի փողոցներով: Երեխային պատժել են տեղացի աղջկա հետ նրա եղբոր սիրավեպի համար: Այս մասին ըստ life.ru-ի, հաղորդում է Daily Mail-ը:
Հոկտեմբերի 27-ին 14-ամյա աղջկան, ում անունը չի նշվում, առևանգել են նրա ազգականների աչքի առաջ: 9 չափահաս տղամարդ հարձակվել է ջրի հետևից գնացող աղջկա վրա և տարել նրան անծանոթ տուն: Այնտեղ երեխային ծեծի են ենթարկել, որից հետո հանել են նրա հագուստը և ստիպել մերկ անցնել Գարախմատ գյուղի փողոցով:
Առևանգիչները եղել են այն աղջկա ազգականները, ում հետ սիրավեպ է սկսել զոհի եղբայրը: Նրանց գործողություններին հավանություն է տվել տեղական խորհուրդը՝ այդպիսով ընտանիքի անդամները վրեժխնդիր են եղել իրենց հասցված վիրավորանքի համար: Ներկայումս ոստիկանությունը կալանավորել է առևանգման ութ մասնակիցներին, ևս մեկը հետախուզման մեջ է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք նաեւ գյուղական խորհրդի որոշմամբ ծնողների աչքի առաջ Պակիստանի բնակչուհու բռնաբարության մասին:
Ռուսաստանյան լրատվամիջոցը նշում է, որ Պակիստանի կառավարությունը հավանություն չի տալիս «պատվի դեմ հանցագործություններին», սակայն դրանք, ինչպես նախկինում, լայնորեն տարածված են ամբողջ երկրում: